ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՎԱՐՏԵՑ ՄԻՆՉԵՎ 20 ՏԱՐԵԿԱՆ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ<br /> ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ<br />


ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՎԱՐՏԵՑ ՄԻՆՉԵՎ 20 ՏԱՐԵԿԱՆ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ

  • 30-09-1999 21:00:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանում ավարտվեց մինչեւ 20 տարեկան շախմատիստների աշխարհի առաջնությունը: Վճռական` 13-րդ մրցափուլը, որում, ի դեպ, շատ հաջող խաղացին գրեթե բոլոր հայ շախմատիստները, առաջնության աննկարագրելի սուր վերջաբանը դարձավ: Գրոսմայստեր Կարեն Ասրյանն իր վերջին պարտիայում, չվհատվելով նախորդ օրվա ցավալի պարտությունից` նուրբ խաղաոճով սեւերով գերազանցեց անգլիացի Նիկոլաս Պերթին, ինչը նրան 9 միավորով բրոնզե մեդալ պարգեւեց: Լեւոն Արոնյանը նույնպես նախորդ օրը պարտվել էր եւ ի պատիվ իրեն եզրափակիչ փուլում սպիտակներով հաղթեց գերմանացի Պավել Բլեմին եւ նույնպես մրցաշարն ավարտեց 9 միավորով. ավելի բարձր անհատական գործակիցը առավելություն տվեց Ասրյանին: Դա տխրելու առիթ չտվեց Լեւոնին, քանզի մեր պատանի շախմատիստը երկրորդ անգամ լրացրեց գրոսմայստերական նորման: Իսկ առաջնության հաղթող դարձավ ռուսաստանցի գրոսմայստեր Ալեքսանդր Գալկինը, որը սեւերով հաղթեց վրացի Գիորգի Բախթաձեին եւ ոչ մի պարտություն չունենալով, 10,5 միավորով փայլուն հաղթանակ տոնեց մրցաշարում: Նրանից կես միավորով ետ մնաց ուզբեկ գրոսմայստեր Ռուստամ Կասիմջանովը, որն արժանացավ արծաթե մեդալի: Հայաստանի մյուս ներկայացուցիչներից լավագույն արդյունքը ցույց տվեց Անդրանիկ Մատիկոզյանը` 7 միավոր: Արթուր Չիբուխչյանը, Գաբրիել Սարգսյանը, Վարուժան Հակոբյանը եւ վրաստանցի մեր հայրենակից Դավիթ Հարությունյանը վաստակեցին 6,5 միավոր: Պատանի Դավիթ Պետրոսյանն իր ակտիվում գրանցեց 5,5 միավոր: Կանանց մրցաշարի անսասան առաջատար` Մարիա Կուվացուն անսպասելիորեն երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց, այս անգամ անգլուհի Ջենիֆեր Շահադեից, բայց դեռեւս 11-րդ տուրից ունեցած 8,5 միավորը թույլ տվեց նրան եւս երեք շախմատիստուհիների հետ կիսել 1-4-րդ տեղը, իսկ լրացուցիչ չափանիշներով նվաճել աշխարհի չեմպիոնուհու կոչումը: Լիտվուհի Վիկտորիա Սմայլիտեն հաղթելու դեպքում կշրջանցեր Կուվացուին, սակայն պարտվեց ամերիկուհի Իրինա Կրուշին, որը հասավ առաջատարին, սակայն գործակիցների աղյուսակը նրան մղեց 4-րդ տեղը: Վերջին տուրերի հերոսուհին` չեխուհի Յանա Յասկովան վրացուհի Սոֆիո Թղեշելաշվիլուն հաղթելու դեպքում նվաճում էր չեմպիոնուհու կոչումը, նախընտրեց սեւերով ռիսկի չդիմել եւ բավարարվեց խաղաղ արդյունքով եւ նույն 8,5 միավորը նրան արծաթե մեդալ բերեց: 3-րդ տեղում է ռումինուհի Սիդոնիա Վայդան: Վերջին մրցափուլում զարմանալիորեն հաջող խաղացին Հայաստանի բոլոր շախմատիստուհիները: Նրանք բոլորը հաղթանակ տարան. Նելլի Աղինյանը վաստակեց 7,5, իսկ Լիլիթ Մկրտչյանը, Նոնա Սահակյանը եւ Մարիաննա Գասպարյանը` 7-ական միավոր: Հաջորդ նման աշխարհի առաջնությունը նույնպես տեղի կունենա Երեւանում:
Նոյյան տապան  -   Սպորտ