Ռաֆիկ Աթայան.«Ես, որպես գյուղացի, իմ դիրքորոշումն ունեմ` բոլորի հետ միասին պաշտպան կանգնել գյուղին, իմ գերեզմաններին, իմ հայրենիքին, իմ հողին»


Ռաֆիկ Աթայան.«Ես, որպես գյուղացի, իմ դիրքորոշումն ունեմ` բոլորի հետ միասին պաշտպան կանգնել գյուղին, իմ գերեզմաններին, իմ հայրենիքին, իմ հողին»

  • 16-12-2011 12:49:33   | Հայաստան  |  Իրավունք
Սյունիքի մարզի Քաջարանի համայնքապետ Ռաֆիկ Աթայանը հրաժարական է ներկայացրել: Նա չի ստորագրում այն համաձայնագիրը, որով գյուղի 27 հա տարածքը հանձնվում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմիբինատին: Գյուղապետը վստահ է, որ այդ համաձայնագիրը կդառնա ամբողջ գյուղի հարկադիր տարհանման պատճառ: Դեկտեմբերի 14-ին «Էկոլուրը» հաղորդագրություն էր տարածել, որ Սյունիքի մարզի Քաջարան գյուղի գյուղապետ Ռաֆիկ Աթայանին տարել են ոստիկանություն, որտեղ նա մնացել է մի քանի ժամ եւ երեկոյան ազատ արձակվել: Ռաֆիկ Աթայանը www.hra.am –ին հայտնեց, որ ինքը ոչ թե ոստիկանությունում է եղել, այլ` մարզպետարանում: «Ինձ կանչել էին մարզպետարան, բոլոր կողմերից իշխանությունները շատ խիստ ձեւով ճնշումներ էին գործադրում, որպեսզի ես ստորագրեմ պայմանագիրը: Ասում էին` պայմանագիրը պիտի պարտադիր ստորագրվի: Ես էլ պայմանագիրը չեմ ստորագրել, ոչ էլ կյանքում կստորագրեի: Գրել եմ իմ հրաժարականը գյուղապետի պաշտոնից, այսօր էլ կգնամ «Հանրապետական» կուսակցությունից հրաժարական կգրեմ»,- հեռախոսով մեզ հաղորդեց Աթայանը: Նա անուններ չնշեց, միայն ասաց, որ ճնշում գործադրողները «իշխանություններից էին»: Ռաֆիկ Աթայանը եւս մեկ անգամ հայտարարեց, որ ինքը չի հրաժարվելու Քաջարանի համար պայքարից: «Ես, որպես գյուղացի, իմ դիրքորոշումն ունեմ` բոլորի հետ միասին պաշտպան կանգնել գյուղին, իմ գերեզմաններին, իմ հայրենիքին, իմ հողին: Պատրաստ եմ մինչեւ վերջ արյուն թափել»,- ասում է Ռաֆիկ Աթայանը: Հիշեցնենք, որ քաջարանցիները պայքար են սկսել ընդդեմ ՀՀ Կառավարության 2011թ. ապրիլի 28-ի թիվ 627-Ն որոշման, որով Սյունիքի մարզի վարչական սահմաններում, այդ թվում՝ Քաջարանում, գյուղատնտեսական նշանակության հողերից 181,7 հա տարածք ճանաչվել է բացառիկ՝ հանրային գերակա շահ: Քաջարանցիները ահազանգում են, որ տարբեր սպառնալիքներով եւ ճնշումներով իշխանություններն ուզում են ստիպել գյուղապետին ստորագրել համաձայնագիր, որով Քաջարանի հողերից 27 հա կհանձնվի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմիբինատին: Գյուղապետը հրաժարվում է ստորագրել` հայտարարելով, որ դա կդառնա ամբողջ գյուղի հարկադիր տարհանման պատճառ: Մերի Ալեքսանյան Աղբյուրը` www.hra.am
Նոյյան տապան  -   Իրավունք