Տեղի ունեցավ հանդիսություն՝ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Քարոզչական կենտրոնի մեկ ամյակի առիթով


Տեղի ունեցավ հանդիսություն՝ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Քարոզչական կենտրոնի մեկ ամյակի առիթով

  • 26-03-2012 14:43:16   | Արմավիրի մարզ  |  Բարեգործություն
Մարտի 25-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ հանդիսություն Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Քարոզչական կենտրոնի գործունեության մեկ ամյակի կապակցությամբ: Հանդիսությանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, կենտրոնի անդամները, բազմաթիվ հյուրեր տարբեր կրթական հաստատություններից ու երիտասարդական կազմակերպություններից: Արարողության սկզբում խոսքով հանդես եկավ Քարոզչական կենտրոնի պատասխանատու Տ. Թովմա աբեղա Խաչատրյանը: Համառոտ անդրադառնալով կենտրոնի գործունեությանը եւ նրա շուրջ համախմբված երիտասարդությանը` Հայր Սուրբը մասնավորապես ընդգծեց, որ խմբի նպատակն ուղղված է Եկեղեցու առաքելության արդյունավորմանը: Հանդիսության ընթացքում երաժշտական համարներով ու անհատական ասմունքով հանդես եկան կենտրոնի անդամները, որից հետո մի շարք երիտասարդներ նվերների արժանացան Վեհափառ Հայրապետի կողմից ակտիվ գործունեություն ծավալելու համար: Ներկաները դիտեցին նաեւ կենտրոնի գործունեության մասին պատմող տեսաֆիլմ: Արարողությանը ներկա բարձրաստիճան հոգեւորականներից Անգլիայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը եւ Անգլիկան Եկեղեցու ներկայացուցիչ, Արեւելյան Ուղղափառ Եկեղեցիների ասոցիացիայի նախագահ Վիլյամ քահանա Թեյլորն իրենց տպավորություններն արտահայտեցին կենտրոնի գործունեության առիթով` բարձր գնահատելով երիտասարդների անձնվեր մասնակցությունն ու աջակցությունը Եկեղեցու առաքելությանը: Հանդիսության ավարտին կենտրոնի անդամներին իր գնահատանքը բերեց Ամենայն Հայոց Հայրապետը: Նորին Սրբությունը նշեց, որ երիտասարդների կողմից կատարված աշխատանքը մեր Տեր Հիսուս Քրիստոսի, Ավետարանի պատգամների ու պատվիրանների, Հայոց Եկեղեցու հանդեպ նրանց սիրո վկայությունն է: Վեհափառ Հայրապետը գոհունակություն հայտնեց, որ կենտրոնի մեջ ընդգրկվածները ջանում են տերունական պատգամներին համապատասխան ապրել եւ օգտակարություն բերել բոլոր նրանց, ովքեր կարիք ունեն Աստծու խոսքով մխիթարվելու, ովքեր կարիք ունեն Քրիստոսի Ավետարանով զորանալու, ներշնչվելու` հույսով ու լավատեսությամբ նայելու իրենց կյանքի ապագա ընթացքին: Նորին Սրբությունը նաեւ իր մասնավոր գնահատանքը բերեց քարոզչական կենտրոնի պատասխանատու Հայր Թովմային` խմբի աշխատանքներն արդյունավետ կերպով կազմակերպելու եւ ուղղորդելու համար, ապա հաջողություն մաղթեց կենտրոնի գործունեությանը` հայցելով Տիրոջ օրհնությունը, որպեսզի տարեց տարի այս կառույցն առավել հզորանա եւ նորանոր ոլորտներ ընդգրկի իր առաքելության մեջ:
Նոյյան տապան  -   Բարեգործություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play