Մարդու իրաւունքների պաշտպանի ուղերձը լրագրողներին


Մարդու իրաւունքների պաշտպանի ուղերձը լրագրողներին

  • 10-10-2011 15:53:29   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
«Յրգելի լրագրող, Զրպարտութեան եւ վիրաւորանքի վերաբերեալ ՀՀ քաղաքացիական օրէնսգրքի դրոյթների հակասահմանադրականութեան խնդրով ես այս շաբաթ կը դիմեմ ՀՀ Սահմանադրական դատարան: Զբաղուելով մասնաւոր փաստաբանական գործունէութեամբ եւ տարիներ շարունակ դասաւանդելով տեղեկատուական իրաւունք` 2009 թուականի մարտին առաջարկեցի օրէնսդրական փոփոխութեան մի գաղափար, որի էութիւնն էր ապաքրէականացնել զրպարտութիւնն ու վիրաւորանքը եւ քաղաքացիաիրաւական պատասխանատուութիւն սահմանել այդ արարքների համար: Իրականում, իմ առաջարկը գրեթէ բառացի կրկնութիւնն էր Եւրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի 2007 թուականին ընդունուած 1577 բանաձեւի: իմ առաջարկից մէկ տարի չորս ամիս անց մի շարք պատգամաւորների նախաձեռնութեամբ ընդունուեց օրէնք, որն էականօրէն (միգուցէ դրականօրէն) տարբերւում էր իմ նախագծից: Խոնարհաբար ընդունելով իմ համոզմունքների ազատ արտայայտման համար լրագրողական համայնքում առկայ քննադատութիւնն ու բացասական վերաբերմունքը` չեմ կարող հրաժարուել հետեւեալներից. -Խօսքի ազատութիւնը շատ կարեւոր արժէք է, եւ նոյնքան կարեւոր է անձի (նոյնիսկ Ձեր չսիրած անձի) արժանապատուութիւնը եւ մասնաւոր կեանքը: -Ներկայիս օրէնսդրութիւնը հիմնականում համապատասխանում է միջազգային չափանիշներին եւ լաւ կիրառման դէպքում կարող է արդիւնաւէտ երաշխաւորել եւ խօսքի ազատութեան, եւ անձի արժանապատուութեան իրաւունքը: -Քաղաքացիական հայցերի ներկայիս քանակն ինքնին չէր վտանգի խօսքի ազատութիւնը, եթէ այդ ազատութիւնը որոշ գործերով չվտանգէր ներկայիս օրէնսդրութիւնն ապօրինի եւ անարդար կիրառող դատաւորը (այսուհետ` անօրէն դատաւոր): Օրէնքի ներկայիս կիրառումից առաջացած դժգոհութիւնները վկայում են, որ ինչպէս այլ, այնպէս էլ խօսքի ազատութեան ոլորտում անօրէն դատաւորը վարկաբեկում է լաւ օրէնքը եւ ՀՀ օրէնսդրութիւնը, վարկաբեկում է լաւ դատաւորին եւ ողջ դատական համակարգը, վարկաբեկում է մեր իշխանութեան բոլոր թեւերին ու պետութեանը: Անօրէն դատաւորի գործօնի վերացումը իմ, լրագրողի, արդար դատաւորի եւ մարդու իրաւունքներով մտահոգ ամէն անհատի գործն է: Հետեւաբար, խօսքի ազատութեան պաշտպանութեան համար այսօր իրականում անհրաժեշտ է հանրային գործուն վերահսկողութիւն օրէնքի կիրառման եւ արդարադատութեան իրականացման նկատմամբ: Այս համոզմամբ էր գրուել իմ ապրիլեան ուղերձը դատաւորներին: Այս նպատակով էր մայիսին իմ կողմից հիմնուել Տեղեկատուական վէճերի խորհուրդը: Այդուհանդերձ, հաշուի առնելով, որ իմ համոզմունքներն ու մօտեցումները կարող են ընկալուել որպէս օրէնսդրական փոփոխութեան գաղափարն առաջարկողի կանխակալութիւն, ինչպէս նաեւ հասկանալով այն պնդումը, որ օրէնքի ներկայիս կիրառումը դատարանների կողմից պայմանաւորուած է օրէնքի ոչ միանշանակ կարգաւորումներով` որոշել եմ մեր այս մտահոգութիւնները փոխանցել ՀՀ Սահմանադրական դատարանի քննութեանը: Ձեր գործի հանդէպ խորին եւ անկեղծ յարգանքով, Կարէն Անդրէասեան. ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպան»:
  -   Մամլո հաղորդագրություն