Առաջին ալիքը հրաւիրում է «Փառքի րոպէ» ծրագրի քասթինգին Երեւանում
20-07-2011 14:59:56 | Հայաստան | Մշակոյթ
Ռուսաստանի հայերի միութեան երիտասարդութեան հարցերով փոխնախագահ Լեւոն Մուկանեանը յայտնել է, որ ռուսաստանեան հեռուստատեսութեան Առաջին ալիքի ներկայացուցիչները ժամանում են Հայաստան «Փառքի րոպէ» հեռուստաշոուի նոր՝ վեցերորդ, սեզոնի քասթինգն անցկացնելու նպատակով:
Քասթինգի են հրաւիրւում տարբեր տարիքի եւ զբաղմունքի տաղանդաւոր անձինք, գեղարուեստական (կրկէսային, պարային, վոկալային եւ այլն) համոյթներ, ինչպէս նաեւ վառ անհատներ Հայաստանից, ովքեր պատրաստ են յաղթանակի համար պայքարել «Փառքի րոպէ» հեռուստատեսային շոուի բեմում:
«Հայաստանը միշտ հարուստ է եղել տաղանդաւոր մարդկանցով, եւ մեր նպատակը նրանց հանդիսատեսի լայն շրջանակի ներկայացնելն է: Յոյս ունենք, որ Առաջին ալիքը Հայաստանում կը գտնի բազմաթիւ վառ համարներ, իսկ հեռուստադիտողները անմոռանալի շոու կը դիտեն իրենց հեռուստաէկրաններին»,- նշում են քասթինգի կազմակերպիչները:
Քասթինգը կ'անցկացուի յուլիսի 30-ին Երեւանում, «Մոսկուայի տանը»: