Հայաստանը 2010թ.-ին որոշ առաջընթաց է արձանագրել քաղաքական երկխոսության եւ բարեփոխումների ոլորտում


Հայաստանը 2010թ.-ին որոշ առաջընթաց է արձանագրել քաղաքական երկխոսության եւ բարեփոխումների ոլորտում

  • 27-05-2011 16:03:10   | Հայաստան  |  Քաղաքական
Եվրոպական հանձնաժողովը եւ ԵՄ Արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչը 2011թ. մայիսի 26-ին հրապարակել են «հարեւանության փաթեթը», որը ներառում է վերանայված Եվրոպական հարեւանության քաղաքականության (ԵՀՔ) մասին հաղորդագրությունը, 2010թ. զարգացումների վերաբերյալ 12 երկրների զեկույցները, ներառյալ Հայաստանի մասին, ոլորտային զեկույց, ինչպես նաեւ զեկույց Արեւելյան գործընկերության մասին: Ընդհանուր առմամբ Հայաստանը 2010թ.-ին որոշ առաջընթաց է արձանագրել քաղաքական երկխոսության եւ բարեփոխումների ոլորտում: Դրական քայլեր են ձեռնարկվել հաղթահարելու քաղաքական ճգնաժամը` աստիճանաբար ազատ արձակելով մի շարք անձանց, որոնք կալանավորվել են 2008թ. մարտի դեպքերից հետո: Լավ առաջընթաց է արձանագրվել զրպարտության ապաքրեականացման, ինչպես նաեւ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ամրապնդման առումով: Որոշ առաջընթաց է գրանցվել դատական համակարգի թափանցիկությունն ավելացնելու ուղղությամբ, սակայն ոչ մի առաջընթաց չկա դատական համակարգի անկախության առումով: Լրատվամիջոցների բազմակարծության առումով առաջընթացը շարունակում է սահմանափակված մնալ. խոսքի եւ տեղեկատվության ազատության ոլորտում փոքր առաջընթաց կա, սակայն հետագա քայլերն անհրաժեշտ են: 2010թ. առաջընթաց չի գրանցվել բանտային պայմանների բարելավման առումով: Կալանավայրերում, ոստիկանական բաժանմունքներում եւ բանակում զորակոչիկների շրջանում խոշտանգման եւ դաժան վերաբերմունքի դեպքեր են արձանագրվել, որոնք պատշաճ հետաքննության չեն ենթարկվել: Գլոբալ տնտեսական ճգնաժամով պայմանավորված խիստ անկման պայմաններում 2010թ. նոյեմբերին ԵՄ եւ Հայաստանը համաձայնություն կնքեցին 100 միլիոն եվրո ֆինանսական օժանդակության փաթեթի վերաբերյալ: Այնուամենայնիվ, ճգնաժամը խոչընդոտեց տնտեսական բարեփոխումների, աղքատության նվազեցման եւ շրջակա միջավայրի պահպանման հարցերի առաջընթացին: Ընդհանուր առմամբ, Հայաստանը վարել է խելամիտ մակրոտնտեսական քաղաքականություն եւ որոշ քայլեր ձեռնարկել տնտեսական անկման ազդեցությունը մեղմելու համար: 2010թ. Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները շարունակվել են ամենաբարձր մակարդակներում, որի արդյունքում, ի թիվս այլոց, համաձայնություն է ձեռքբերվել գերիների փոխանակման շուրջ: 2010թ. Հայաստանն առաջընթաց է արձանագրել ԵՀՔ Գործողությունների ծրագրի որոշ ոլորտներում, ներառյալ քաղաքական երկխոսության եւ բարեփոխումների ոլորտում: ԵՄ- Հայաստան Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները սկսվել են 2010թ. հուլիսին եւ այժմ հաջող ընթացքի մեջ են: Քաղաքական երկխոսություն եւ կառավարում, ներառյալ Արտաքին եւ անվտանգության ընդհանուր քաղաքականություն 2010թ. Հայաստանն ակտիվ քայլեր է ձեռնարկել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ծրագրի հայեցակարգի մշակման համար: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը շարունակում է երկրում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների իրավիճակի մշտադիտարկում իրականացնել (2010թ. այն ներկայացրել է 2 հատուկ զեկույց): Սակայն կալանավայրերում խոշտանգման եւ դաժան վերաբերմունքի դեպքերը շարունակվում են արձանագրվել, եւ ոչ մի առաջընթաց չի արձանագրվել բանտային պայմանների կամ անչափահասների գծով արդարադատության բարելավման համակարգում: Ընտրական օրենսգրքի նոր նախագիծը, որը հայաստանյան օրենսդրությունն է ավելի կհամապատասխանեցնի միջազգային պարտավորություններին, դրվել է հանրային քննարկման: Առաջընթաց է գրանցվել դատական բարեփոխումների իրականացման (2009-2011թթ. Գործողությունների ռազմավարական ծրագրին համապատասխան), մասնավորապես դատական համակարգի թափանցիկության առումով, սակայն դատական համակարգի անկախության հարցը դեռեւս լուրջ մտահոգության տեղիք է տալիս: Որոշ քայլեր են ձեռնարկվել կոռուպցիայի դեմ պայքարի գործում, ներառյալ պետական սեկտորի թափանցիկության ավելացման ուղղությամբ: Բարելավվել է խոսքի եւ տեղեկատվության ազատությունը, սակայն հեռուստատեսության եւ ռադիոյի օրենքի լրացումները քննադատության են ենթարկվել ԵԱՀԿ կողմից, քանի որ չեն ապահովում լրատվամիջոցների բազմակարծությունը: Բարելավում է արձանագրվել հավաքների ազատության հարցում: 2010թ. սեպտեմբերին Հայաստանը ստորագրել է Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին ԵԽ կոնվենցիան, եւ հաստատել է գենդերային քաղաքականության հայեցակարգը: Հայաստանը համաձայնել է միանալ ԵՄ արտաքին եւ անվտանգության ընդհանուր քաղաքականության 44 հայտարարություններից 28-ին: 2010թ. հունիսին եւ սեպտեմբերին ԵՄ եւ Հայաստանի միջեւ տեղի է ունեցել քաղաքական եւ անվտանգության կոմիտեի քաղաքական երկխոսության երկու հանդիպումներ: Տնտեսական ինտեգրում եւ առեւտուր 2010թ. տնտեսական գործունեությունը վերականգնվել է խորն անկումից: ՀՆԱ աճել է մոտ 4%-ով: Տարվա վերջում գործազրկության ցուցանիշն ընկել է 6.9%-ով: Տեղական եւ արտաքին մատակարարման ցնցումները եւ գյուղատնտեսական արտադրանքի անկումը 2010թ. նոյեմբերին սղաճը հասցրել է 9.5%-ի:Կենտրոնական բանկի տոկոսադրույքը մնացել է 7.25%։ Ճգնաժամի արդյունքում կառավարությունը հետաձգել է աղքատության նվազեցման ուղղությամբ կայուն զարգացման ծրագրի իրականացումը: 2010թ. ԵՄ հետ երկկողմ առեւտուրն աճել է, ԵՄ-ից արտահանումը դեպի Հայաստան աճել է 4.2%-ով, իսկ հայկական արտադրանքի արտահանումը դեպի ԵՄ աճել է 59.9 % (այնուամենայնիվ դրանք մնում են ցածր հավելյալ նշանակության մի շարք ապրանքատեսակներ) Հայաստանը որոշ առաջընթաց է արձանագրել խորը եւ համապարփակ ազատ առեւտրի բանակցությունների համար ԵՄ առաջարկներ իրականացման գործում: Կառավարությունը հաստատել է որակի ենթակառուցվածքի բարեփոխման ռազմավարությունը, բարելավել է մաքսային ծառայության ինստիտուցիոնալ կարողությունները, ապրանքների ազատ տեղաշարժի, սանիտարիայի եւ բուսասանիտարիայի հարցերում գրանցել առաջընթաց եւ այլն: Մարդկանց տեղաշարժի, անկանոն միգրացիայի դեմ պայքարի խրախուսում Արդարադատության, ազատության եւ անվտանգության հարցերով ԵՄ-Հայաստան ենթահանձնաժողովի առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2010թ. հուլիսին: 2010թ. նոյեմբերին Հայաստանն ընդունել է Սահմանային անվտանգության եւ սահմանների համապարփակ կառավարման ռազմավարությունը: Աշխատանքները շարունակվում են նաեւ միգրացիայի եւ ապաստանի հարցերով ազգային ծրագրի մշակման ուղղությամբ: Որոշ քայլեր են ձեռնարկվել մարդկանց թրաֆիքինգի վերացման, թմրամիջոցների եւ փողերի լվացման դեմ պայքարի ուղղությամբ: Սակայն ոչ մի առաջընթաց չի արձանագրվել ոստիկանության եւ դատական համակարգի համագործակցության, ինչպես նաեւ տվյալների պաշտպանության ոլորտում: 2010թ. մարտին մեկնարկել է Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարման ծրագիրը: Ոլորտային համագործակցություն. Օրինակներ Տրանսպորտ. Մեկնարկել է 2009-2020թթ. տրանսպորտային սեկտորի զարգացման ռազմավարության իրականացումը: Առաջընթաց է գրանցվել հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի եւ երկաթգծերի վերականգնման հարցերում: Հայաստանի Ճանապարհային անվտանգության խորհուրդը սկսել է իր աշխատանքները. կյանքի է կոչվել ճանապարհային անվտանգության ռազմավարությունը, որի արդյունքում նվազել են ճանապարհատրանսպորտային պատահարները: Էներգիա 2010թ. մայիսին Հայաստանը դիմել է Էներգետիկ համայնքի կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ստանալու համար: ԵՄ-Հայաստան էներգետիկ հարցերով ենթահանձնաժողովի առաջին հանդիպումը կազմակերպվել է 2010թ. նոյեմբերին: Հայաստանը շարունակել է Մեծամորի ատոմակայանի անվտանգության աստիճանի բարձրացմանն ուղղված աշխատանքները եւ շարունակել վարկավորել ատոմակայանի փակման ֆոնդը` նկատի ունենալով 2016թ.ատոմակայանի ծրագրված փակումը: ԵՄ շարունակում է հորդորել Հայաստանին փակել ատոմակայան հնարավորինս շուտ, մինչեւ ծրագրված ժամկետը, քանի որ Մեծամորի ատոմակայանը չի կարող արդիականացվել այնքան, որպեսզի համապատասխանի միջուկային անվտանգության միջազգային չափանիշներին: Շրջակա միջավայր Շրջակա միջավայրի Կովկասի տարածաշրջանային կենտրոնը շարունակում է գործունեություն իրականացնել, ներառյալ տեղեկավության եւ հանրային մասնակցության հարցերում: Հայաստանը վավերացրել է ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի կոնվենցիային կից շրջական միջավայրի ռազմավարական գնահատման արձանագրությունը: Հայաստանը նաեւ ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիային է ներկայացրել կլիմայի փոփոխության վերաբերյալ Ազգային երկրորդ ծրագիրը: Կրթություն Բոլոնիայի գործընթացի համատեքստում մշակվել է 2010-2015 թթ. ռազմավարական ծրագիրը: Հայաստանյան ուսանողներն ակտիվ մասնակցություն են ցուցաբերում Էրազմուս Մունդուս մագիստրոսական ծրագրերին: Բացի այդ, Երեւանի պետական համալսարանին է շնորհվել Ժամ Մոնեի միջառարկայական մոդուլը, որը կենտրոնացած է ԵՄ Կովկաս հարաբերությունների վրա: Մշակույթ. Մշակութային ծրագրի ներքո` Հայաստանը մասնակցել է 2010թ. ԵՀՔ երկրների հատուկ գործողությանը: Առողջապահություն Եվրոպական հանձնաժողովը եւ Հայաստանը հաղորդակցության ուղիներ են հաստատել հասարակական առողջության ճգնաժամային պայմաններում էպիդեմիոլոգիական տեղեկատվության փոխանակման համար: ԵՄ-Հայաստան հիմնական տվյալներ Քաղականություն Եվրոպական հարեւանության քաղաքականությունը (ԵՀՔ) համակարգում է Եվրամիության եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները: 2009թ. ի վեր ԵՄ իրականացնում է Արեւելյան գործընկերությունը` ԵՀՔ արեւելյան ուղղությունը, որի նպատակն է հարաբերությունների էական խորացումը արեւելյան 6 հարեւանների հետ հետեւյալ ուղիներով. - Երկկողմ հարաբերությունների ուղի, որի նպատակներից է Ասոցացման համաձայնագրերի կնքումը խորը եւ համապարփակ ազատ առեւտրի տարածքների հետ, այն պարագայում, երբ բոլոր պայմանները համապատասխանեցված են, ինչպես նաեւ մուտքի արտոնագրերի եւ մարդկանց տեղաշարժի հարցերում առաջընթացը - Բազմակողմ հարաբերությունների ուղի (օրինակ` միջկառավարական պլատֆորմներ եւ առաջատար նախաձեռնություններ) Այս մոտեցումը թույլ է տալիս իրականացնել հարաբերությունների քաղաքական աստիճանական մերձեցում եւ ավելի խորը տնտեսական ինտեգրում: Փաստեր եւ թվեր 1999թ - Ուժի մեջ մտավ ԵՄ-Հայաստան Գործընկերության եւ համագործակցության համաձայնագիրը 2006թ - Հաստատվեց ԵՄ-Հայաստան գործողությունների ծրագիրը 2009թ - ԵՄ Խորհրդատվական խումբը (ԵՄ կողմից ֆինանսավորված) սկսեց իր գործունեությունը` նպատակ ունենալով օժանդակել հայկական իշխանություններին իրականցնելու ԵՀՔ Գործողությունների ծրագրի հիմնական ոլորտները 2009թ - Տրանսպորտի ոլորտում երկու ծրագրերի համար Հարեւանության ներդրումների մեխանիզմը 14.6 միլիոն եվրո տրամադրեց դրամաշնորհների եւ տեխնիկական աջակցության տեսքով: Հայաստանը նաեւ կարող է օգտվել էներգետիկ եւ ֆինանսական ոլորտների համար առկա տարածաշրջանային երեք ծրագրերից, որի գումարը կազմում է 24 միլիոն եվրո 2007-2010թթ - ԵՀԳԳ փաթեթը Հայաստանի համար կազմում է 98.4 միլիոն եվրո 2011-2013թթ - Հայաստանի 2010-2013 թթ. Ազգային ինդիկատիվ նոր ծրագիրն ընդունվել է 2010թ. մարտին եւ ունի 157.3 միլիոն եվրոյի բյուջե: Ծրագիրը խթան է հանդիսանում ԵՄ-Հայաստան Գործողությունների ծրագրով սահմանված քաղաքական հիմնական նպատակների իրականցման համար եւ ունի հետեւյալ երեք առաջնահերթությունները. 1. ժողովրդավարական կառույցներ եւ լավ կառավարում, 2. առեւտուր եւ ներդրումներ, կարգավորիչ համապատասխանեցում եւ բարեփոխում, 3. սոցիալ-տնտեսական բարեփոխում եւ կայուն զարգացում։
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play