Դիարբեքիր ու Վան այցելած հայաստանյան խումբն արժանացել է անկեղծ ու տպավորիչ ընդունելության


Դիարբեքիր ու Վան այցելած հայաստանյան խումբն արժանացել է անկեղծ ու տպավորիչ ընդունելության

  • 27-10-2011 18:53:48   | Հայաստան  |  Հասարակություն
 Դիարբեքիր եւ Վան այցելած հայաստանյան 46-հոգանոց խմբի անդամները շատ անկեղծ ընդունելության են արժանացել, եւ այդ ընդունելությունը կապ չունի թուրքական ավանդական քաղաքականության հետ: Հոկտեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպմանը այսպիսի համոզմունք են հայտնել Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավոր Արագած Ախոյանն ու «Ակունք» ազգագրական համույթի գեղարվեստական ղեկավար Սարգիս Ալավերդյանը, հավելելով, որ այդ տարածքներն ավելի շատ ինքնիշխան են եւ առավելագույնս զերծ են կենտրոնական իշխանությունների ազդեցությունից: Խումբը վերջերս ներկա է գտնվել Տիգրանակերտի (Դիարբեքիրի) Սուրբ Կիրակոս եկեղեցու բացման եւ օծման արարողությանը, մինչեւ երկրաշարժը հանդիպումներ ունեցել նաեւ Վանում: «Ականատես եղանք մի փաստի. բոլոր պատմական հուշարձանների վրա, Դիարբեքիրի եւ թաղապետարանի եւ քաղաքապետարանի պատերին կային պաստառներ, որոնց վրա հայերեն գրված էր` Բարով եկաք ձեր տուն»,- նշել են ասուլիսի մասնակիցները: Ավելին, Դիարբեքիրի քաղաքապետն «Ակունքի» անդամների ընդունելության ժամանակ խոսել է նաեւ հայերեն: Իսկ Վանի քաղաքապետը երկրաշարժից մեկ օր առաջ հանդիպման ժամանակ հայտնել էր, որ իրենց համար հայերի մասնակցությունը կարեւոր է, քանի որ հայկական խումբը ոչ թե հյուր է, այլ` տանտեր: Արագած Ախոյանի գնահատմամբ, Դիարբեքիրում եւ Վանում հանդիպումները եղել են տպավորիչ. «Այն , ինչ խոսեցինք, այն, ինչ լսեցինք, բխում էր նաեւ մեր հայրենակիցների շահերից եւ մեծ հույս էր առաջացնում դեպի ապագան»,- նկատել է պատգամավորը: Ըստ ասուլիսի մասնակիցների, Վանում եւ Դիարբեքիրում ջերմ ընդունելությունը զարմացրել է անգամ ադրբեջանցի լրագրողներին: Խմբի անդամները Վանի երկրաշարժից հետո կապվել են Վանի քաղաքապետի հետ` առաջարկելով իրենց օգնությունը, վերջինս հայտնել է իր խորին շնորհակալությունը:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play