Իւնեսկօ-ի <<Աշխարհի յիշողութիւն>> ծրագրի միջազգային ռեգիստրում գրանցուել է <<Բենիամին Մարգարեանի գալակտիկաների մասին ուսումնասիրութիւնը>>


Իւնեսկօ-ի <<Աշխարհի յիշողութիւն>> ծրագրի միջազգային ռեգիստրում գրանցուել է <<Բենիամին Մարգարեանի գալակտիկաների մասին ուսումնասիրութիւնը>>

  • 29-09-2011 14:14:04   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Իւնեսկօ-ի Գլխաւոր տնօրէնի որոշմամբ եւ Միջազգային խորհրդատուական կոմիտէի եզրակացութեան հիման վրայ Իւնեսկօ-ի <<Աշխարհի յիշողութիւն>> ծրագրի միջազգային ռեգիստրում (Memory of the World International Register) գրանցուել է աշխարհահռչակ աստղագէտ <<Բենիամին Մարգարեանի գալակտիկաների մասին ուսումնասիրութիւնը>>: Այսպիսով, <<Աշխարհի յիշողութիւն>> ծրագիրը համալրուել է հայկական երկրորդ փաստագրական ժառանգութիւնով. 1997 թուականից Հայաստանը ներկայացուած էր Մեսրոպ Մաշտոցի անուան Մատենադարանով: Ներկայումս <<Աշխարհի յիշողութեան>> Իւնեսկօ-ի միջազգային ռեգիստրն ընդգրկում է 239 անուանում մօտ 100 երկրից, որոնց շարքում են Եւրոպայի ժողովրդների ծագումը նկարագրող 13-րդ դարի Ռադզիւիլների ժամանակագրութիւնը, 18րդ դարի չինական կայսերական արխիւները, Ազգերի Լիգայի 1919-1946թթ. արխիւները, կոմպոզիտորներ Բեթհովենի, Բրամսի, Շոպենի ստեղծագործութիւնները, Նիկոլայ Կոպեռնիկոսի աշխատութիւնները եւ այլն: ինչպէս տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից, <<Բենիամին Մարգարեանի գալակտիկաների մասին ուսումնասիրութեան>> յայտը համատեղ պատրաստուել է Բիւրականի աստղադիտարանի, Իւնեսկօ-ի գործերով Հայաստանի ազգային յանձնաժողովի կողմից եւ Իւնեսկօ-ի կենտրոնակայան է ներկայացուել 2010թ: տեղեկանք: Իւնեսկօ-ի <<Աշխարհի յիշողութիւն>> ծրագիրը մեկնարկել է 1992 թուականին` աշխարհում գոյութիւն ունեցող արխիւների եւ գրադարանների արժէքաւոր հաւաքածուների անհետ կորուստը կանխելու նպատակով: Այս ծրագրի շրջանակներում գոյութիւն ունի <<Աշխարհի յիշողութեան>> Իւնեսկօ-ի միջազգային ռեգիստր: Այդ Ռեգիստրն իրենից ներկայացնում է փաստագրական ժառանգութեան ցուցակ, որի մէջ ընդգրկուած են այն փաստաթղթերը, ձեռագրերը, տեսա-հնչիւնային նիւթերն ու գրադարանային հաւաքածուները եւ արխիւները, որոնք ճանաչուել են որպէս բացառիկ նշանակութիւն ունեցող արժէքների մարմնաւորում եւ պէտք է վկայագրուեն ու պահպանուեն ամբողջ աշխարհի մարդկութեան համար:
  -   Մամլո հաղորդագրություն