ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող, լեյտենանտ Արտակ Նազարյանի դատական նիստը


ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող, լեյտենանտ Արտակ Նազարյանի դատական նիստը

  • 21-11-2011 21:50:15   | Հայաստան  |  Իրավունք
ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող, լեյտենանտ Արտակ Նազարյանի սպանության գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա 2011թ. նոյեմբերի 23-ին, ժամը 12:00, Շենգավիթի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում (Երեւան, Արշակունյաց պողոտա 24/1): Այդ օրը դատարանում ցուցմունք կտա տուժողի իրավահաջորդը՝ Արտակ Նազարյանի մայրը՝ Հասմիկ Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ դատարանի մուտքի մոտ անձը հաստատող փաստաթուղթ են պահանջում: Դատաքննության հերթականությունը որոշվել է նախորդ նիստում՝ 16.11.2011թ.: Ըստ այդմ, նախ ցուցմունք է տալու տուժողի իրավահաջորդը, ապա՝ վկաները, այնուհետեւ՝ ամբաստանյալները, եւ վերջում հետազոտվելու են գործում առկա ապացույցները: Արտակ Նազարյանը սպանվել է 2010թ. հուլիսի 27-ին, ծառայության վայրում՝ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Չինարի գյուղից ոչ հեռու տեղակայված «Մեհրաբներ» զորամասի հսկողությանը հանձնված մարտական հենակետերից մեկում («Ղոզլու»), որի ավագն էր: ՀՀ ՊՆ Քննչական ծառայության կատարած նախաքննությունն ավարտվել է եւ գործը դատարան է մտել որպես «ինքնասպանության դրդում»: Մինչդեռ Նազարյանները պնդում են, որ նախաքննությունը կատարվել է հանցավոր թերություններով՝ ընդհուպ մինչեւ ապացույցների ոչնչացում եւ կեղծում (մանրամասները տե՛ս մամուլում Ա. Նազարյանի մոր՝ Հասմիկ Հովհաննիսյանի 28.09.2011թ. բաց նամակում՝ զինդատախազ Գ. Կոստանյանին): Քրեական գործով մեղադրվում են Արտակ Նազարյանի հինգ ծառայակիցներ՝ նրա գումարտակի ԱՏՀԱ գծով տեղակալ, կապիտան Հակոբ Մանուկյանը, հարեւան «Լույս» հենակետի ավագ, լեյտենանտ Վահագն Հայրապետյանը, Ա. Նազարյանի դասակի երեք շարքայիններ՝ Մխիթար Մխիթարյանը, Ադիբեկ Հովհաննիսյանը եւ Հարութիկ Կիրակոսյանը: Վերջինի՝ Հ. Կիրակոսյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխվել է, եւ նա հանձնված է զորամասի հսկողությանը, որտեղ շարունակում է ծառայությունը: Դատավոր՝ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սամվել Մարդանյան: Մեղադրանքը պաշտպանում է զինվորական դատախազ Հարություն Հարությունյանը: Ամբաստանյալների շահերը պաշտպանում են փաստաբաններ Լեւոն Պողոսյանը (Վ. Հայրապետյանի պաշտպան), Հրանտ Գեւորգյանը (Հ. Մանուկյանի պաշտպան), իսկ երեք շարքայինների՝ Մ. Մխիթարյանի, Ա. Հովհաննիսյանի եւ Հ. Կիրակոսյանի կողմից ներգրավված են փաստաբաններ Ազատ Շահբազյանը եւ Ալվարդ Մնացականյանը: Տուժողի իրավահաջորդն է Արտակ Նազարյանի մայրը՝ Հասմիկ Հովհաննիսյանը: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներն են փաստաբաններ Մուշեղ Շուշանյանը, Սեդա Սաֆարյանը եւ իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը: Նախորդ նիստում (16.11.2011թ.) ամբաստանյալ Հակոբ Մանուկյանի պաշտպանը անհամաձայնություն հայտնեց իր վստահորդին վերագրված մեղադրանքի հետ եւ միջնորդեց գործը վերադարձնել դատախազին, սակայն միջնորդությունը մերժվեց: Տուժող կողմը նույնպես անհամաձայնություն հայտնեց մեղադրական եզրակացությանը՝ հայտարարելով, որ ամբաստանյալները «չէին կարող Արտակ Նազարյանին ինքնասպանության հասցնել, որովհետեւ նրան սպանել են»: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը բացարկ հայտնեց դատախազին՝ բացարկը հիմնավորելով նախաքննության բազմաթիվ թերություններով եւ կեղծիքով, սակայն դատավորը մերժեց բացարկը, ինչին հետեւեց դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը, սակայն այն նույնպես մերժվեց: Մեղադրող Հարությունյանը հրապարակեց մեղադրական եզրակացությունը. հինգ ամբաստանյալներից ոչ ոք իրեն մեղավոր չճանաչեց: Տուժող կողմը դատավորին ինքնաբացարկի երկրորդ միջնորդությունը ներկայացրեց, երբ դատավորը դատաքննության հերթականությունը սահմանեց դատախազի առաջարկությամբ՝ հակառակ մնացած բոլոր մասնակիցների ցանկության: Դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ եւ իր որոշումը կհրապարակի հաջորդ նիստում՝ 23.11.2011թ.: Եթե նա բացարկ չտա, դատարանում վկայություն է տալու Արտակ Նազարյանի մայրը՝ Հ. Հովհաննիսյանը:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play