Րաֆֆի Հովհաննիսյան. Այն, ինչ 1915թ. պատուհասեց հայ ժողովրդին, հայրենասպանություն էր


Րաֆֆի Հովհաննիսյան. Այն, ինչ 1915թ. պատուհասեց հայ ժողովրդին, հայրենասպանություն էր

  • 12-03-2012 16:00:00   | Հայաստան  |  Վերլուծություն

Սույն թվականի փետրվարի 28-ին ֆրանսիական հանրապետության Սահմանադրական խորհուրդը բեկանեց օրենսդիր մարմնի կողմից նախորդիվ ընդունված մի օրինագիծ, ըստ որի Հայոց ցեղասպանության ժխտումը կհամարվեր հանցագործություն: Բոլոր դեպքերում մենք հարգում ենք Ֆրանսիայի օրենքը եւ նրա ժողովրդի կամքը: Այն, ինչ 1915թ. պատուհասեց հայ ժողովրդին, ավելին էր, քան ցեղասպանություն, նույնիսկ ավելին` քան ողջակիզում: Դա սոսկ մարդկային կյանքերի կանխամտածված խլում չէր: Դա ամբողջ մի ազգի, մշակույթի, քաղաքակրթության եւ ժամանակի մեջ խտացված կենսակերպի հավաքական սպանդ էր: Հազարամյակներ ի վեր հայապատկան դպրոցներ, եկեղեցիներ, հիվանդանոցներ, կաճառներ, հաստատություններ, հանրային եւ մասնավոր կալվածքներ ջնջվեցին քարտեզի վրայից, ավերվեցին կամ այլապես զավթվեցին: Հայոց ցեղասպանությունը երիտթուրքական վարչակարգի կողմից սառնասրտորեն իրագործված` հայ ազգի համապարփակ եւ բռնի սեփականազրկումն էր, ինչն աննախադեպ էր իր դաժանությամբ ու աղետաբերությամբ: Սա Հայրենասպանություն էր: Թուրք եւ հայ ազգ-պետությունների հաշտեցումը պետք է եւ տեղի կունենա միմիայն սոսկալի ճշմարտության հաղթանակի հիման վրա, ինչպես նաեւ արդարության ապահովման պայմանով` իրական զղջման, իմաստալից վերականգնման ու հայ ժողովրդի` իր Հայրենիքի հետ երաշխավորված վերամիավորման խարսխով: Այս նպատակով է, որ մենք հիշում ենք մեր նահատակներին, ողջունում բոլոր նրանց, ովքեր կանխարգելում ու պատժում են մարդկության դեմ կատարված ոճիրները, իսկ Թուրքիայից ակնկալում իր կենարար ինքնամաքրումը: Րաֆֆի Հովհաննիսյան՝ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play