Հայաստանի կառավարութիւնը առաջարկում է նուազեցնել<br /> զբոսաշրջիկներին մուտքի արտօնագրի համար պետական տուրքի<br /> դրոյքաչափերը<br />


Հայաստանի կառավարութիւնը առաջարկում է նուազեցնել
զբոսաշրջիկներին մուտքի արտօնագրի համար պետական տուրքի
դրոյքաչափերը

  • 27-02-2009 17:22:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Ազգային Ժողովի մարտի 16-ին մեկնարկելիք լիագումար քառօրեայ նիստերում կքվեարկվեն փետրուարի 26-ին առաջին ընթերցմամբ քննարկված երկու օրինագծերը, որոնցով կառավարութիւնը փոփոխութիւններ եւ լրացումներ է առաջարկում «Պետական տուրքի մասին» գործող օրէնքում: Առաջին նախագծով առաջարկւում է վերացնել կնիքի եւ դրոշմակնիքի պատրաստման թույլտվություն տալու համար պետական տուրքը: Գործող օրէնքով բիւջէտային հիմնարկներից գանձւում է 3 հազար դրամ (շուրջ 10 ԱՄՆ դոլար), իրաւաբանական եւ ֆիզիկական անձանցից` 6 հազար դրամ: Ըստ հիմնական զեկուցող, էկոնոմիկայի նախարար Ներսէս Երիցյանի, կառավարութեան որդեգրած քաղաքականութեան համաձայն նախատեսւում է վերացնել կազմակերպութիւնների կնիք ունենալու պարտադիր պայմանը` այն ունենալ-չունենալու նպատակահարմարությունը որոշելու իրաւունքը վերապահելով կազմակերպութեանը: Փոփոխութիւնների երկրորդ նախագծով առաջարկւում է նուազեցնել մինչեւ 21 օր ժամկէտով Հայաստան այցելող զբոսաշրջիկներին մուտքի արտօնագիր տալու համար վճարւող պետական տուրքի դրույքաչափը` գործող 15 հազար դրամի (շուրջ 50 ԱՄՆ դոլար) փոխարէն սահմանելով 3 հազար դրամ: Նախարարի համոզմամբ, դրա շնորհիւ Հայաստանի եւ տարածաշրջանի երկրների գործող դրոյքաչափերը կդառնան համադրելի, ինչն իր հերթին կնպաստի զբօսաշրջութեան ծաւալների 3-5 տոկոս աճին: Գործող օրէնքում առաջարկուող լրացմամբ պետտուրքի դրույքաչափեր են սահմանւում նաեւ զբօսաշրջութեան բնագաւառում լիցենզիաներ տրամադրելու եւ հիւրանոցային տնտեսութեան օբյեկտների որակաւորման համար: Ըստ այդմ, զբոսավարների եւ ուղեկցորդների գործունէութեան լիցենզիաների համար տարեկան դրույքաչափը նախատեսւում է 10 հազար դրամ: Մինչեւ երեք աստղ հիւրանոցի, մոթելի իւրաքանչիւր աստղի համար պետտուրքի տարեկան դրույքաչափը նախատեսւում է 150 հազար դրամ, չորսաստղանիի համար` 200 հազար դրամ, հինգասղանիի համար` 250 հազար դրամ:
  -   Տնտեսութիւն