ԿԼԱՈՒՍ ՔԻՆԿԵԼԸ ԿՔՆՆԱՐԿԻ ՉԵՉԵՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
ՊՐԻՄԱԿՈՎԻ ՀԵՏ
19-01-1996 15:40:00 | Հայաստան | Միջազգային
ՄՈՍԿՎԱ-ԲՈՆՆ, հունվ 19 (ՆՏ-DPA) Գերմանիայի արտաքին գործերի
նախարար Կլաուս Քինկելը հունվարի 27-ին մեկօրյա այցով կգա
Մոսկվա`քննարկելու չեչենական ճգնաժամը իր ռուս գործընկերոջ` Եվգենի
Պրիմակովի հետ, հաղորդել է Մոսկվայի գերմանական դեսպանատունը
հինգշաբթի օրը:
Հանդիպման մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվել
Գերմանիայի կանցլեր Հելմուտ Կոլի եւ Ռուսաստանի նախագահ Բորիս
Ելցինի միջեւ կայացած հեռախոսազրույցի ժամանակ, որի ընթացքում
Ելցինը Կոլին հաղորդել է չեչենական խռովությունների դեմ ձեռնարկված
ռազմական միջոցառումների մասին: Բոննի Արտաքին գործերի գրասենյակը
հաղորդել է, որ Քինկելի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ
Պրիմակովը եւս շեշտը դրել է ռուսական արտաքին քաղաքականության
անփոփոխության վրա: Պրիմակովը նշել է, որ ոչ մի փոփոխություն չի
լինելու ժողովրդավարության հաստատման եւ տնտեսական բարեփոխումների
գործընթացում: Հաղորդման մեջ նշվում է, որ հեռախոսազրույցի ժամանակ
Քինկելը «խոր մտահոգություն» է արտահայտել Չեչնիայում աճող
լարվածության կապակցությամբ եւ քաղաքական լուծման կոչ է արել: