«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ
ՕՐԵՐԸ
17-12-2007 17:00:00 | Հայաստան | Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Մխիթար Սեբաստացի»
կրթահամալիրում Ադրբեջանի օրերի անցկացման եւ Իրաւապաշտպանի դպրոցի
բացման նպատակը հայ եւ ադրբեջանցի աշակերտներին միմեանց աւելի
մօտիկից ճանաչելու հնարաւորութիւն ընձեռելն է: Այս մասին
դեկտեմբերի 17-ին` միջոցառման առաջին օրը, լրագրողների հետ
ճեպազրույցում յայտնեց կրթահամալիրի տնօրէն Աշոտ Բլէեանը:
Ըստ նրա, ներկայումս հայ ժողովրդի ամենակարեւոր խնդիրը բոլոր
հարեւանների հետ խաղաղութեան մթնոլորտ ստեղծելն է, ինչին նպաստում
են խաղաղարար եւ իրաւապաշտպան կառոյցները, մասնաւորապէս,
Խաղաղարար նախաձեռնութիւնների կովկասեան կենտրոնը (ԽՆԿԿ):
«Հասարակութեանը պէտք է նախապատրաստել, որպէսզի այն լինի աւելի
հանդուրժող»,- ասաց Ա.Բլէեանը: Նա նշեց, որ Իրաւապաշտպանի դպրոցի
հիմադիրների նպատակը իրաւական բնոյթի հարցեր բարձրացնելն է`
կապուած սառեցուած հակամարտութիւնների պայմաններում մարդու
իրաւունքների պաշտպանութեան հետ:
ԽՆԿԿ-ի տնօրէն Գէորգի Վանյանը յայտարարեց, որ կենտրոնը,
համագործակցելով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հետ, ձգտում է
նպաստել հայ եւ ադրբեջանցի հասարակութիւնների միջեւ կամուրջների
ստեղծմանը:
Միջոցառման շրջանակներում Հայաստան ժամանած ադրբեջանցի
հիւրերը հանդէս եկան ողջոյնի խօսքով: Մասնաւորապէս, «3-րդ
տեսակէտ» պարբերականի գլխաւոր խմբագիր Ռաուֆ Ռաջաբովը նշեց, որ
Ադրբեջանի օրերի կազմակերպիչները եւ մասնակիցները հայ-ադրբեջանական
երկխօսութեան ուղիներ են որոնում: Այդ գործընթացը, ըստ նրա, երկու
կողմերից պահանջում է արիութիւն, ազնւութիւն, արդարամտութիւն եւ
հետեւողականություն: