ՀՀ 2009 Թ.-Ի ՊԵՏԲԻՒՋԷԻ ՆԱԽԱԳԾՈՎ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹԵԱՆ ՈԼՈՐՏԻՆ<br /> ՆԱԽԱՏԵՍՒՈՒՄ Է ՏՐԱՄԱԴՐԵԼ ՇՈՒՐՋ 8,7 ՄԼՐԴ ԴՐԱՄ` 2008 Թ.-Ի ՇՈՒՐՋ 8,5<br /> ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ԴԻՄԱՑ<br />


ՀՀ 2009 Թ.-Ի ՊԵՏԲԻՒՋԷԻ ՆԱԽԱԳԾՈՎ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹԵԱՆ ՈԼՈՐՏԻՆ
ՆԱԽԱՏԵՍՒՈՒՄ Է ՏՐԱՄԱԴՐԵԼ ՇՈՒՐՋ 8,7 ՄԼՐԴ ԴՐԱՄ` 2008 Թ.-Ի ՇՈՒՐՋ 8,5
ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ԴԻՄԱՑ

  • 31-10-2008 20:22:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 31-ի դրութեամբ Սեւանայ լճից օրէնքով սահմանուած 360 մլն խորանարդ մետր առաւելագոյն չափաքանակից կատարուել է 294 մլն խորանարդ մետր ջրառ: Այս մասին ՀՀ 2009թ.-ի պետական բիւջէի նախագծով ջրային տնտեսութեան ոլորտի ֆինանսաւորմանը նուիրուած խորհրդարանական մշտական յանձնաժողովների հոկտեմբերի 31-ի համատեղ նիստում յայտնեց ՀՀ կառավարութեանն առընթեր Ջրային տնտեսութեան պետական կոմիտէի նախագահ Անդրանիկ Անդրիասեանը: Յիշեցնենք, որ ընթացիկ տարուայ ամռանը ՀՀ Ազգային Ժողովը` կառավարութեան առաջարկութեամբ, երկու անգամ վերանայեց Սեւանայ լճից ջրի բացթողումների օրէնքով սահմանուած տարեկան չափաքանակը` թոյլատրելով 170 մլն խորանարդ մետրի փոխարէն մինչեւ ընթացիկ տարուայ դեկտեմբերի 1-ը լճից իրականացնել 360 մլն խորանարդ մետր ջրառ: Առանց նպատակային վարկային եւ դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում ստացւող միջոցների եւ պետական կառավարման ապարատի պահպանման ծախսերի ՀՀ 2009թ.-ի պետական բիւջէի նախագծով ջրային տնտեսութեանը նախատեսւում է յատկացնել շուրջ 8,7 մլրդ դրամ` 2008թ.-ին սահմանուած շուրջ 8,5 մլրդ դրամի դիմաց: Ոլորտում նախատեսւող հիմնական ծրագրերն են. Որոտան-Արփա-Սեւան ջրային համակարգի շահագործում, տեխնիկական վիճակի բարելաւում (275,76 մլն դրամ), ոռոգման ջրի մատակարարման ծառայութիւններ մատուցող ընկերութիւններին ֆինանսական աջակցութեան տրամադրում (5,25 մլրդ դրամ), «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի սպասարկման տարածքում խմելու ջրի մատակարարման ծառայութիւնների սուբսիդավորում (863,4 մլն դրամ), ԱՄՆ-ի «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի եւ ՀՀ կառավարութեան միջեւ վավերացրած համաձայնագրի շրջանակներում խմելու ջրի ոռոգման համակարգերի հիմնանորոգում (1,5 մլրդ դրամ), խմելու ջրի մատակարարման բարելաւում` 361,5 մլն դրամ: Բացի այդ, 2009թ.-ին ջրային տնտեսութեան ոլորտում նախատեսւում են նաեւ տարբեր նպատակային վարկային ծրագրեր, որոնցից են Լոռու մարզի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի վերականգնման ծրագիրը (Գերմանիայի զարգացման վարկերի բանկ), Շիրակի մարզի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի վերականգնման ծրագիրը (Գերմանիայի զարգացման վարկերի բանկ), Երեւանի ջրամատակարարման եւ ջրահեռացման ծառայութիւնների ծրագիրը (Համաշխարհային բանկ, Միջազգային զարգացման ընկերակցություն), Ոռոգման համակարգերի զարգացման 1-ին եւ 2-րդ ծրագրերը (Համաշխարհային բանկ, Միջազգային զարգացման ընկերակցություն), Պատվարների անվտանգութեան 1-ին եւ 2-րդ ծրագրերը (Համաշխարհային բանկ, Միջազգային զարգացման ընկերակցություն), Համայնքային ջրամատակարարման եւ ջրահեռացման ծրագիրը (Համաշխարհային բանկ, Միջազգային զարգացման ընկերակցություն):
  -   Տնտեսութիւն