Հայաստանում իրաւաբանական անձանց թիւը մէկ տարում աճել է
4,9%-ով, իսկ անհատ ձեռնարկատէրերինը` 33%-ով
02-12-2008 14:32:00 | Հայաստան | Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Արդարադատութեան
նախարարութեան Իրաւաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատէրերի
պետական ռեգիստրի գործակալութեան տուեալներով, 2008թ.-ի
յունուար-հոկտեմբերին գրանցուել են 3 հազ. 106 առեւտրային
իրաւաբանական անձինք եւ 15 հազ. 286 անհատ ձեռնարկատէրեր, որոնց
ընդհանուր թիւը 2008թ.-ի նոյեմբերի 1-ի դրութեամբ կազմել է,
համապատասխանաբար, 58 հազ. 832 եւ 64 հազ. 502: ՀՀ Ազգային
վիճակագրական ծառայութեան տուեալներով, 2007թ.-ի նոյեմբերի 1-ի
դրութեամբ գրանցուած են եղել 56 հազ. 60 իրաւաբանական անձինք եւ 48
հազ. 501 անհատ ձեռնարկատէրեր: Մէկ տարուայ ընթացքում իրաւաբանական
անձանց թիւն աճել է 4,9%-ով, իսկ անհատ ձեռնարկատէրերինը` 33%-ով:
2008թ.-ի յունուար-հոկտեմբերին լուծարուել են 819 իրաւաբանական
անձինք եւ 1 հազ. 256 անհատ ձեռնարկատէրեր:
2008թ.-ի յունուար-հոկտեմբերին գրանցուած 3 հազ. 106
իրաւաբանական անձինք կատարել են 17 մլրդ 964,97 մլն դրամի (մօտ 58
մլն 736 հազ. ԱՄՆ դոլար) ներդրումներ: Օտարերկրեայ ներդրումներով
հիմնուած 315 ձեռնարկութիւններում կատարուել են 9 մլրդ 163,05 մլն
դրամի ներդրումներ, որոնցից միայն օտարերկրեայ իրաւաբանական անձանց
եւ քաղաքացիների կողմից հիմնադրուած 187 ձեռնարկութիւններում` 7
մլրդ 103,51 մլն դրամի, իսկ 128 համատեղ ձեռնարկութիւններում` 2
մլրդ 59,53 մլն դրամի ներդրումներ: