Առաջիկա մի քանի ամսվա ընթացքում Հայաստանում կսկսվի առաջին<br /> արեւային էլեկտրակայանի կառուցումը<br />


Առաջիկա մի քանի ամսվա ընթացքում Հայաստանում կսկսվի առաջին
արեւային էլեկտրակայանի կառուցումը

  • 27-02-2009 23:40:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայկական «Վիասֆեր Տեխնոպարկ»-ում գործող «Տրանզիստոր Պլյուս» ընկերությունը նախատեսում է առաջիկա մի քանի ամսվա ընթացքում սկսել Հայաստանում առաջին արեւային էլեկտրակայանի կառուցումը: Այն կունենա 100 կիլովատ հզորություն: Այս մասին փետրվարի 27-ին հայտնեց ընկերության տնօրեն Գագիկ Այվազյանը` կլիմայի փոփոխությանը եւ ածխածնային արտանետումների ցածր մակարդակ ապահովող տեխնոլոգիաներին նվիրված սեմինարի ժամանակ: Նրա խոսքերով, տեխնիկական եւ բիզնես հիմնավորում ունեցող, ՀՀ Էներգետիկայի նախարարության հավանությանն արժանացած նախագիծն իրականացվելու է մի շարք կազմակերպությունների հետ համատեղ: Ըստ Գ.Այվազյանի, «Տրանզիստոր Պլյուս»-ի արեւային համակարգերի մշակումներրի համար տրվել են 4 միջազգային արտոնագրեր: Անդրադառնալով էլեկտրակայանի կառուցման համար կիրառվելիք նորարարություններին` Գ.Այվազյանը նշեց, որ օգտագործվելու են արեւի էներգիայի կուտակման ոչ թե սիլիցիումային, այլ եռաշերտ հետերոէլեմենտներ: Վերջիններս, ի տարբերություն սիլիցիումային էլեմենտների, կլանում են լույսի սպեկտրի համարյա ամբողջ տիրույթը եւ ունեն ավելի բարձր` 35-39% էֆեկտիվություն: Նախատեսվում է, որ էլեկտրակայանը կունենա հետերոէլեմենտներից կազմված 10 մոդուլ` յուրաքանչյուրը 10 կիլովատ հզորությամբ: Մոդուլները կհագեցվեն արեւի շարժին հետեւող համակարգերով, որոնց միջոցով մոդուլները կընդունեն արեւի ուղղահայաց ընկնող ճառագայթները: Ուժեղ քամու դեպքում մոդուլները կընդունեն հորիզոնական դիրք, որպեսզի նվազեցվի քամու ճնշումը մոդուլի վրա: Նախատեսվում է, որ «Տրանզիստոր Պլյուս»-ի արեւային էլեկտրակայանում արտադրված 1 վատ էլեկտրաէներգիայի ինքնարժեքը փոքր կլինի 3 դոլարից, սակայն, ըստ «Վիասֆեր Տեխնոպարկ»-ի գլխավոր տնօրեն Արամ Վարդանյանի, կան այդ ինքնարժեքը մինչեւ 1,7 դոլարի նվազեցնելու հնարավորություններ, որը մոտ կլինի Հայաստանի հիդրոէլեկտրակայաններում արտադրվող էլեկտրաէնեգիայի ինքնարժեքին: Նաեւ նշվեց, որ Հայկական ատոնակայանի կառուցվելիք էներգեբլոկի արտադրած 1 վատ էլեկտրաէներգիայի ինքնարժեքը կազմելու է 4 դոլար: Գ.Այվազյանը հայտնեց, որ արտերկրում սիլիցումային ֆոտովոլտայիկ արեւային կայաններում արտադրված 1 վատ էլեկտրաէներգիայի ինքնարժեքը ներկայումս կազմում է 5-6 դոլար: Նրա խոսքերով, «Տրանզիստոր Պլյուս»-ի արեւային համակարգերը տեղադրվել են հայկական «Բարվա» ընկերության 10 հակակակարկտային կայաններում, 2006թ.-ից «Վիասֆեր Տեխնոպարկ»-ում գործում է 5 կիլովատ հզորությամբ արեւային ջրհան կայանը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play