Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան ողջունում է Հայաստանի քաղբանտարկյալների ազատ արձակումը


Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան ողջունում է Հայաստանի քաղբանտարկյալների ազատ արձակումը

  • 31-05-2011 18:12:16   | Ֆրանսիա  |  Իրավունք
Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH) Հայաստանում իր անդամ կազմակերպության` Քաղաքացիական հասարակության ինստիտուտի հետ համատեղ ողջունում են Հայաստանի քաղբանտարկյալների ազատ արձակումը: «ՆՏ»-ին տրամադրած հաղորդագրությունում ասվում է. «2011թ. մայիսի 26-ին ՀՀ Ազգային ժողովը ընդունեց ,Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասինե որոշումը: Այն հնարավոր դարձրեց 2008թ. մարտի իրադարձություններից հետո ազատազրկված քաղբանտարկյալների երկար սպասված ազատ արձակումը: Համներմանը նախորդել էր նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը, որով նա ընդգծել էր 2008թ. մարտի իրադարձությունների լիարժեք քննության անհրաժեշտությունը: Միջազգային հանրությունը բազմաթիվ առիթներով կոչ է արել ՀՀ կառավարությանը դադարեցնել քաղաքական դրդապատճառներով հետապնդումները, քննության առնել 10 մարդկանց մահվան հանգեցրած իրադարձությունները եւ ազատ արձակել ձերբակալված ընդդիմադիր գործիչներին: Մեկ տարի առաջ Երեւանում կայացած Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) 37-րդ համագումարի կապակցությամբ ֆեդերացիայի անդամ բոլոր կազմակերպությունները վերահաստատեցին ֆեդերացիայի նախագահ Սուհեր Բելասենի այն հայտարարությունը, որով կոչ էր արվում իրականացնել արդյունավետ եւ վստահելի քննություն 10 մարդկանց մահվան դեպքերի շուրջ: ,Քաղբանտարկյալներին ազատ արձակելը եւ նման քննություն իրականացնելը կնշանավորեն այն, որ Հայաստանը գնում է դեպի օրենքի գերակայությունե,–նշել էր տիկին Բելասենը 2010թ-ի ապրիլին: Նույն պահանջը ներկայացվեց նախագահ Սարգսյանին 2010թ. ապրիլի 6-ին Ֆեդերացիայի բարձրաստիճան պատվիրակության հետ հանդիպման ժամանակ: Այսօր Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան եւ Քաղաքացիական հասարակության ինստիտուտը ողջունում են քաղբանտարկյալների ազատ արձակումը եւ հույս են հայտնում, որ 2008թ. մարտի դեպքերի առիթով քննություն իրականացնելու նախագահի կոչը կիրականացվի եւ այս ուղղությամբ կոնկրետ քայլեր կձեռնարկվեն: Մեր կազմակերպությունները նաեւ կոչ են անում մարտի 1-ի իրադարձությունների 10 զոհերի ընտանիքներին համարժեք փոխհատուցում տրամադրել, որին նրանք սպասում են դեռեւս 2008թ.-ից»:
Նոյյան տապան  -   Իրավունք