Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս. «Մեր ժողովուրդն առանձնայատուկ երախտագիտութեան զգացում ունի հանդէպ Ֆրանսիան»


Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս. «Մեր ժողովուրդն առանձնայատուկ երախտագիտութեան զգացում ունի հանդէպ Ֆրանսիան»

  • 06-10-2011 20:16:41   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հոկտեմբերի 6-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցաւ Ֆրանսիայի Հանրապետութեան նախագահ Նիկոլայ Սարկոզիի եւ Հայաստանի Հանրապետութեան նախագահ Սերժ Սարգսեանի հետ: Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ողջունելով նախագահների այցը համայն հայութեան հոգեւոր կենտրոն, գոհունակութիւն յայտնեց երկու դարաւոր բարեկամ երկրների ու ժողովուրդների միջեւ ամենաբարձր մակարդակի վրայ ձեւաւորուած յարաբերութիւնների համար, որոնք առաւել զարգանում, ջերմանում եւ համագործակցութեան նոր ընդգրկում էն ձեռք բերում: Անդրադառնալով երկու ժողովուրդների պատմական կապերին` Վեհափառ Հայրապետն ընդգծեց հայ ժողովրդի հանդէպ Ֆրանսիայի ժողովրդի եղբայրական սէրն ու ջերմութիւնը, ինչի ականատեսն է եղել Ֆրանսիայ կատարած հովուապետական այցերի ընթացքում: «Ձեր այցը Հայաստան մեր երկիր ուրախութեամբ է համակել ինչպէս մեր, այնպէս եւ մեր ողջ ժողովրդի հոգին: Մեր ժողովուրդը քաջագիտակ է եւ հաղորդ, որ իր կեանքի դժուարին ժամանակներում Ֆրանսիայի ժողովուրդն իր մարդասէր ու արդարասէր էութեամբ մշտապէս աջակից է եղել իրեն », - նշեց Նորին Սրբութիւնը` երախտագիտութիւն յայտնելով հայ ժողովրդին եւ Հայաստանին ցուցաբերուող զօրակցութեան համար: Ըստ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատուական համակարգի հաղորդագրութեան, Հայոց Հայրապետն օրհնութեամբ եւ գնահատանքով ընդգծեց նաեւ Ֆրանսիայի իշխանութիւնների հոգատար վերաբերմունքը ֆրանսաբնակ հայորդիների նկատմամբ, ովքեր, վերապրելով Հայոց ցեղասպանութիւնը, քրիստոնէական լաւատեսութեամբ եւ յոյսով կարողացան իրենց հոգեւոր-ազգային կեանքը կազմակերպել Ֆրանսիայի մէջ եւ այսօր, որպէս արժանաւոր քաղաքացիներ, իրենց կարեւոր ծառայութիւնն էն բերում Ֆրանսիայի առաջընթացին եւ բարօրութեանը: «Մեր ժողովուրդն առանձնայատուկ երախտագիտութեան զգացում ունի հանդէպ Ֆրանսիան եւ իր ժողովուրդը նաեւ այն զօրակցութեան համար, որ ցուցաբերւում է Ցեղասպանութեան ահաւոր ոճրի ճանաչման եւ դատապարտման գործին, ինչպէս նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան խաղաղ կարգաւորման եւ մեր Արցախի ժողովրդի ազատ ապրելու իրաւունքի պաշտպանութեանը», - ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` շնորհակալութիւն յայտնելով Ֆրանսիայի նախագահի կողմից այդ ուղղութեամբ գործադրուող ջանքերի համար: «Մեծ պատիւ է Հայաստանում գտնուել` վկայելու մեր երկու երկրների բարեկամութիւնը », - իր հերթին ասաց Ֆրանսիայի նախագահը` ուրախութիւն յայտնելով հանդիպման առիթով: Ընդգծելով Հայ Եկեղեցու եւ նրա հովուապետերի դերը հայ ազգի ինքնութեան ու միասնութեան պահպանման գործում` պրն. Նիկոլայ Սարկոզին իր յարգանքը յայտնեց Հայ Եկեղեցուն եւ Ամենայն Հայոց Հայրապետին եւ յաջողութիւններ մաղթեց կարեւոր այդ առաքելութեան իրագործման մէջ: Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր բարեմաղթանքները բերեց Ֆրանսիայի նախագահին եւ հայցեց, որ Բարձրեալ Տէրն Իր օրհնութեան ներքոյ խաղաղութեան եւ բարօրութեան մէջ պահի ու պահպանի երկու ժողովուրդներին եւ երկրներին: Հանդիպմանը ներկայ էին Մայր Աթոռի Հրատարակչական բաժնի տնօրէն Տ. Նաթան եպիսկոպոս Յովհաննիսեանը, դիւանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրեանը, Սուրբ Էջմիածնի միաբաններ: Հանդիպման աւարտին Ամենայն Հայոց Հայրապետի առաջնորդութեամբ Ֆրանսիայի նախագահ Նիկոլայ Սարկոզին եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանն այցելեցին Մայր Տաճար, եղան Տաճարի թանգարանում, ուր նրանց ներկայացուեցին Հայ Եկեղեցու եւ հայ ժողովրդի նուիրական սրբութիւնները:
  -   Մամլո հաղորդագրություն