Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը կքննարկվի Իսրայելի խորհրդարանի կրթության հանձնաժողովում


Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը կքննարկվի Իսրայելի խորհրդարանի կրթության հանձնաժողովում

  • 18-05-2011 22:32:03   | Իսրայել  |  Քաղաքական
ՀՅԴ Հայ Դատի Երուսաղեմի հանձնախումբը տեղեկացնում է, որ այսօր Իսրայելի խորհրդարանը (Կնեսետը) քննարկեց Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը խորհրդարանի կրթության հանձնաժողովին փոխանցելու` «Մերեց» կուսակցության (պատգամավոր Զահավա) առաջարկը: Նիստին մասնակցող 20 պատգամավորները, նաեւ կառավարության ներկայացուցիչները միաձայն որոշել են հարցը փոխանցել կրթության հանձնաժողովին: ՀՅԴ Հայ Դատի Երուսաղեմի հանձնախումբի ներկայացուցիչ Հակոբ Սեւանի գնահատմամբ, այս որոշումը դրական տեղաշարժ է: Հիշեցնենք, որ նախկինում խորհրդարանը որոշել էր հարցը քննարկել պաշտպանության եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, որն իր նիստերը գումարում է դռնփակ: Մտահոգությունն այն էր, որ նման պայմաններում հարցը քննարկման դնելով, հանձնաժողովը Ցեղասպանության հարցի ճանաչման վերաբերյալ կարող է խորհրդարանին բացասական կարծիք տալ: Ըստ ՀՅԴ Մամլո դիվանի հաղորդագրության, ավելի քան կես ժամ տեւած այսօրվա քննարկմանը մասնակցել են տարբեր կուսակցությունների պատգամավորներ: Արտաքին գործերի նախարարության տեսակետը փոխանցել է կրոնի նախարարը` հայտնելով, թե հարցը պետք է պահել պաշտպանության եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, եւ Իսրայելը պետք է աջակցի Հայաստան-Թուրքիա երկխոսությանը: Միաժամանակ, նախարարը հայտնել է իր անձնական տեսակետը, որ ժամանակն է այս հարցի մասին հստակ որոշում կայացնել եւ այդ նպատակով հարցը փոխանցել կրթության հանձնաժողովին: Ելույթ է ունեցել նաեւ վարչապետի «Լիքուդ» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Զեեւ Էլկինը, որը եւս կողմ է արտահայտվել հարցը կրթության հանձնաժողով փոխանցելու առաջարկին: Բոլոր ելույթ ունեցողները, ներառյալ` խորհրդարանի նախագահը, կողմ են արտահայտվել առաջարկին: Նրանք շեշտել են, որ Թուրքիայի հետ Իսրայելի հարաբերությունները չպետք է պատճառ դառնան, որ Իսրայելը չճանաչի պատմական իրողությունը: Խորհրդարանի նիստին ներկա են եղել Հայ Դատի Երուսաղեմի հանձնախմբի ներկայացուցիչներ Հակոբ Սեւանը, Ժորժետ Ավագյանը եւ ուրիշներ, ովքեր հայտնել են, որ Հայ Դատի հանձնախումբը շարունակելու է աշխատել այս ուղղությամբ: Հիշեցնենք, որ ապրիլի վերջերին ՀՅԴ Բյուրոյի անդամ եւ ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական խորհրդի ատենապետ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, Հայ Դատի Երուսաղեմի հանձնախմբի ներկայացուցիչների ընկերակցությամբ, հանդիպումներ էր ունեցել Իսրայելի խորհրդարանական կուսակցությունների` Սոցինտերնի անդամ «Մերեց» եւ Աշխատավորական կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Նա նաեւ հանդիպել էր Սոցինտերնի անդամ պաղեստինյան ՖԱԹՀ կազմակերպության արտաքին կապերի պատասխանատուի հետ, ինչպես նաեւ Իսրայելի «Լիքուդ» կուսակցության խմբակցության ղեկավար Զեեւ Էլկինի հետ:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play