ԸՍՏ ԳՈՌ ՎԱՐԴԱՆԵԱՆԻ, «ԱԴԱՄԱՆԴ»-Ը ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՅԱՅՏՆԻ<br /> ՄԱՐՏԱՖԻԼՄԵՐԻՑ ՄԷԿՆ Է ԴԱՌՆԱԼՈՒ<br />


ԸՍՏ ԳՈՌ ՎԱՐԴԱՆԵԱՆԻ, «ԱԴԱՄԱՆԴ»-Ը ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՅԱՅՏՆԻ
ՄԱՐՏԱՖԻԼՄԵՐԻՑ ՄԷԿՆ Է ԴԱՌՆԱԼՈՒ

  • 07-12-2007 18:30:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Դուքենդո ֆուլ-կոնտակտ կարատեի միջազգային ֆեդերացիայի նախագահ, պրոդիւսեր, ռեժիսոր եւ դերասան Գոռ Վարդանեանը աւարտել է «Ադամանդ» հայ-ռուսական համատեղ արտադրութեան մարտաֆիլմի աշխատանքները, եւ դեկտեմբերի 10-ին այն ներկայացնի հանդիսատեսի դատին: Ֆիլմի նկարհանման աշխատանքները սկսուել էին դեռեւս 2004 թուականին, սակայն ինչ-ինչ պատճառներով դրանք ընդհատուել էին: Ֆիլմը ուղիղ մէկ տարի մոնտաժուել է ԱՄՆ-ում` տեղի յայտնի մասնագէտների կողմից: Ինչպէս դեկտեմբերի 7-ի ասուլիսում յայտնեց կինոնկարի պրոդիւսեր եւ գլխաւոր դերակատար Գոռ Վարդանեանը, մարտաֆիլմի նիւթը այս անգամ եւս ներկայացնում է բարու եւ չարի պայքարը: Իրադարձութիւնները ծավալւում են Գեղարդում, որտեղ պահւող գանձերին ուզում են տիրանալ ռուսական մաֆիոզ խմբաւորումները: Կինոնկարի սցենարի հեղինակ Արմէն Վաթյանի խօսքերով, այս ֆիլմը իր սյուժեով եւ գործողութիւններով էապէս չի տարբերւում աշխարհում ստեղծուած միւս մարտաֆիլմերից, եւ ինչպէս միշտ, «այստեղ էլ բարին յաղթում է չարին, եւ չարը պատժվում է»: Նրա գնահատմամբ, ֆիլմի գլխաւոր դերակատարներ Գոռ Վարդանեանի ու Ջամազ Աժգիրայի համատեղ աշխատանքը հետաքրքիր է ստացուել. «Երկու մարտիկները, յաղթահարելով բազում դժուարութիւններ, փրկում են մարդկութեանը կործանումից»: Գ.Վարդանեանը նշեց, որ կինոնկարում օգտագործված են մեծածաւալ «էքշըններ», որոնք իրենց որակով եւ պրոֆեսիոնալիզմով չեն զիջում յայտնի մարտաֆիլմերին: Նա վստահեցրեց, որ «կինոնկարը աշխարհում ստեղծուած յայտնի 5-6 մարտաֆիլմերից մէկն է»: 1 ժամ 20 րոպե տեւողությամբ «Ադամանդ» ֆիլմի նկարահանմանը մասնակցել են մէկ տասյնակից աւելի կասկադյորներ: Գ.Վարդանեանը նշեց, որ կինոնկարը ունի ուսուցողական նշանակութիւն պատանիների եւ դեռահասների համար, որոնք փորձում են ինքնահաստատվել կեանքում: Գոռ Վարդանեանը նշեց, որ իր համար այսօր նոյն կարեւորութիւնն ունեն ե'ւ սպորտը, ե'ւ կինոն. «առանց այդ երկուսի չեմ պատկերացնում իմ կեանքը»:
  -   Մշակոյթ