Րաֆֆի Յովհաննիսեան. Այն, ինչ 1915թ. պատուհասեց հայ ժողովրդին, հայրենասպանութիւն էր


Րաֆֆի Յովհաննիսեան. Այն, ինչ 1915թ. պատուհասեց հայ ժողովրդին, հայրենասպանութիւն էր

  • 12-03-2012 16:00:00   | Հայաստան  |  Յօդուածներ

Սոյն թուականի փետրուարի 28-ին ֆրանսիական հանրապետութեան Սահմանադրական խորհուրդը բեկանեց օրէնսդիր մարմնի կողմից նախորդիւ ընդունուած մի օրինագիծ, ըստ որի Հայոց ցեղասպանութեան ժխտումը կը համարուէր յանցագործութիւն: Բոլոր դէպքերում մենք յարգում ենք Ֆրանսիայի օրէնքը եւ նրա ժողովրդի կամքը: Այն, ինչ 1915թ. պատուհասեց հայ ժողովրդին, աւելին էր, քան ցեղասպանութիւն, նոյնիսկ աւելին` քան ողջակիզում: Դա սոսկ մարդկային կեանքերի կանխամտածուած խլում չէր: Դա ամբողջ մի ազգի, մշակոյթի, քաղաքակրթութեան եւ ժամանակի մէջ խտացուած կենսակերպի հաւաքական սպանդ էր: Հազարամեակներ ի վեր հայապատկան դպրոցնէր, եկեղեցիներ, հիւանդանոցնէր, կաճառներ, հաստատութիւններ, հանրային եւ մասնաւոր կալուածքներ ջնջուեցին քարտէզի վրայից, աւերուեցին կամ այլապէս զաւթուեցին: Հայոց ցեղասպանութիւնը երիտթուրքական վարչակարգի կողմից սառնասրտօրէն իրագործուած` հայ ազգի համապարփակ եւ բռնի սեփականազրկումն էր, ինչն աննախադէպ էր իր դաժանութեամբ ու աղէտաբերութեամբ: Սա Հայրենասպանութիւն էր: Թուրք եւ հայ ազգ-պետութիւնների հաշտեցումը պէտք է եւ տեղի կ'ունենայ միմիայն սոսկալի ճշմարտութեան յաղթանակի հիման վրայ, ինչպէս նաեւ արդարութեան ապահովման պայմանով` իրական զղջման, իմաստալից վերականգնման ու հայ ժողովրդի` իր Հայրենիքի հետ երաշխաւորուած վերամիաւորման խարսխով: Այս նպատակով է, որ մենք յիշում ենք մեր նահատակներին, ողջունում բոլոր նրանց, ովքեր կանխարգելում ու պատժում են մարդկութեան դէմ կատարուած ոճիրները, իսկ Թուրքիայից ակնկալում իր կենարար ինքնամաքրումը: Րաֆֆի Յովհաննիսեան` «Ժառանգութիւն» կուսակցութեան առաջնորդ Յօդուածը տպագրուել է Ամերիկայի Միացեալ Նահանգների եւ Եւրոպայի հեղինակաւոր պարբերականներում. Foreigh Policy Journal (US_Washington), Europes World (Brussels), Eurasia Review (Madrid), Humanite Magazine (Paris)
  -   Յօդուածներ