Կկայանա Արթուր Աբրահամի հերթական մենամարտը


Կկայանա Արթուր Աբրահամի հերթական մենամարտը

  • 15-11-2011 14:34:03   | Գերմանիա  |  Սպորտ
Գերմանիան ներկայացնող պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի առաջիկա որակավորման մենամարտը նախանշված է 2012 թվականի հունվարի 14-ին, Գերմանիայում: 2-3 որակավորման մենամարտ անցկացնելուց հետո բռնցքամարտիկը կրկին կհավակնի աշխարհի չեմպիոնի տիտղոսի նվաճմանը: Ներկայում Արթուր Աբրահամն իր պրոմոութեր Վիլֆրիդ Զաուերլանդի առաջարկով, մարզական սննդաբանի խորհրդատվությամբ քաշի նվազեցման ծրագիր է անցնում, որը ենթադրում է ե?ւ սահմանափակումներ սննդակարգում, ե?ւ մարզումների ավելացում: Առաջիկա մենամարտի ժամանակ մարզիկը մտադիր է մրցել մինչեւ 75կգ քաշային կարգում: Արթուր Աբրահամը համոզված է, որ 2012 թվականին կկարողանա վերանվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը. "Հաղթանակները հեշտ չեն տրվում, բայց եթե աշխատասեր ես, գնում ես նպատակներիդ ետեւից եւ անհաջողությունից չես ընկճվում, ապա հաղթանակն անխուսափելի է: Ես նորից կվայելեմ հաղթանակի բերկրանքը` ձեռք բերելով այն, ինչ կորցրել եմ",- հայտարարում է բռնցքամարտիկը: Արթուր Աբրահամը շարունակում է մարզչի` Ուլի Վեգների հետ նույն թիմում աշխատել: Նշենք, որ Ուլի Վեգները եւս մեծ սպասելիքներ ունի նրանից` կապված 2012-ին ռինգ վերադանալու հետ: Գերմանիայում մարզումներին զուգահեռ հայ բռնցքամարտիկը զբաղվում է հասարակական ակտիվ գործունեությամբ. մասնակցում է հանրային միջոցառումների, բարեգործական ակցիաներ է իրականացնում: Ինչպես տեղյակ եք, մեր հայրենակիցը Հայաստանում եւս իրականացնոււմ է նմանօրինակ միջոցառումներ. այս ամռանը Արթուր Աբրահամը 100 հազար եվրո արժողությամբ "Ադիդաս" ֆիրմայի նվերներ հանձնեց Երեւանի Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցին, դպրոցի սաներին եւ մարզիչներին, Հայաստանի բռնցքամարտի հավաքականին: Կարիերայի ավարտից հետո Արթուր Աբրահամը մտադիր է բռնցքամարտի դպրոց բացել Հայաստանում, որտեղ սաներին կսովորեցնեն նաեւ օտար լեզուներ: Արթուր Աբրահամը (Ավետիք Աբրահամյան) ծնվել է 1980 թվականի փետրվարի 20-ին, Երեւանում: Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում բնակվում է 2004 թվականից: ՀՀ քաղաքացի լինելուց բացի` 2005 թվականից ունի նաեւ Գերմանիայի քաղաքացիություն: Իր մարզական կարիերայի ընթացքում ունեցել է 35 մենամարտ, որոնցից 32-ում հաղթել է` համաշխարհային դասակարգման աղյուսակներում նվաճելով առաջատար հորիզոնականներ: 4 տարի անընդմեջ (2006-2010) Աբրահամը ճանաչվել է Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ: Հայոց բանակում ծառայած պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը Հայաստանի զինված ուժերի "Անդրանիկ Օզանյան" շքանշանակիր է (2007թ. հունիսի 1-ից): Այս տարի սեպտեմբերի 16-ին` ՀՀ անկախության 20 ամյակի միջոցառումների շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգեւատրվել է 1-ին աստիճանի մեդալով "Հայրենիքին մատուցած ծառայությունների համար" (Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, միջազգային մրցասպարեզներում ունեցած մեծ հաջողությունների, ձեռք բերած մարզական փայլուն նվաճումների համար):
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play