Պլասիդո Դոմինգոն պարգեւատրուեց Հայաստանի Ազգային Ժողովի Պատւոյ մեդալով<br />


Պլասիդո Դոմինգոն պարգեւատրուեց Հայաստանի Ազգային Ժողովի Պատւոյ մեդալով

  • 02-12-2010 20:33:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 2-ին Հայաստանի Ազգային Ժողով էր այցելել «Երեւանեան հեռանկարներ» 11-րդ երաժշտական միջազգային փառատոնի շրջանակներում Հայաստանում գտնուող համաշխարհային համբաւ ունեցող իսպանացի տենոր Պլասիդո Դոմինգոն: ԱԺ ոսկեզօծ դահլիճում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամեանը, համերգային ծրագրով Հայաստանում գտնուելու կապակցութեամբ, Պ.Դոմինգոն պարգեւատրուեց ԱԺ Պատւոյ մեդալով: Դիմելով նրան, Հ.Աբրահամեանն ասաց. «Մեծարգոյ պարոն Դոմինգօ, մեզ համար մեծ պատիւ է Հայաստանի Ազգային Ժողովում հիւրընկալել Ձեզ նման համաշխարհային մեծութեան աստղի: Յարգելի մաեստրո, Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովը աւանդաբար Պատւոյ մեդալի է արժանացնում գործունէութեան տարբեր ոլորտներում մեծ վաստակ ունեցող անհատների: Երգարվեստի բնագառավում Դուք առաջինն եք արժանանում Հայաստանի խորհրդարանի բարձրագոյն այս պարգեւին այդ ոլորտում մարդկութեանը մատուցած մեծ ծառայութիւնների համար: Ուզում եմ յուսալ, որ Ձեր բարձր տիտղոսների ու պարգեւների կողքին Հայաստանի Ազգային Ժողովի Պատւոյ մեդալը կունենայ իր ուրոյն տեղը` նկատի ունենալով, որ այն իր մէջ կրում է մեր ջերմ զգացումն ու երախտիքը Ձեր արուեստի նկատմամբ: Սիրելի բարեկամ, Ձեր արուեստը աւելի քան 40 տարի հմայում է աշխարհի բազմաթիւ երկրների ունկնդիրների: Թէեւ Դուք առաջին անգամ եք այցելում Հայաստան, սակայն մեր երկրում եւս Ձեր բարձր արուեստի ու հզօր ձայնի բազում երկրպագուներ ունեք: Մեր յիշողութիւնից անջնջելի են Ձեր օպերային 128 դերերգերն ու, իհարկէ, հանրայայտ «Երեք տենոր» նախագծի շրջանակներում Լուչիանո Պավարոտտիի եւ Խոսե Կարերասի հետ ելութները: Դրանց հետեւել ենք առաւելապէս հեռուստատեսութեամբ, սակայն այսօր, մեզ բախտ է վիճակուել անմիջականօրէն հաղորդակից լինելու Ձեր բարձր արուեստին: Շնորհակալ եմ, որ համերգային շրջագայությունների հագեցած Ձեր ծրագրում ներառել եք նաեւ Հայաստանը եւ ելոյթ եք ունենալու հայաստանեան բեմում: Ուզում եմ Ձեզ հաւաստիացնել, որ հայ ունկնդիրը գիտի գնահատել բարձր արուեստը եւ հաւատացած եմ, որ Դուք էլ բաւականութիւն կստանաք այդ յաճելի արձագանքից: Եվ Ձեր երեւանեան համերգը, վստահ կարող եմ ասել, որ մեր մշակոյթային կեանքի շրջադարձային իրադարձութիւններից է»: Շնորհակալութիւն յայտնելով բարձր պարգեւի արժանանալու համար, Պ.Դոմինգոն նշեց, որ Հայաստան իր այցելութիւնը ուշացած է, քանի որ երկար ժամանակ ցանկութիւն է ունեցել այցելել Հայաստան: Նա հոյս յայտնեց, որ առաջին համերգը հիմք կդնի ապագայ շարունակական ու գեղեցիկ նոր նախագծերի համար: Հանրահռչակ տենորը նշեց, որ իր կապը հայերի եւ Հայաստանի հետ եղել է մանկութիւնից, որովհետեւ իր ծնողները եղել են երգիչներ, մայրը Փարիզում երգեցողության դասեր է անցել տիկին Բաբայեանի մօտ: «Այնպէս, որ իմ առաջին ծանօթութիւնը, ընդհանրապես արտաքին աշխարհի հետ, եղել է Հայաստանը: Իսպանիայից յետոյ առաջինը ես իմացել եմ Հայաստանի մասին»,- ընդգծեց նա: Պ.Դոմինգոն նշեց, որ իր ընկերների թւում են մեծն Շարլ Ազնաւուրը, Բարսեղ Թումանյանը եւ այլ յայտնի հայորդիներ, նա Արամ Խաչատրեանի մեծ երկրպագուն է: Ըստ ՀՀ ԱԺ Հասարակայնութեան եւ տեղեկատուութեան միջոցների հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, դեկտեմբերի 3-ին Կարեն Դեմիրճեանի անուան մարզահամերգային համալիրում կկայանայ Պ.Դոմինգոյի համերգը:
  -   Քաղաքական