Վարդան Պետրոսեան. «Ամենադժուարը զուարճալի լինելն է»


Վարդան Պետրոսեան. «Ամենադժուարը զուարճալի լինելն է»

  • 27-07-2011 19:09:09   | Հայաստան  |  Մշակոյթ

Օգոստոսի 8-9-ին Երեւանում իր նոր` «Սեռասարսափ», կինոներկայացմամբ հանդէս կը գայ դերասան Վարդան Պետրոսեանը: Ինչպէս յուլիսի 27-ի ասուլիսում նշեց Վ.Պետրոսեանը, ներկայացումը շատ աւելի ուղղուած է երիտասարդութեանը, որովհետեւ շօշափուող խնդիրները հիմնականում նրանց են վերաբերւում: «Վաղուայ ապագան այսօրուայ երիտասարադութեան ձեռքում է։ Եթէ ուզում էք իմանալ, թէ ինչպիսին է լինելու մեր երկրի ապագան, նայէք այսօրուայ երիտասարդութեանը»,- ասաց նա, յաւելելով. «Այսօր երիտասարդութիւնը իրեն լքուած է զգում, լքուած մեր` ծնողների սերնդի կողմից: Հայ երիտասարդը գտնւում է շատ մեծ հակասութեան մէջ` Արեւմուտքից գալիս է ժամանակակից ինֆորմացիան, նոր ապրելակերպը, ինչին նա ձգտում է, բայց միւս կողմից էլ գլուխ է բարձրացնում նրա աւանդապաշտութիւնը, արեւլեան մտածողութիւնը: Մեր սերունդը պիտի հասկանայ, որ երիտասարդները պէտք է այլ կերպ ապրեն»: Վ.Պետրոսեանի խօսքերով, ներկայացման մէջ շօշափւում են այնպիսի հարցեր, որոնց պատասխանները իւրաքանչիւր մարդ անընդհատ փնտրում է, բայց ինչ-ինչ պատճառներով դրանց մասին չի խօսում: «Առաջին խնդիրը ինքնախաբէութիւնն է, երբ ճիւղին նստած սղոցում ես այդ ճիւղը` առանց հասկանալու, որ այդ ճիւղը կտրուելու է եւ դու ներքեւ ես ընկնելու: Խօսւում է, թէ ինչպէս է նիւթականը մտել ամէնուր, ամէն տեսակի յարաբերութիւնների մէջ։ Կրթապաշտութեանը, օժիտի համար դիպլոմներին եմ անդրադարձել, ինչպէս նաեւ պատմական, քաղաքակական հարցերին, երիտասարդների սիրային յարաբերութիւններին եւ այլն»,- յայտնեց դերասանը: Նա մինչեւ անգամ իշխանութիւն-ժողովուրդ յարաբերութիւնները յանգեցրել է մարմնավաճառ-յաճախորդ յարաբերութիւններին: «Այս ամէնի ինչի մէջ փորձել եմ այնպիսի խորքեր գնալ, որի մասին մենք չենք խօսում: Այսօր կարծես ամէն ինչ ասուած է մամուլում: Լաւ՛, էլ ի՞նչ ասել, որ աւելի սուր լինի, քան մամուլում գրուածը: Եւ ես հասկացայ, որ սրութեան մէջ չէ հարցը, այլ` խորքերից պատասխաններ գտելու»,- անկեղծացաւ դերասանը` նշելով, որ այդ ամէնում ամենադժուարը զուարճալի լինելն է, սրութիւնը ծիծաղով ներկայացնելը: Անդրադառնալով իշխանութիւն-ընդդիմութիւն երկխօսութեանը, Վարդան Պետրոսեանը խոստովանեց, որ դեռեւս ապրիլին ներկայացման սցենարը գրելիս այդ երկխօսութեան համար օգտագործել է «շախմատային դիւանագիտութիւն» անուանումը: «Դեռեւս 2008թ.-ին ես ասում էի, որ շատ լաւ հնարաւորութիւն է ստեղծուել իշխանութիւն-ընդդիմութիւն երկխօսութեան համար, ափսոս իշխանութիւնը չօգտագործեց այդ հնարաւորութիւնը: Հիմա էլ երկխօսելու, երկիրը առաջ տանելու, այս փոսից հանելու հիանալի հնարաւորութիւն կայ, եւ ես յուսով եմ, որ դա ինչ-որ լուրջ բանի կը հասցնի»,- յայտարարեց Դ.Պետրոսեանը:
  -   Մշակոյթ