Սեպտեմբերի 7-9-ին Կրինիցայում կ'անցկացուի «Եւրոպայի Տնտեսական ֆորում»-ը
05-09-2011 13:58:18 | | Քաղաքական
Այս տարի «Եւրոպայի Տնտեսական ֆորում»-ը, որը Դաւոսեան ֆորումից յետոյ համարւում է ամենախոշոր քաղաքական ու տնտեսական ֆորումը /սովորաբար մասնակցում են 3-4 հազար քաղաքական ու տնտեսական գործիչներ/, տեղի կ'ունենայ լեհական Կրինիցայ քաղաքում սեպտեմբերի 7-9-ին: Ֆորումին Հայաստանը կը ներկայանայ բաւականին հեղինակաւոր պատուիրակութեամբ:
Ֆորումի կարեւորագոյն նստաշրջաններից է «Հարաւային Կովկաս. նոր գէոքաղաքական ծաւալները» նստաշրջանը, որի նախագահ Աշոտ Գրիգորեանը Հայաստանից ներգրաւել է ԱԺ պատգամաւորներ Գիտութեան-կրթութեան եւ մշակոյթի յանձնաժողովի նախագահ Արտակ Դաւթեանին եւ «Սլաւոնական» համալսարանի պրոռեկտոր Էդուարդ Սանդոյեանին, ինչպէս նաեւ Ադրբեջանի, Վրաստանի ու Իրանի մի շարք յայտնի քաղաքական գործիչներին:
Եռամեայ պայքարից յետոյ Գրիգորեանին յաջողուել է ստեղծել նաեւ Արցախի վերաբերեալ նստաշրջան «Լեռնային Ղարաբաղ. կոնֆլիկտի լուծման հնարաւոր ճանապարհային քարտէզը եւ տարածաշրջանի ու հասարակութեան համար նրա հետեւանքները» թեմայով, որի նախագահ է նշանակուել Սլովակիայի առաջին վարչապետ Եան Չառնոգուրսկին: Այս նստաշրջանին հայկական կողմից հրաւիրուած են մասնակցելու ԱԺ պատգամաւոր,«Ժառանգութիւն» կուսակցութեան նախագահ Ռաֆֆի Յովհաննիսեանը եւ ԱԺ պատգամաւոր Արա Նռանեանը:
Հարաւային Կովկասի երկրներից աւանդաբար խոշորագոյն պատուիրակութիւնը ներկայացնում է Վրաստանը, որն այս տարի ղեկավարելու է Վրաստանի նախագահ Միխեյիլ Սաակաշուիլին:
Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին Եհմֆ-ի քարտուղարութիւնից, սովորաբար քննարկումներն անցնում են Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի պատուիրակութիւնների միջեւ:
Նշենք, որ Հայաստանի պատուիրակութիւնը ֆորումին մասնակցելու համար ժամանում է մէկ օր շուտ` լեհական սահմանի մօտ գտնուող սլովակեան Ժիլինայ քաղաքում Եւրոպայի ֆուտբոլի առաջնութեան խաղերից Սլովակիա-հայաստան վճռորոշ խաղին ներկայ գտնուելու համար: