ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏՏ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՅԱՏՈՒԿ<br /> ՊԱՅՄԱՆՆԵՐ<br />


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏՏ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՅԱՏՈՒԿ
ՊԱՅՄԱՆՆԵՐ

  • 24-01-2007 17:30:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 24 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2007թ.-ին Հայաստանի Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկութիւնների միութիւնը (ԻՏՁՄ) շարունակելու է ոլորտի զարգացման յատուկ պայմաններ ստեղծելուն ուղղուած աշխատանքները: Այս մասին «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց միութեան գործադիր տնօրէն Կարեն Վարդանեանը: Նրա խօսքերով, Հայաստանում անհրաժեշտ են նշուած պայմաններն ապահովող օրենսդրական փոփոխութիւններ` գիտելիքահէնք տնտեսութիւն զարգացնելու համար: Կարեւորուեց նաեւ տեղեկատուական տեխնոլոգիաների կրթական եւ գիտահետազօտական ոլորտներում ներդրումներ կատարող ընկերութիւններին հարկային արտօնութիւնների տրամադրումը: Միութեան նախագահի գնահատմամբ, մարզերում առկայ է ՏՏ ոլորտի ստեղծած արդիւնքի կիրառման, ինչպէս նաեւ հեռահաղորդակցական ենթակառուցուածքների բացակայութեան խնդիրը: Ըստ նրա, ԻՏՁՄ-ում գտնում են, որ դրանք պէտք է զարգանան պետբիւջէի հաշուին, իսկ, ընդհանրապես, ՏՏ ոլորտի զարգացման գործընթացները պէտք է կառավարվեն համապատասխան լիազօր պետական մարմնի կողմից: Կ.Վարդանեանը յաւելեց, որ 2007թ.-ին ԻՏՁՄ-ում ծրագրում են նաեւ մշակել Միութեան անդամների բիզնես էթիկայի կանոնագիրք, աջակցել Հայաստանում նոր տեխնոպարկերի ստեղծմանը: Նշենք, որ ՏՏ ոլորտի արտադրութեան ծաւալը 2006թ.-ին կազմել է մօտ 80 մլն ԱՄՆ դոլար կամ նախորդ տարուայ համեմատ 30%-ով աւելի: Ոլորտի արտադրանքի մօտ 85%-ը արտահանւում է:
  -   Տնտեսութիւն