Պլասիդո Դոմինգոն պարգեւատրվեց Հայաստանի Ազգային Ժողովի Պատվո մեդալով<br />


Պլասիդո Դոմինգոն պարգեւատրվեց Հայաստանի Ազգային Ժողովի Պատվո մեդալով

  • 02-12-2010 20:33:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 2-ին Հայաստանի Ազգային Ժողով էր այցելել «Երեւանյան հեռանկարներ» 11-րդ երաժշտական միջազգային փառատոնի շրջանակներում Հայաստանում գտնվող համաշխարհային համբավ ունեցող իսպանացի տենոր Պլասիդո Դոմինգոն: ԱԺ ոսկեզօծ դահլիճում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, համերգային ծրագրով Հայաստանում գտնվելու կապակցությամբ, Պ.Դոմինգոն պարգեւատրվեց ԱԺ Պատվո մեդալով: Դիմելով նրան, Հ.Աբրահամյանն ասաց. «Մեծարգո պարոն Դոմինգո, մեզ համար մեծ պատիվ է Հայաստանի Ազգային Ժողովում հյուրընկալել Ձեզ նման համաշխարհային մեծության աստղի: Հարգելի մաեստրո, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ավանդաբար Պատվո մեդալի է արժանացնում գործունեության տարբեր ոլորտներում մեծ վաստակ ունեցող անհատների: Երգարվեստի բնագառավում Դուք առաջինն եք արժանանում Հայաստանի խորհրդարանի բարձրագույն այս պարգեւին այդ ոլորտում մարդկությանը մատուցած մեծ ծառայությունների համար: Ուզում եմ հուսալ, որ Ձեր բարձր տիտղոսների ու պարգեւների կողքին Հայաստանի Ազգային Ժողովի Պատվո մեդալը կունենա իր ուրույն տեղը` նկատի ունենալով, որ այն իր մեջ կրում է մեր ջերմ զգացումն ու երախտիքը Ձեր արվեստի նկատմամբ: Սիրելի բարեկամ, Ձեր արվեստը ավելի քան 40 տարի հմայում է աշխարհի բազմաթիվ երկրների ունկնդիրների: Թեեւ Դուք առաջին անգամ եք այցելում Հայաստան, սակայն մեր երկրում եւս Ձեր բարձր արվեստի ու հզոր ձայնի բազում երկրպագուներ ունեք: Մեր հիշողությունից անջնջելի են Ձեր օպերային 128 դերերգերն ու, իհարկե, հանրահայտ «Երեք տենոր» նախագծի շրջանակներում Լուչիանո Պավարոտտիի եւ Խոսե Կարերասի հետ ելութները: Դրանց հետեւել ենք առավելապես հեռուստատեսությամբ, սակայն այսօր, մեզ բախտ է վիճակվել անմիջականորեն հաղորդակից լինելու Ձեր բարձր արվեստին: Շնորհակալ եմ, որ համերգային շրջագայությունների հագեցած Ձեր ծրագրում ներառել եք նաեւ Հայաստանը եւ ելույթ եք ունենալու հայաստանյան բեմում: Ուզում եմ Ձեզ հավաստիացնել, որ հայ ունկնդիրը գիտի գնահատել բարձր արվեստը եւ հավատացած եմ, որ Դուք էլ բավականություն կստանաք այդ հաճելի արձագանքից: Եվ Ձեր երեւանյան համերգը, վստահ կարող եմ ասել, որ մեր մշակութային կյանքի շրջադարձային իրադարձություններից է»: Շնորհակալություն հայտնելով բարձր պարգեւի արժանանալու համար, Պ.Դոմինգոն նշեց, որ Հայաստան իր այցելությունը ուշացած է, քանի որ երկար ժամանակ ցանկություն է ունեցել այցելել Հայաստան: Նա հույս հայտնեց, որ առաջին համերգը հիմք կդնի ապագա շարունակական ու գեղեցիկ նոր նախագծերի համար: Հանրահռչակ տենորը նշեց, որ իր կապը հայերի եւ Հայաստանի հետ եղել է մանկությունից, որովհետեւ իր ծնողները եղել են երգիչներ, մայրը Փարիզում երգեցողության դասեր է անցել տիկին Բաբայանի մոտ: «Այնպես, որ իմ առաջին ծանոթությունը, ընդհանրապես արտաքին աշխարհի հետ, եղել է Հայաստանը: Իսպանիայից հետո առաջինը ես իմացել եմ Հայաստանի մասին»,- ընդգծեց նա: Պ.Դոմինգոն նշեց, որ իր ընկերների թվում են մեծն Շարլ Ազնավուրը, Բարսեղ Թումանյանը եւ այլ հայտնի հայորդիներ, նա Արամ Խաչատրյանի մեծ երկրպագուն է: Ըստ ՀՀ ԱԺ Հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդագրության, դեկտեմբերի 3-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա Պ.Դոմինգոյի համերգը:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play