Միացյալ Նահանգների վերաքննիչ դատարանը խոշոր հաղթանակ շնորհեց հայերին


Միացյալ Նահանգների վերաքննիչ դատարանը խոշոր հաղթանակ շնորհեց հայերին

  • 18-12-2010 00:40:55   | ԱՄՆ  |  Վերլուծություն
Անցյալ շաբաթ մի ցնցող իրադարձություն տեղի ունեցավ, երբ ԱՄՆ դաշնային վերաքննիչ դատարանն իրավական եւ քաղաքական խոշոր հաղթանակ շնորհեց ամերիկահայերին: Այն վերանայեց իր ավելի վաղ ընդունած որոշումը եւ սահմանեց, որ կյանքի ապահովագրության ընկերությունների դեմ ներկայացվող հայցերի վերջնաժամկետը երկարաձգող Կալիֆորնիայի օրենքը, այնուամենայնիվ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ էր: Նոր որոշումը շատ ավելին էր, քան սոսկ աջակցություն Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին` ապահովագրական ընկերությունների դեմ չվճարված պահանջների հայցեր ներկայացնելու համար: Այն նաեւ կանխեց թուրքական կազմակերպությունների կողմից հնարավոր դատական գործը, որը կարող էր ի չիք դարձնել Միացյալ Նահանգների տեղական եւ նահանգային իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված տասնյակ տարիների պայքարը: 2009 թվականին ԱՄՆ 9-րդ շրջանի դաշնային վերաքննիչ դատարանը որոշում էր կայացրել, որ Կալիֆորնիայի օրենսդիր մարմնի կողմից 2000 թվականին ընդունված` մինչեւ 2010 թվականի դեկտեմբերի 31-ը երկարաձգող ապահովագրական պահանջների վաղեմության ժամկետների մասին օրենքը հակասահմանադրական է, որովհետեւ հղում է պարունակում Հայոց ցեղասպանության մասին: Դատարանի 2-1 որոշմամբ սահմանվել էր, որ Կալիֆորնիայի նահանգը խախտել էր արտաքին քաղաքականության իրավասությունը, որն ԱՄՆ Սահմանադրությամբ վերապահված է դաշնային կառավարությանը: Դաշնային երեք դատավորներից երկուսը պնդել էին, որ նահանգի ընդունած օրենքը հակասել էր դաշնային կառավարության` Հայոց ցեղասպանությունը չընդունող քաղաքականությանը: Ի պատասխան 2009 թվականի վերաքննիչ դատարանի կայացրած որոշման, իմ հոդվածներից մեկում ես նշել էի, որ դատավորներ Դեյվիդ Թոմսոնը եւ Դորոթի Նելսոնը սխալվել էին` հայտարարելով, որ Կոնգրեսին ու նահանգներին արգելված էր Հայոց ցեղասպանության բանաձեւերի ընդունումը: Երկու դատավորներն իրենց կարծիքն արտահայտելիս ընտրել եւ մատնանշել էին միայն այն բանաձեւերը, որոնք չէին հաստատվել, անտեսելով, որ Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատը երկու անգամ` 1975 եւ 1984 թվականներին բանաձեւեր էր ընդունել Հայոց ցեղասպանության վերաբերյալ, իսկ 1981 թվականին նախագահ Ռեյգանը նախագահական Հռչակագիր էր ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին: Այդ հոդվածում նաեւ գրել էի, որ ԱՄՆ կառավարությունը` Հայոց ցեղասպանությունը ժխտող պաշտոնական քաղաքականություն ՉՈՒՆԻ: Միաժամանակ, զարմանքս էի արտահայտել, թե ինչո՞ւ Կալիֆորնիայի գլխավոր դատախազից չէին պահանջել գործի առնչությամբ իրավական զեկույց ներկայացնել` պաշտպանելով նահանգն անհիմն մեղադրանքներից, որն իբր, ԱՄՆ Սահմանադրությանը հակասող օրենք է ընդունել: Հաշվի առնելով դատարանի 2009 թվականի որոշման լուրջ հետեւանքները պաշտպանյալների, ինչպես նաեւ Հայ դատի համար, Գիրագոս եւ Գիրագոս, Կաբատեկ, Բրաուն, Քելներ իրավաբանական գրասենյակի եւ Եղիայան իրավաբանական ընկերության կողմից բացված գործի վերաքննության համար ներգրավվեցին Bingham McCutchen-ի փաստաբաններ Դեյվիդ Բալաբանյանը, Դեյվիդ Սալմոնսը եւ Էրին Քոնրոյը: Գործի վերաքննության աջակցության համար դատարանին իրավական զեկույցներով դիմեցին Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը, Հայ փաստաբանների ասոցիացիան, Զորյան ինստիտուտը, Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան, EarthRights International-ը, Սահմանադրական իրավունքների կենտրոնը, կոնգրեսական Ադամ Շիֆը եւ Կալիֆորնիայի գլխավոր դատախազ Ջերի Բրաունը: Դեկտեմբերի 10-ին նույն վերաքննիչ դատարանը միեւնույն դատական կազմով, ինչպես նախորդ տարի` 2-1 որոշմամբ սահմանեց, որ Կալիֆորնիայի օրենքով Հայոց ցեղասպանությանը հղում կատարելը ՉԻ ՀԱԿԱՍՈՒՄ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությանը: Դատավոր Նելսոնը փոխելով դիրքորոշումը, միացավ դատավոր Հարի Փրեգերսոնին` հօգուտ հայ հայցվորների որոշման: «Մենք եկանք այն եզրակացության, որ չկա ոչ մի դաշնային քաղաքականություն, որն արգելում է նահանգներին օգտագործել «Հայոց ցեղասպանություն» եզրը», մեծամասնության կարծիքն արտահայտեց դատավոր Փրեգերսոնը: Նա մեջբերումներ արեց «դաշնային գործադիր եւ օրենսդիր ճյուղերի տարբեր հայտարարություններից` ի նպաստ Ցեղասպանության ճանաչման»: Նա հատկապես մեջբերեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից 1975 եւ 1984 թվականներին ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման մասին երկու բանաձեւերը եւ նախագահ Ռեյգանի` 1981 թվականի նախագահական Հռչակագիրը: Դատավոր Փրեգերսոնը նշեց նաեւ, որ «դաշնային կառավարությունը երբեք չի ընդդիմացել» 43 նահանգներից որեւ մեկին` Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Այս որոշման կայացումից հետո, հայցն ընդդեմ երեք գերմանական ապահովագրական ընկերությունների կարող է վերսկսվել` ճանապարհ բացելով ապահովագրական այլ ընկերությունների դեմ հայցեր ներկայացնելու համար, հաշվի առնելով վերաքննիչ դատարանի 11 դատավորների լրիվ կազմի կողմից հնարավոր վերաքննումը: Բացի այդ, ամերիկահայերն այժմ կարող են վերաքննիչ դատարանի որոշումն օգտագործել Կոնգրեսի այն անդամներին համոզելու համար, որոնք, միգուցե դժկամ էին աջակցել Ցեղասպանության բանաձեւի ընդունմանը, անհիմն մտավախություն ունենալով, որ այն կարող է հակասել Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությանը: Դատարանի որոշումը բացահայտորեն ցույց տվեց, որ ԱՄՆ կառավարությունը երբեք չի ժխտել Հայոց ցեղասպանությունը եւ երբեք դեմ չի արտահայտվել Միացյալ Նահանգների բազմաթիվ քաղաքների, օկրուգների եւ նահանգների կողմից Ցեղասպանության ճանաչմանը: Վերաքննիչ դատարանի որոշումը պետք է փոխանցվի Կոնգրեսի բոլոր նդամներին, Պետդեպարտամենտի պաշտոնատար անձանց եւ Սպիտակ տանը: Դատական հայց ներկայացրած գերմանական ապահովագրական երեք ընկերությունների փաստաբան Նեյլ Սոլթմանը նշել է, որ ապշած էր վերաքննիչ դատարանի կայացրած որոշումից: Թուրք ամերիկյան ասոցիացիաների համագումարի նախագահ Գունայ Էվինչը որոշումը որակել էր որպես «աննախադեպ», «քաղաքականացված» եւ «խայտառակ»: Հատկանշական է, որ հայերը գերմանական ապահովագրական ընկերություններին դատի են տալիս Կալիֆորնիայում, եւ թուրքերն իրար են անցնում. նրանք, իրոք լուրջ հիմքեր ունեն անհանգստանալու համար: Հարութ Սասունյան «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Թարգմ.` Ռ.Ավագյանի
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play