55 միլիոն ԱՄՆ դոլարով աւելացել է Հայաստանի ֆինանսաւորման հնարաւորութիւնը


55 միլիոն ԱՄՆ դոլարով աւելացել է Հայաստանի ֆինանսաւորման հնարաւորութիւնը

  • 18-08-2011 13:59:56   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Օգոստոսի 18-ի նիստի սկզբում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը կառավարութեան անդամներին տեղեկացրել է, որ նամակ է ստացել Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրէն Ասադ Ալամից։ Ներկայացնելով մանրամասները, վարչապետն ասել է. «55 միլիոն ԱՄՆ դոլարով աւելացել է Հայաստանի Հանրապետութեան ֆինանսաւորման հնարաւորութիւնը, եւ դա առաջին հերթին պայմանաւորուած է մեր վարկային պորտֆելի որակով, ինչպէս նաեւ կառավարման բարձր մակարդակով: Համաշխարհային բանկի կողմից կատարողականը գնահատուել է բարձր, եւ դա հնարաւորութիւն է տուել Համաշխարհային բանկին արտօնեալ միջոցները, որ տրամադրուելու են Հայաստանի Հանրապետութեանը, 55 միլիոն ԱՄՆ դոլարով աւելացնել: Ես, օգտուելով առիթից, ցանկանում եմ մեր կառավարութեան անունից շնորհակալութիւն յայտնել Համաշխարհային բանկի գրասենեակին, տարածաշրջանային ղեկավարին այն համագործակցութեան համար, որն առկայ է եւ այն ջանքերի համար, որ Համաշխարհային բանկի թիմը ներդնում է, որ այդ ծրագրերը Հայաստանի Հանրապետութիւնում յաջողութեամբ իրականացուեն: Մեր ընթացիկ վերահսկողութիւնը եւ որոշ բացթողումների բացայայտումները չպէտք է ստուեր գցեն ընդհանուր ծրագրի վրայ: Այդ բացայայտումները մեզ հնարաւորութիւն են տուել մշտապէս բարձրացնել Համաշխարհային բանկի հետ մեր համագործակցութեան մակարդակը: Արդիւնքում, մենք ձեզ հետ միասին, ստանալով Համաշխարհային բանկի վերլուծութիւնը, մասնաւորապէս Համաշխարհային բանկի Ծիգ-երի աշխատանքի վերաբերեալ, ռազմավարական նոր որոշում ընդունեցինք, որ այդ Ծիգ-երն ինտեգրուեն մեր նախարարութիւնների հետ: Այդ ռազմավարութիւնը մշակուել էր, հաշուի առնելով Համաշխարհային բանկի զեկոյցը, որ նրանք պատրաստել էին մեզ համար, եւ այդ զեկոյցի շնորհիւ մենք էապէս բարձրացնելու ենք եւ՛ Համաշխարհային բանկի ծրագրերի, եւ՛ մեր կառավարման համակարգի արդիւնաւէտութիւնը: Հասկանալի է, որ մեզ, ի հարկէ, ժամանակ է պէտք այդ ինտեգրացիան ամբողջութեամբ աւարտելու համար, բայց այդ աշխատանքներն այսօր ընթացքի մէջ են, ինչպէս նաեւ մենք ձեզ հետ միասին բարձրացնելու ենք այդ միջոցների բաշխման արդիւնաւէտութիւնը: Մենք ձեզ հետ միասին, հիմա ունենալով շուրջ 305 մլն ԱՄՆ դոլարի պորտֆել, պէտք է կարողանանք յստակեցնել այդ միջոցների օգտագործման ժամանակացոյցը: Համաշխարհային բանկի կողմից տրամադրուող այդ միջոցների համար ֆինանսական տարին սկսւում է յուլիսից, այսինքն` մենք ունենք որոշակի գումարներ 2011-2012 թթ., 2012-2013 թթ. եւ 2013-2014 թթ. համար: Անհրաժեշտ է, որպէսզի մեր նախարարները մինչեւ սեպտեմբերի 1-ն աւարտեն իրենց բանակցութիւնները Համաշխարհային բանկի հետ եւ վարչապետին ներկայացնեն յստակ ժամանակացոյց այդ միջոցների ծախսման ուղղութիւնների վերաբերեալ: Դա անհրաժեշտ է, քանզի մենք արդէն յստակ պատկերացում ունենք, որ 2012 թ. յուլիսից մենք ունենալու ենք շուրջ 122 մլն ԱՄՆ դոլար, եւ մենք կարող ենք 2012 թ. յուլիսից այս միջոցներն արդէն իրացնել: Դա նշանակում է, որ մինչեւ 2012 թ. յուլիսը դուք արդէն յստակ ժամանակացոյց պէտք է ունենաք եւ պայմանաւորուածութիւն Համաշխարհային բանկի հետ, որ այդ միջոցների իրացումն սկսենք հէնց յուլիսից: Դա նշանակում է, որ ծրագիրը պէտք է յստակեցուի, օբյեկտները, որոնք պէտք է կառուցուեն, բոլոր նախնական փաստաթղթերը պէտք է պատրաստ լինեն, համաձայնեցուած լինեն բոլոր գերատեսչութիւնների հետ, եւ այդ ժամանակահատուածը մենք պէտք է օգտագործենք, որ այս նախապատրաստական բոլոր աշխատանքներն աւարտենք: Խօսքը գնում է ջրի, ոռոգման համակարգի, ճանապարհաշինարարութեան, առողջապահութեան, կրթութեան, գյուղատնտեսութեան, հարկային, մաքսային եւ ֆինանսական կառավարման աւտոմատացման ոլորտների մասին: Դրա համար այսօր մենք ֆիքսում ենք յանձնարարական թուարկուած ոլորտների պատասխանատուներին, որ մինչեւ սեպտեմբերի աւարտն ինձ ներկայացուի արդէն յստակ ժամանակացոյց ըստ այս ռազմավարութեան, որ մենք Համաշխարհային բանկի հետ հաստատել ենք»:
  -   Տնտեսութիւն