ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ուղերձը Մարդու իրավունքների օրվա առթիվ


ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ուղերձը Մարդու իրավունքների օրվա առթիվ

  • 09-12-2010 14:33:00   | ԱՄՆ  |  Իրավունք
Մարդու իրավունքները ազատության, խաղաղության, զարգացման եւ արդարության հիմքն են եւ Միավորված ազգերի կազմակերպության կողմից աշխարհով մեկ իրականացվող աշխատանքների հիմքը: Մարդու իրավունքների պաշտպանության եւ նրանց դերի բարձրացման մասին օրենքներն անժխտելի են: Բայց շատ հաճախ, երբ խիզախ կանայք եւ տղամարդիկ, ջանալով պաշտպանել իրենց եւ ուրիշների իրավունքները… վճռելով իրավունքներն իրական դարձնել մարդկանց կյանքում` իրենք են տառապանքների մեջ ընկնում: Սրանք մարդու իրավունքների այն պաշտպաններն են, ում նվիրում ենք Մարդու իրավունքների այս տարվա օրը: Իրավապաշտպանները որպես խումբ իրարից շատ տարբեր են: Նրանք կարող են լինել հասարակական կազմակերպության անդամներ, լրագրող կամ պարզապես միայնակ քաղաքացի, ովքեր դժգոհելով իրենց մոտակայքում տեղի ունեցող անարդարությունից սկսում են գործել: Բայց նրանք բոլորն էլ ստանձնում են անօրինականություններ երեւան հանելու, ամենախոցելիներին պաշտպանելու եւ անպատժելիությանը վերջ տալու պարտավորություն: Նրանք ոտքի են ելնում, բարձրաձայնում, այսօր նաեւ սոցիալական ցանցերով, հանուն ազատության եւ մարդկային արժանիքների: Իրավապաշտպանները կենսական դեր են խաղում խտրականության դեմ պայքարում: Նրանք հետաքննում են խախտումները, օգնում զոհերին արդարություն եւ աջակցություն ստանալ: Բայց շատ ավելի հաճախ նրանց աշխատանքը ահագին ռիսկ է պարունակում: Իրավապաշտպանները հալածվում են, զրկվում իրենց աշխատանքից եւ անօրինականորեն բանտարկվում: Շատ երկրներում նրանք կտտանքի են ենթարկվում, ծեծվում եւ սպանվում են: Նրանց ընկերներն ու ընտանիքի անդամները նույնպես հալածանքի եւ ահաբեկության թիրախ են հանդիսանում: Կին իրավապաշտպանները լրացուցիչ ռիսկերի են հանդիպում, ուստի լրացուցիչ աջակցության կարիք ունեն: Մարդու իրավունքների այս օրը առիթ է ողջունելու իրավապաշտպանների խիզախությունն ու ձեռքբերումներն ամենուր, եւ խոստանալու անել ավելին նրանց աշխատանքը պաշտպանելու համար: Մարդու իրավունքների ջատագովներին պաշտպանելու հիմնական պատասխանատվությունը կրում են պետությունները: Ես կոչ եմ անում բոլոր պետություններին ապահովել արտահայտման եւ հավաքների ազատությունը, ինչն իրավապաշտպանների գործը հնարավոր է դարձնում: Մարդու իրավունքների պաշտպանների կյանքին վտանգ սպառնալիս` նվազում է մեր բոլորի անվտանգությունը: Երբ մարդու իրավունքների պաշտպանների ձայները լսելի չեն, արդարությունն ինքնին խեղդված է: Մարդու իրավունքների այս օրը եկեք ոգեշնչվենք նրանցով, ովքեր ձգտում են մեր աշխարհն ավելի արդար դարձնել: Եվ թույլ տվեք հիշել, որ յուրաքանչյուր ոք` անկախ մասնագիտությունից, ուսուցումից եւ կրթությունից, կարող է լինել մարդու իրավունքների ջատագով: Ուրեմն, եկեք օգտագործենք այդ ուժը: Եկեք յուրաքանչյուրս լինենք մարդու իրավունքների պաշտպան:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play