Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան և Քաղաքացիական հասարակության ինստիտուտը պահանջում են արդար դատաքննություն և անկախ քննություն իրականացնել


Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան և Քաղաքացիական հասարակության ինստիտուտը պահանջում են արդար դատաքննություն և անկախ քննություն իրականացնել

  • 23-02-2012 18:04:27   | Հայաստան  |  Իրավունք
Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH) եւ Քաղաքացիական հասարակության ինստիտուտը (CSI) պահանջում են արդար դատաքննություն եւ անկախ քննություն իրականացնել Ստեփան Հովակիմյանի եւ Վահրամ Քերոբյանի գործով Փարիզ - Երեւան, 22 փետրվարի, 2012 թ. - Երկու տարի է անցել Ստեփան Հովակիմյանին 2010 թ. փետրվարի 6-ին Մոսկվա կինոթատրոնում 2010 թ. հունվարի 10-ին գողություն կազմակերպելու եւ իրականացնելու համար մեղադրանք առաջադրելուց հետո: 2010 թ. փետրվարի 6-ին Հովակիմյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: 72 ժամ ձերբակալությունից հետո նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը: Մինչ օրս Հովակիմյանը եւ Քերոբյանը, ում նույնպես հետագայում կալանավորել են, պահվում են Նուբարաշեն ՔԿՀ-ում: Նրանց դատաքննությունն անհիմն ձգձգվում է: Մինչ օրս չի իրականացվել անկախ եւ արդար քննություն: Չնայած երկու տարիների ընթացքում մեղադրանքը այլ ապացույցներով հիմնավորելու փորձերին, Հովակիմյանի դեմ հիմնական ապացույցը մնում է ոստիկանությունում 2010 թ. փետրվարի 6-ին ճնշման եւ հոգեբանական բռնության հետեւանքով նրանից ստացված ինքնախոստովանական ցուցմունքը։ 2010 թ. հունվարի 11-ին եւ 14-ին Հովակիմյանը ներկայացել էր ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն, որտեղ պահվել է 10 ժամ եւ, ըստ Հովակիմյանի, ենթարկվել է բռնության, այնուհետեւ՝ ազատ է արձակվել առանց խոստովանելու: 2010 թ. փետրվարի 6-ին Ստեփան Հովակիմյանը կրկին ներկայացել է Երեւան քաղաքի վարչություն, որտեղ նրան ենթարկել են խոշտանգումների, անմարդկային եւ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի: Մասնավորապես, ենթարկել են ծեծի, փորձել են հանել նրա շորերը եւ անարգանքի ենթարկել, հանել են կոշիկները, ռետինե մահակներով հարվածել են ոտքերի տակ, հարվածել են գլխին։ Հարվածել են այնքան ժամանակ, մինչեւ վերջինս համաձայնել է տալ պահանջվող խոստովանությունը։ Հովակիմյանը պնդում է, որ նրան ոստիկանություն են հրավիրել առանց պատշաճ ծանուցման' մինչեւ տուժողի հայտարարությունը ստանալը եւ քրեական գործի հարուցումը: Ս. Հովակիմյանին թույլ են տվել տեղեկացնել հարազատներին իր ձերբակալության մասին եւ պաշտպան հրավիրել միայն նրա ինքնախոստովանական ցուցմունքը ստանալուց հետո: Հիմնվելով Ս. Հովակիմյանից կորզված ցուցմունքների վրա, Վ. Քերոբյանը կալանավորվել է 2010 թ. մարտի 12-ին. Ներկայումս նա կալանավորված է եւ մեղադրվում է գողություն իրականացնելու համար: Հատուկ քննչական ծառայություն ներկայացված 2010 թ. փետրվարի 6-ին տեղի ունեցած խոշտանգումների վերաբերյալ Հովակիմյանի բողոքին ընթացք չի տրվել: ՀՔԾ որոշել է գործ չհարուցել, հիմնվելով այդ առիթով ոստիկանության ծառայողների տված բացատրությունների վրա եւ մերժել է հետագա քննություն իրականացնել խոշտանգումների հայտարարության վերաբերյալ: Այդ որոշումը բողոքարկվել է Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում եւ մերժվել է 2011 թ. օգոստոսի 2-ին: Այնուհետեւ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քրեկան դատարան, սակայն դատարանը անփոփոխ է թողել այդ որոշումը: Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկվել է ՀՀ վճռաբեկ դատարան։ Վերջինս որոշում դեռ չի կայացրել բողոքը վարույթ ընդունելու վերաբերյալ։ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան եւ Քաղաքացիական հասարակության ինստիտուտը կոչ են անում ՀՀ իշխանություններին. Անհապաղ ազատ արձակել Ս. Հովակիմյանին եւ Վ. Քերոբյանին՝ կալանավորումը փոխարինելով գրավով. Ապահովել մեղադրյալի ողջամիտ ժամկետում արդար դատաքննության իրավունքի իրականացումը՝ անթույլատրելի ճանաչելով բռնության եւ ճնշումների միջոցով ստացված ապացույցները. Կատարել խոշտանգումների հայտարարությունների անկախ, արդյունավետ եւ լիարժեք քննություն' մեղավորներին հայտնաբերելու եւ արդարադատության առջեւ կանգնեցնելու նպատակով. Հարգել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի, Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոնվենցիայի եւ Խոշտանգումների եւ դաժան, անմարդկային եւ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների պահանջները: Կոնվենցիաները հստակ պարտավորեցնում են Հայաստանին քննություն իրականացնել խոշտանգումների հայտարարությունների վերաբերյալ եւ արդարադատության առջեւ կանգնեցնել մեղավորներին, ինչպես նաեւ դադարեցնել ճնշումների միջոցով ստացված ցուցմունքների հիման վրա կասկածյալներին մեղադրանք առաջադրելու արատավոր պրակտիկան։
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play