Հայաստանը նշում է Աղետների նվազեցման միջազգային օրը


Հայաստանը նշում է Աղետների նվազեցման միջազգային օրը

  • 13-10-2010 19:35:31   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Երեւան, հոկտեմբերի 13, 2010թ. – ՀՀ կառավարությունը եւ Միավորված ազգերի կազմակերպությունն (ՄԱԿ) այսօր նշեցին Աղետների նվազեցման միջազգային օրը` միաժամանակ ներկայացնելով ՄԱԿ-ի աղետների նվազեցման միջազգային ռազմավարության (ՄԱԿԱՆՄՌ) գրասենյակի քարոզարշավը «Քաղաքների դիմակայունության բարձրացում. իմ քաղաքը պատրաստվում է» թեմայով, որի նպատակն է հասցեագրել տեղական եւ քաղաքային ռիսկի խնդիրները: Այսօր քաղաքները շատ մեծ են եւ ավելի արագ են զարգանում, քան երբեւէ պատմության մեջ: Բնակչության 50 տոկոսից ավելին ապրում են քաղաքներում: Ավելին, արագ աճի պատճառով քաղաքները գտնվում են բարձր ռիսկային գոտիներում: Կառավարություններն իրենց ամենամեծ ցանկության դեպքում էլ չեն կարող կառավարել հսկայական աճն ու ենթակառուցվածքների վրա ունեցած ազդեցությունը: Այս տարվա քարոզարշավը կոչ է անում քաղաքների առաջնորդներին, բնակչությանը, քաղաքացիական հասարակությանը եւ գիտատեխնիկական աշխատողներին` կապ հաստատելու տեղական իշխանությունների հետ: «Մենք կոչ ենք անում կիրառել ռիսկի գնահատման հայտնի մեթոդները, բարելավել քաղաքային պլանավորումը, ամրապնդել համակարգումն եւ ուսուցանել քաղաքացիներին` օգտվելու վաղ ազդարարման ազդանշաններից: Մենք կոչ ենք անում ապահովել վաղ ազդարարման համակարգերի առկայությունը»,- իր 2010թ. հոկտեմբերի 13-ի ելույթի մեջ նշեց ՄԱԿ-ի` Աղետների ռիսկի նվազեցման գլխավոր քարտուղարի օգնական Մարգարետա Վոլստրոմը: Քաղաքապետերն ու տեղական ինքնակառավարման մարմինները քարոզարշավի հիմնական թիրախներն ու իրականացնողներն են: Տեղական իշխանություններն ամեն օր կանգնած են աղետների վտանգի առաջ, եւ նրանց պետք է հասանելի լինեն համապատասխան քաղաքականություններ ու գործիքներ` այդ խնդիրները արդյունավետորեն լուծելու համար: 2005- 2015թթ. Հյոգոյի գործողությունների ծրագիրը կառավարման մարմինների համար քաղաքային ռիսկի նվազեցման լուծումներ է առաջադրում: Հայաստանում ՄԱԿ-ի գործակալությունները, այդ թվում` ՄԱԶԾ-ը, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը եւ ԱՀԿ-ը աշխատում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության եւ իր գերատեսչությունների, ինչպես նաեւ այլ պետական մարմինների, գիտական եւ ակադեմիական հաստատությունների եւ քաղաքացիական հասարակության հետ` նպաստելու աղետների ռիսկի նվազեցման ազգային կարողությունների եւ աղետների կառավարման համակարգի հզորացմանը: «Չափազանց գնահատելի է կառավարության մեծ հետաքրքրվածությունը, քաղաքական կամքը եւ ոգեւորությունը: Այս տարի ՀՀ կառավարության կողմից մի շարք կարեւոր նախաձեռնությունների ձեռնարկումը, այն է Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի հիմնումը, որը բազմակի շահագրգիռ կողմեր ներառող համակարգող ֆորում է, աղետների ռիսկի նվազեցման ռազմավարության մշակումը եւ իրականացումը ցույց է տալիս, որ Հայաստանի կառավարության համար աղետների ռիսկի նվազեցումը առաջնահերթություն է, եւ այն ձգտում է ազգաբնակչությանը պաշտպանել աղետներից»,-շեշտադրեց ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Լեյլի Մոշիրին` իր խոսքն ուղղելով միջոցառման մասնակիցներին (ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարին, ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարարին եւ Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցչին, Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավարին, նվիրատու կազմակերպություններին եւ ՀԿ համայնքին): «Հայաստանում աղետների ռիսկի նվազեցման արդյունավետ ու գործուն համակարգի ձեւավորումը մեծ նշանակություն ունի մեր երկրի համար, ոչ միայն բուն` աղետների ռիսկի կառավարման, այլեւ աղքատության կրճատման, նյութական, սոցիալական, տնտեսական, բնապահպանական խոցելիության նվազեցման, երկրի ընդհանուր կայուն զարգացման համար»,-նշեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Միջոցառման պաշտոնական մասից հետո ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի կողմից` ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՀՀ կրթության եւ գիտության եւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախա-րարութ-յուն-ների հետ համագործակցությամբ եւ Եվրոպական հանձնաժողովի Մարդասիրական օգնության դեպարտամենտի աջակցությամբ անցկացվեց սեմինար «Համագործակցության հզորացում` հանուն աղետների նվազեցման» թեմայով: «Եվրոպական Միությունն աջակցում է աղետներին նախապատրաստման ջանքերը ողջ աշխարհում եւ նպատակադրվել է Հարավային Կովկասի բնակչության եւ իշխանությունների մոտ ձեւավորել անվտանգության եւ դիմակայունության մշակույթ: Եվրոպական հանձնաժողովի Մարդասիրական օգնության դեպարտամենտի «Հարավային Կովկասում աղետների ռիսկերի նվազեցման» ծրագիրը (DIPECHO) ապացուցում է, թե որքանով ենք կարեւորում աղետների ռիսկերի նվազեցումը տարածաշրջանում» - նշեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Ռաուլ դը Լյուցենբերգերը: Եվրոպական միությունը DIPECHO ծրագրի միջոցով Հայաստանին, Վրաստանին եւ Ադրբեջանին հատկացրել է 2 մլն եվրո` աղետներին նախապատրաստվելու համար: Սեմինարի ընթացքում քննարկվեց աղետների ռիսկի նվազեցման արդյունավետ եւ կայուն համակարգի հիմնումը, որը հնարավորություն կտա հասցեագրել երկրում գոյություն ունեցող եւ առաջացող ռիսկերը, աղետների ռիսկի թեման ընդգրկել դպրոցական ծրագրերում եւ իրագործել 2005-2015 Հյոգոյի գործողությունների ծրագրով նախատեսված միջազգային պարտավորությունները: «Հայտնի է, որ մենք չենք կարող դադարեցնել բնական երեւույթները, սակայն մենք կարող են կանխել բնական երեւույթների` աղետների վերածումը: Արդյունավետ պլանավորման, շինարարության նորմերի, հաղորդակցման, պատրաստվածության եւ արձագանքման կարողությունների առկայությամբ աղետների ժամանակ մարդիկ կլինեն ապահով վնասներից, տները, հիվանդանոցները եւ այլ կարեւորագույն հաստատությունները կանգուն կմնան, կփրկվեն մարդկանց կյանքեր»,- նշեց ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Լեյլի Մոշիրին:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play