Հարցազրույց «Սիվիլիթաս» հիմնադրամին նախագահ, նախկին ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի հետ


Հարցազրույց «Սիվիլիթաս» հիմնադրամին նախագահ, նախկին ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի հետ

  • 11-03-2011 19:11:02   | Հայաստան  |  Հարցազրույցներ
Պարոն Օսկանյան, այսօր Հայաստանի կառավարության համար հիմնական մարտահրավերը գնաճն է ու դրա զսպումը: Կառավարությունն առաջարկում է լրացում կատարել «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում, որի նպատակը առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճի զսպումն է: Վարչապետն ընդունել է, որ նման պրակտիկան ցանկալի չէ, հազվադեպ է կիրառվում, բայց մյուս կողմից՝ դա ունենում է դրական ազդեցություն շուկայի մասնակիցների վրա: Կարծում եք՝ օրենսդրական այս նոր գործիքը կաշխատի՞: Չեմ կարծում, որ կառավարությունը ճիշտ մոտեցում է որդեգրում: Գների զսպման հարցում պետական միջամտությունը երբեք արդյունավետ չի եղել: Հակառակը, նման մոտեցումը կարող է շատ վատ հետեւանքներ ունենալ շուկայի հավասարակշռության վրա: Կառավարությունը պետք է գնա ոչ թե օրենսդրական, այլ բարեփոխումների ճանապարհով: Սղաճը, ըստ էության, ունի երկու աղբյուր` ներքին եւ արտաքին: Երկրի ներսում, երբ պահանջարկն առաջարկից մեծ է, գները, բնականաբար, բարձրանում են: Սակայն, այսօր Հայաստանում այդ վիճակը չէ. պահանջարկը ցածր է, տնտեսությունը շատ դանդաղ է աճում, գնողունակությունը նույնպես շատ ցածր է: Մի խոսքով, Հայաստանը գտնվում է ստագֆլյացիայի մեջ, այն է` սղաճ նվազագույն աճի պայմաններում: Հայաստանի սղաճը գալիս է դրսից: Քանի որ համաշխարհային գներն աճում են, եւ մենք իրոք մեծ կախվածության մեջ ենք ներկրվող ապրանքներից, դա անդրադառնում է մեզ վրա: Սակայն նվազագույնը, ինչ կարող է անել Հայաստանի կառավարությունը, բոլորիս համար կենսական նշանակություն ունեցող ապրանքների հանդեպ մենաշնորհային իրավունքների վերացումն է: Եթե լինի մրցակցություն այնպիսի առաջնահերթ ապրանքների դաշտում, ինչպիսիք են սննդամթերքը եւ վառելիքը, ապա գնաճը պայմանավորված կլինի մրցակցությամբ, իսկ գների արտառոց աճը կսանձվի: Փաստորեն, Դուք ասում եք, որ մենաշնորհների վերացման դեպքում կվերանան նաեւ մեր բոլոր խնդիրները: Մենաշնորհները խնդրի միայն մի մասն են: Տնտեսությունը շատ ավելի բարդ է: Տնտեսական պատկերը բազմատարր է եւ փոխկապակցված: Եթե խնդիրը դիտարկենք մակրոտնտեսական տեսանկյունից, ապա կտեսնենք, որ այսօր կառավարության առջեւ ծառացել է չորս խնդիր: Առաջինը, վերականգնել մակրոտնտեսական կայունությունը: Այսինքն` մեր ազգային պարտքը եւ բյուջեի դեֆիցիտը բերել ավելի կայուն մակարդակի: Այսօր մեր ազգային պարտքը եւ բյուջեի դեֆիցիտը անցել են ընդունելի սահմանները: Երկրորդ խնդիրը աճի խթանումը եւ աղքատության կրճատումն է: Ներկայիս տնտեսական աճի մակարդակը, եթե հաշվի առնենք 2009 թվականի 14 տոկոսանոց անկումը, վտանգավոր ցածր է: Այսպիսի տեմպով ընթանալու դեպքում, նախկին դիրքերը հետ նվաճելու համար երկար ժամանակ կպահանջի: Աղքատությունը 40 տոկոսի սահմաններում է, սա աղետալի է: Դա նշանակում է, որ եւս ավելի քան 200 հազար մարդ ապրում է ավելի հուսահատ ու ծանր պայմաններում, քան ասենք, երեք տարի առաջ: Երրորդ, կառավարությունը պետք է կրճատի նաեւ արտաքին անհավասարակշռությունը: Տարբերությունը ներմուծումների եւ արտահանումների միջեւ կազմում է ՀՆԱ-ի 29 տոկոսը: Սա չափազանց մեծ թիվ է: Եվ չորրորդ, լուրջ ինստիտուցիոնալ բարեփոխումներն անհրաժեշտություն են: Ահա այստեղ է, որ հնարավոր է լուծել մենաշնորհների խնդիրը: Վերոնշյալ խնդիրների միաժամանակյա լուծումը կառավարությանը կկանգնեցնի մի քանի երկընտրանքների առաջ: Օրինակ, ազգային պարտքի եւ բյուջեի դեֆիցիտի նվազեցումը պահանջում են գործողություններ, որոնք հակասության մեջ են մտնում աճի խթանման համար անհրաժեշտ քայլերի հետ: Երկրորդ երկընտրանքը. արտաքին անհավասարակշռության նվազեցումը ենթադրում է այլ քայլերի կողքին, նաեւ ազգային դրամի արժեզրկում: Դա հակասում է սղաճը սանձելու քայլերին: Երրորդ երկընտրանքը. այսօր պահանջվող բարեփոխումների բնույթը եւ ծավալը առաջին հայացքից հակասում է օլիգարխների շահերին: Այդպիսով, մենք չենք կարող առաջ շարժվել առանց հանգուցալուծումների: Սակայն ելնելով ներքին քաղաքական իրավիճակից եւ կառավարության ու բիզնեսի միջեւ առկա չափազանց սերտ կապերից, ինչպես նաեւ շուկայական տնտեսության անկատարությունից՝ գրեթե անհնար է դառնում քանդել այդ կապերը: Ուրեմն վերջ: Արդյո՞ք սա փակուղի է, եւ արդյո՞ք այս խնդիրները միայն մեզ են հատուկ: Տնտեսական ճգնաժամից հետո այլ երկրներ չե՞ն դիմակայում նմանատիպ խնդիրների: Բացառությամբ օլիգարխիային վերաբերող խնդրից, երբ տնտեսական եւ քաղաքական իշխանությունը գտնվում է մարդկանց մի փոքր խմբի ձեռքերում, մյուս երկընտրանքները մարտահրավեր են նաեւ զարգացած երկրների համար: Համաշխարհային ճգնաժամը բոլորին ստիպեց վերանայել իրենց ինստիտուցիոնալ կառույցները: Տարբերությունն այն է, որ շուկայական նորմալ պայմաններում, արմատական կառուցվածքային խնդիրները լուծելու համար խիզախ քայլեր ձեռնարկելու պարագայում այս երկընտրանքները կարելի է լուծել: Բայց Հայաստանում շուկայական հարաբերությունների հիմքերը խարխլված են: Ճիշտ այնպես, ինչպես ժողովրդավարության դեպքում մեզ մոտ բացակայում են դրա հիմնարար սկզբունքները` օրենքի գերակայությունը, հանդուրժողականությունը, խոսքի ազատությունը եւ ընտրելու իրավունքը, այնպես էլ այսօր բացակայում են ազատ շուկայի հիմնարար սկզբունքները: Այդ սկզբունքները` հավասար պայմաններ բոլորի համար, բաց եւ արդար մրցակցություն, մասնավոր սեփականության անձեռնմխելիություն, ազատ շուկայական տնտեսության հիմնասյուներն են: Ահա թե ինչու այս ծանր կացությունից դուրս գալու համար անհրաժեշտ է, որ առաջին հերթին կառավարությունը զբաղվի բարեփոխումների հարցով: Նկատի ունեք անձնական հարստության եւ քաղաքական ուժի միջեւ կապի եւ փոխկապակցվածության խզու՞մը: Սակայն դա չի՞ նշանակում վտանգել արմատացած օլիգարխիայի կենսական շահերը: Յուրաքանչյուր զարգացող շուկայի սկզբնական շրջանում միշտ եղել են անհատներ, ովքեր կապիտալ են կուտակել` ոմանք ազնիվ, ոմանք էլ ոչ այնքան ազնիվ միջոցներով: Կապիտալի կուտակումն անհրաժեշտ է լայնածավալ ներդրումների եւ աճի համար: Սակայն նույնքան անհրաժեշտ է բաց մրցակցությունը եւ բարգավաճելու հնարավորությունը բոլոր` մեծ ու մանավանդ փոքր բիզնեսների համար: Այսպիսով, յուրաքանչյուր ազատ շուկայի պատմության մեջ եղել է մի պահ, երբ կառավարույթունը հստակ հայտարարել է՝ կանոններն այլեւս պետք է փոխվեն: Հայաստանը պետք է նույնը անի: Որքան ավելի շուտ են երկրներ ը հավասար պայմաններ ստեղծում բոլորի համար, այնքան ավելի արագ են ընթանում այդ երկրները դեպի բարեկեցություն: Հայաստանը պետք է վերացնի օլիգարխիական համակարգը՝ առանց սպառնալու կամ վտանգելու հարուստների ունեցվածքն ու բիզնեսը: Այլ կերպ ասած, բոլորը, այդ թվում ձեռնարկություններն ու դրամ ունեցողները, պետք է գործեն օրենքի շրջանակներում, արդար մրցակցության պայմաններում: Ինչու՞եմ վստահ, որ դա հնարավոր է: Որովհետեւ կարծում եմ, որ նրանք, ովքեր իրոք մեծ հարստություն ունեն, կարող են շարունակել հարստանալ: Խնդիրը նրանց ունեցվածքը չէ. խնդիրն այն է, որ նրանք այդ ունեցվածքի ուժով կանոններ են թելադրում: Արդյոք հնարավո՞ր է հասնել դրան: Այո, բայց դրա համար պետք է ունենալ ժողովրդի կողմից ընտրված իշխանություն, այլ ոչ թե նրանց կողմից, ովքեր ցանկանում են պահպանել իրենց արտոնությունները: Երբ իշխանություններն ընտրված են ժողովրդի կողմից եւ կախվածության մեջ չեն փոքրաթիվ օլիգարխների խմբից, նման իշխանությունն արդեն կարող է կոնկրետ քայլերի դիմել: Առաջին՝ պարտադրել օրենքի կատարումը եւ անջատել քաղաքականությունը բիզնեսից: Համաձայն մեր օրենքների, պատգամավորը չի կարող ձեռներեց լինել: Սա լավ օրենք է, լավն է նաեւ խոշոր ձեռներեցների համար: Այսօր նրանք հավատացած են, որ իրենց անհրաժեշտ է քաղաքական իշխանություն, քանզի նրանք էլ չեն վստահում համակարգին: Նրանցից յուրաքանչյուրը մտածում է, որ եթե չունենա քաղաքական լծակներ, ապա նրան կարող են «ոտնատակ տալ», եթե նրա ներդրումը նախագահական իշխանության մեջ տեսանելի չէ, ուրեմն նա խոցելի է: Երկրորդ քայլը, որ պետք է կատարի իշխանությունը, նրանց բոլորին հարկային դաշտ բերելն է: Սա նույնպես լավ է խոշոր ձեռներեցների համար, քանզի ոչ ոք չի կարող նրանց ստիպել ընտրական յուրաքանչյուր շրջանում հսկայական գումարներ նվիրաբերել: Նման բռնի նվիրատվությունների հաճախականությունը եւ չափերը պակաս չեն, երբեմն նույնիսկ ավելի են, քան նրանց արդար հարկերը: Հարկերն առնվազն կանխատեսելի են, եւ ձեռներեցը կարող է հաշվարկել այդ ծախսերը: Սակայն օլիգարխը երբեք չի կարող հաստատ իմանալ, թե երբ է պահանջվելու նրա քաղաքական հավատարմության հավելյալ ֆինանսական վկայությունը: Եվ վերջապես, երրորդ քայլը, որ պետք է կատարի իշխանությունը, հետեւյալն է. վստահեցնել ձեռներեցներին, որ նրանք կարող են պահել այն, ինչ որ արդեն ունեն, սակայն այս պահից ի վեր շուկան բաց է բոլորի համար, դաշտը բաց է բոլորի համար, եւ եթե Հայաստանի նման փոքր շուկան չի կարող տնտեսության որեւէ ոլորտում մի քանի խաղացող ունենալ, ուրեմն թող շուկան որոշի, այլ ոչ թե ֆինանսական կամ քաղաքական ուժը: Եթե նախկինում այս գործընթացները որոշվել են փակ դռների հետեւում, ապա այսուհետ թող դրանք լինեն բաց եւ արդար: Հարկային իշխանությունները դերակատարում ունե՞ն այս գործում: Ողջ աշխարհում հարկերի հավաքումը դժվարին եւ պատասխանատու գործընթաց է: Ոչ ոք չի սիրում հարկեր վճարել, սակայն բոլորը ցանկանում են հանրային ծառայություններից օգտվել, որոնք սակայն հնարավոր կլինեն միայն հարկերի վճարումներով: Օրինակ, Շվեդիայում հարկերը գերազանցում են ՀՆԱ-ի հիսուն տոկոսը, եւ հանրությունը դրա մասին գոհունակությամբ է խոսում, քանի որ բոլորն ունեն հավասար հնարավորություններ՝ օգտվելու լավ կրթությունից, բարձորակ բժշկությունից, հիանալի ճանապարհներից եւ վստահելի ոստիկանական ծառայություններից: Մեր դեպքում հարկերի հավաքումը դառնում է քաղաքական գործիք եւ ուժի չափանիշ: Բիզնեսը վախով է նայում հարկային իշխանություններին, հանրությունը նրանց վերաբերվում է բացարձակ ցինիզմով, առանց որեւէ ակնկալիքի, որ հարկային ծառայությունները երբեւէ կսպասարկեն նրանց պահանջները, հարկահավաքներն իրենք գիտեն, որ կատարում են տհաճ գործ, սակայն կառավարությունում բոլորը նրանց են նայում, քանզի նրանք պետք է, բառացիորեն ամեն գնով, ապահովեն պետական բյուջեի մուտքերը: Հակառակ այս բոլոր ճնշումներին եւ սպասելիքներին, մեր հարկային ոլորտում իրավիճակն անմխիթար է: Համաձայն միջազգային ֆինանսական հաստատությունների տվյալների, Հայաստանի տիպի երկրում հարկահավաքը պետք է կազմի ՀՆԱ-ի շուրջ 22 տոկոսը, իրականում հավաքվում է միայն 17 տոկոսը: Հինգ տոկոսի տարբերությունը տալիս է 193 միլիարդ դրամի պակասուրդ, այսինքն, ավելի փոքր պետբյուջե, քան կարող էինք ունենալ: Դա ավելի մեծ գումար է, քան մեր պաշտպանական ողջ բյուջեն: Դրա կեսը մենք ծախսում ենք կրթության վրա: Կասկած չկա, որ հարկահավաքի ոլորտում, մենք շատ ավելին կարող ենք անել, եթե կատարվեն նշված բարեփոխումները: Պարոն Օսկանյան, թվում է, Հայաստանի առաջ այսօր կրկին մարտահրավեր է դառնում արտագաղթը: Ի՞նչ քայլեր են անհրաժեշտ, որպեսզի կասեցվի արտագաղթի այս նոր ալիքը: Արտագաղթը մեր ամենահրատապ խնդիրն է, որովհետեւ դրա հետեւանքներն անդառնալի են: Արտագաղթը արտաքուստ անհույս թվացող քաղաքական, տնտեսական ու սոցիալական իրավիճակի հետեւանք է: Քանի որ մեր ժողովուրդը չի հավատում, որ կարող է փոփոխություններ պարտադրել, վհատված նախընտրում է մեկնել: Արտագաղթի այս նոր ալիքը սանձելու համար կառավարությունը պետք է ապացուցի իր մտադրութունը եւ կարողությունը լուծել քաղաքական ու տնտեսական արմատական խնդիրները: Ավելին, արտագաղթը սոսկ հետեւանք չէ. դա այն գործոններից է, որն էլ ավելի է տկարացնում մեր տնտեսական ու սոցիալական ներՍ ւժը: Տնտեսական առումով, քանի որ Հայաստանը փոքր շուկա է, տարեկան մի քանի տասնյակ հազար արտագաղթող նշանակում է այդ շուկայի առավել կրճատում, ինչն ավելի է դժվարացնում տնտեսական աճը: Սոցիալական առումով, Հայաստանի կրթված, աշխատող արհեստավարժների շերտը առանց այդ էլ նվազում է, իսկ դրա հետ մեկտեղ պակասում են իրական փոփոխություն պահանջելու հնարավորությունները: Ամենավատն այն է, որ գնալով ավելի դժվար է դառնում արտագաղթի կանխարգելումը, քանի որ դյուրաում է ներգաղթն այլ երկրներ: Մեր հարեւանությամբ եւ ավելի հեռու գտնվող երկրներից մի քանիսն ավելացնում են իր ենց մարդկային եւ մտավոր ներուժը եւ կարողությունները Հայաստանի նման երկրների հաշվին: Նայեք շուրջը. Ռուսաստանն արտոնյալ պայմաններ է առաջարկում երկրում առկա հսկայական մարդուժի պակասը լրացնելու համար: Երեւանում գործող Ռուսաստանի հյուպատոսություն յուրաքանչյուր աշխատանքային ժամվա ընթացքում 50 հայտ է ներկայացվում: Վրաստանն իր հերթին խրախուսում է ներգաղթը՝ քաղաքացիություն տրամադրելով նրանց, ով կատարում է նվազագույն ներդրում: Հիմա, երբ Եվրոպան դյուրացրել է վիզային ռեժիմը Վրաստանի հետ, այն, բնականաբար, գրավիչ կդառնա Հայաստանի քաղաքացիների համար: Էլ չեՍ խոսում ամերիկյան, կանադական եւ ավստրալական ներգաղթային քաղաքականության մասին, որոնք նույնպես առավել հյուրընկալ են պրոֆեսիոնալների հանդեպ: Ահա թե ինչու է այս հարցն այդքան հրատապ: Իրավական սահմանափակումների կիրառումը չի կարող լուծում լինել: Միակ ճանապարհը մրցունակ լինելն է եւ մարդկանց հույս տալը: Մեր զրույցը վերադառնում է նույն խնդրին. ելք կա՞ արդյոք այս իրավիճակից: Անշուշտ կա, սակայն դրա համար պահանջվում է ծրագիր, պահանջվում է հույս, տեսլական: Կառավարությունը վատնել է վստահության պաշարը: Տրված խոստումները եւ իրականությունն իրարից շատ հեռու են: Կառավարությունը այս երեք տարիների ընթացքում անկարող եղավ կանխատեսել եւ ծրագրել հետագա քայլերը: Հենց միայն այդ պատճառով հանրությունը, սպառողը, արտադրողը եւ ձեռներեցը` բոլորը վստահության պակաս են ապրում: Մինչդեռ սպառողի եւ ներդրողի վստահությունը եւ դրական տրամադրվածությունը տնտեսական աճի խթանիչներն են: Մենք դա չունենք: Սա ազդում է ներդրողների վրա, ճիշտ այնպես, ինչպես ազդում են արտաքին գործոնները: Իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ դարձել է ավելի անկանխատեսելի, քան նախկինում էր: Չեմ կարծում, որ պատերազմի եզրին ենք, բայց կարեւորը մեր կարծիքը չէ: Հավանական ներդրողը, հատկապես օտարերկրյա, երբ լսում է ռազմաշունչ հռետորություն, լսում է բանակցությունների անհույս լինելու, զինադադարի օրական խախտումների եւ շփման գծի երկայնքով միջադեպերի մասին, բնականաբար մտահոգվում է իր ներդրումներին սպառնացող ռիսկերով: Կան նաեւ միջազգային ինդեքսներ. դրանք չերեւացող, սակայն չափազանց կարեւոր ցուցիչներ են յուրաքանչյուրի համար, ով մտորում է ներդրում կատարել: Երբ իշխանությունները հեռուստաալիք են փակում կամ բացեիբաց հանդուրժում կաշառակերությունը, մենք մտածում ենք միայն ներքին հետեւանքների մասին: Երբ անարդարության եւ անհավասարության դեպքերի ականատես ենք դառնում, հատկապես դատական համակարգում, մեզ թվում է, թե միայն մենք ենք այդ մասին խոսում: Երբ սահմանափակվում են անձնական եւ քաղաքացիական իրավունքները, մենք դրան վերաբերվում ենք սոսկ որպեՍ ներքին գործի, կամ նույնիսկ որպես մշակութային առանձնահատկության: Սակայն աշխարհում հետեւում են այդ բոլոր զարգացումներին, եւ դրանք իրենց արձագանքն են գտնում միջազգային զանազան կառույցների տարեկան զեկույցների եւ միջազգային վարկանիշների տեսքով: Եվ դրանք անշուշտ ազդեցություն են գործում ներդրողների վրա: Մի շարք զեկույցներում եւ վարկանիշային աղյուսակներում մեր վարկն ընկել է: Այսպիսով, ձեր հարցի պատասխանն իրականում պարզ է: Գոյություն ունի բարեփոխումների եւ փոփոխությունների նվազագույն շեմ, որն անհրաժեշտ է, կրիտիկական եւ անհետաձգելի. առանց այդ ամենի անհար կլինի երկիրը դուրս բերել վայրընթաց պարուրակից:
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play