ՋՐՀԵՂԵՂԸ ՈՂՈՂԵԼ Է ԱՄՆ-Ի ԱՐԵՎԵԼՅԱՆ ԱՓԸ, ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔԵՐԸ
ԱՎԵԼԱՆՈՒՄ ԵՆ
23-01-1996 15:05:00 | Հայաստան | Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, հունվ 23 (ՆՏ-DPA)
Հալվող ձյունը եւ սառույցը, խառնվելով հորդառատ անձրեւների
հետ, երկուշաբթի օրը վարարեցրին ԱՄՆ-ի արեւելյան մասում գտնվող
խոշոր գետերը, որի հետեւանքով գոյացավ վերջին տասնամյակում
ամենաավերիչ ջրհեղեղը: Փենսիլվանիա նահանգում, որտեղ մոտ 100000
մարդ էվակուացվել է իրենց տներից, եղած 50-ից ավելի
կոմսությունների (տեղական ինքնավարության շրջանների) երեք քառորդից
ավելին հայտարարվել է աղետի գոտի, իսկ Արեւմտյան Վիրջինիայում
վթարային վիճակում են 29 կոմսություն: Պիթսբուրգ ցածրադիր քաղաքի
որոշ մասեր հայտնվեցին ջրի տակ, երբ Մոնոնգահելա եւ Ալեջենսի
գետերը դուրս եկան իրենց ափերից: Ավերվել են մի շարք պատմական տներ
Հարիսբերգում (Փենսիլվանիա նահանգ): Վաշինգտոնում Պոտոմակ գետն
համարյա երկու մետր բարձրացել է իր մակարդակից` ողողելով
ճանապարհները, ստորգետնյա ավտոտնակները եւ մեկուսացնելով Նեշնլ
Օդանավակայանը, իսկ քաղաքի ու արվարձանների շատ տարածքներ դարձրել
է փոքրիկ լճակներ: Առնվազն 35 մահվան դեպք է գրանցվել ջրհեղեղի,
սառցակալման, սառնամանիքի, հորդառատ անձրեւների եւ անցյալ շաբաթվա
վերջում տեղի ունեցած հանկարծակի հալոցքի պատճառով, որն ընդգրկել է
8 նահանգներ: Նյու-Յորքում հինգ մարդ է զոհվել է այն բանի
հետեւանքով, որ հեղեղը ճանապարհից քշել եւ ջրամբարն է գցել այն
մեքենան, որում գտնվել են նրանք: