«MICROSOFT RA»-Ն ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԲՈՒՀԵՐԻ ՀԵՏ<br />


«MICROSOFT RA»-Ն ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԲՈՒՀԵՐԻ ՀԵՏ

  • 07-12-2007 15:25:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի հինգ բուհեր «Մայքրոսոֆթ» ընկերութեան հայաստանեան մասնաճիւղ «Մայքրոսոֆթ արէյ» (Microsoft RA) ընկերութեան հետ պայմանագրեր են կնքել «Տեղեկատուական տեխնոլոգիաների ակադեմիա»-ներ (ՏՏԱ) ստեղծելու մասին: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց «Մայքրոսոֆթ արէյ»-ի տնօրէն Գրիգոր Բարսեղեանը, ՏՏԱ-ներում արդէն իսկ անցկացւում են «Մայքրոսոֆթի» տեխնոլոգիաների համակարգային կառավարիչների եւ ճարտարագէտների դասընթացներ, որոնց շրջանաւարտները կստանան համապատասխան վկայականներ Microsoft Certified Systems Administrator եւ Microsoft Certified Systems Engineer մասնագիտացումներով: Նշուեց, որ ՏՏԱ-ներ հիմնադրած համալսարանները խորհրդանշական վարձաչափով ստացել են «Մայքրոսոֆթ»-ի ծրագրային փաթեթների եւ մուլտիմեդիա ռեսուրսների օգտագործման լիցենզիաներ: Ըստ Գ.Բարսեղեանի, այդ ակադեմիաներում վերապատրաստում կանցնեն նաեւ «Մայքրոսոֆթի» ուսումնական ծրագրերով դասաւանդող դասախօսների եւ դպրոցների «Ինֆորմատիկա» առարկայի ուսուցիչները: Նշուեց, որ հայկական երեք համալսարաններ բաժանորդագրուել են «Մայքրոսոֆթի» Sotware developer Network Academic Alliance ծրագրին, ինչը թոյլ է տալիս օգտուել «Մայքրոսոֆթի» բոլոր ծրագրային փաթեթների լիցենզիաներից: Վերջիններս իրաւունք են տալիս համալսարանի անսահմանափակ քանակությամբ համակարգիչների վրայ տեղադրել այդ ծրագրային փաթեթները` ուսումնական նպատակներով օգտագործելու համար: Նման իրաւունք են ստանում նաեւ դասախօսները: Բացի այդ, տրւում է նաեւ «Մայքրոսոֆթի» կայքէջերի միջոցով այդ փաթեթների նորացման անսահմանափակ հնարաւորութիւն: «Այդպիսով համալսարանը ստանում է ուսումնական պրոցեսը միջազգային մակարդակով աւտոմատացնելու հնարաւորութիւն»,- ընդգծեց Գ.Բարսեղեանը:
  -   Հասարակութիւն