Հայաստանի կառավարութիւնը առաջարկում է նուազեցնել
զբոսաշրջիկներին մուտքի արտօնագրի համար պետական տուրքի
դրոյքաչափերը
27-02-2009 17:22:00 | Հայաստան | Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Ազգային Ժողովի
մարտի 16-ին մեկնարկելիք լիագումար քառօրեայ նիստերում կքվեարկվեն
փետրուարի 26-ին առաջին ընթերցմամբ քննարկված երկու օրինագծերը,
որոնցով կառավարութիւնը փոփոխութիւններ եւ լրացումներ է
առաջարկում «Պետական տուրքի մասին» գործող օրէնքում: Առաջին
նախագծով առաջարկւում է վերացնել կնիքի եւ դրոշմակնիքի պատրաստման
թույլտվություն տալու համար պետական տուրքը: Գործող օրէնքով
բիւջէտային հիմնարկներից գանձւում է 3 հազար դրամ (շուրջ 10 ԱՄՆ
դոլար), իրաւաբանական եւ ֆիզիկական անձանցից` 6 հազար դրամ:
Ըստ հիմնական զեկուցող, էկոնոմիկայի նախարար Ներսէս Երիցյանի,
կառավարութեան որդեգրած քաղաքականութեան համաձայն նախատեսւում է
վերացնել կազմակերպութիւնների կնիք ունենալու պարտադիր պայմանը`
այն ունենալ-չունենալու նպատակահարմարությունը որոշելու իրաւունքը
վերապահելով կազմակերպութեանը:
Փոփոխութիւնների երկրորդ նախագծով առաջարկւում է նուազեցնել
մինչեւ 21 օր ժամկէտով Հայաստան այցելող զբոսաշրջիկներին մուտքի
արտօնագիր տալու համար վճարւող պետական տուրքի դրույքաչափը` գործող
15 հազար դրամի (շուրջ 50 ԱՄՆ դոլար) փոխարէն սահմանելով 3 հազար
դրամ: Նախարարի համոզմամբ, դրա շնորհիւ Հայաստանի եւ տարածաշրջանի
երկրների գործող դրոյքաչափերը կդառնան համադրելի, ինչն իր հերթին
կնպաստի զբօսաշրջութեան ծաւալների 3-5 տոկոս աճին:
Գործող օրէնքում առաջարկուող լրացմամբ պետտուրքի դրույքաչափեր
են սահմանւում նաեւ զբօսաշրջութեան բնագաւառում լիցենզիաներ
տրամադրելու եւ հիւրանոցային տնտեսութեան օբյեկտների որակաւորման
համար: Ըստ այդմ, զբոսավարների եւ ուղեկցորդների գործունէութեան
լիցենզիաների համար տարեկան դրույքաչափը նախատեսւում է 10 հազար
դրամ: Մինչեւ երեք աստղ հիւրանոցի, մոթելի իւրաքանչիւր աստղի
համար պետտուրքի տարեկան դրույքաչափը նախատեսւում է 150 հազար
դրամ, չորսաստղանիի համար` 200 հազար դրամ, հինգասղանիի համար` 250
հազար դրամ: