«Սինոփսիս»-ի փոխնախագահն իր նոր դասախոսությունն առաջին<br /> անգամ ներկայացրեց Հայաստանում<br />


«Սինոփսիս»-ի փոխնախագահն իր նոր դասախոսությունն առաջին
անգամ ներկայացրեց Հայաստանում

  • 26-02-2009 22:42:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքով աշխարհում կիսահաղորդչային էլեկտրոնային սարքերի մտաւոր սեփականութեան վաճառքի ծաւալները 2009թ.-ին կնուազեն շուրջ 200 մլն դոլարով կամ 22%-ով: Այս կանխատեսումը փետրուարի 26-ին արեց կիսահաղորդիչների նախագծման եւ արտադրութեան համար ծրագրային միջոցների եւ մտաւոր սեփականութեան մշակման ոլորտի համաշխարհային առաջատար ամերիկեան «Սինոփսիս» ընկերութեան մարքեթինգի գծով փոխնախագահ եւ դրա մասնաճիւղ «Սինոփսիս Արմէնիա»-ի գլխաւոր գործադիր տնօրէն Ռիչ Գոլդմանը` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում հանդէս գալով դասախոսութեամբ: Դրա թեման էր «Կիսահաղորդաչային տնտեսութեան ներկայ ճգնաժամի պայմաններում ինտեգրալ սխեմաների նախագծերի ստուգման դերն ու կարեւորութիւնը», որն առաջին անգամ էր ներկայացւում հանրութեանը: Ռ.Գոլդմանը նշեց, որ կիսահաղորդիչների նախագծման գներն անընդհատ աճում են, եւ մեծանում են այդ ուղղութեամբ ծախսւող գումարների վերադարձի ռիսկերը. ներկայումս բիւրեղների վրայ տիպական չիփ-համակարգի նախագծման գինը ներկայումս 100 մլն դոլար է: Ըստ նրա, նախագծման գնի աճը պայմանաւորուած է ծրագրային ապահովման եւ նախագծերի ստուգման ծախսերի աճով: Կանխատեսվեց, որ կիսահաղորդիչների նախագծերի ստուգման գինը գալիք 7 տարիներին կաճի 75%-ով, եւ «Սինոփսիս»-ը նախատեսում է ակտիւացնել այդ ուղղութեամբ աշխատանքները: Ըստ ընկերութեան պաշտոնյանի, մեծանում է նաեւ նախագծման «սխալների գինը»: Նշուեց, որ 2008թ.-ին կիսահաղորդչային սարքերի նախագծման գիտահետազօտական աշխատանքների ուղղութեամբ ներդրումների վերադարձի ծաւալը ներդրումների չափը գերազանցել է 9 անգամ: Մասնաւորապէս, 32 նանոմետր տեխնոլոգիայով սարքերի նախագծման համար 100 մլն դոլար ներդրման դէպքում վերադարձի ծաւալը կարող է կազմել 400 մլն դոլար: Ընդ որում, միտումն այնպիսին է, որ այդ սարքերի ծրագրային ապահովման մշակման գնի բաժինը մեծանում է` աստիճանաբար հաւասարուելով բուն սարքերի նախագծման գնին` կապուած դրանք տարբեր տիպի սարքաւորումներում օգտագործելու հնարաւորութիւնների ընդլայնման պահանջարկի մեծացման հետ: Պատասխանելով «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հարցերին, Ռ.Գոլդմանը նշեց, որ Հայաստանում է երկօրեայ այցով, դասախոսութեամբ հանդէս է գալու նաեւ Երեւանի պետական համալսարանում, հանդիպումներ է ունենալու ՀՀ Էկոնոմիկայի նախարարի, ՀՀ նախագահի տնտեսական հարցերով գլխաւոր խորհրդականի, այս տարի «Սիլիկոնային հովտում» անցկացուելիք բարձր տեխնոլոգիաների համահայկական «Արմթեք 2006» երրորդ համաժողովի Հայաստանի կազմկոմիտէի անդամների հետ:
  -   Տնտեսութիւն