Կառավարությունում մշակվում է արդյունաբերական նոր ծրագիր


Կառավարությունում մշակվում է արդյունաբերական նոր ծրագիր

  • 29-03-2012 17:28:48   | Հայաստան  |  Տնտեսություն

Մարտի 29-ի նիստում կառավարությունը հաստատել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների 2012թ. ծրագիրը եւ դրա միջոցառումների ցանկը։ Ըստ ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է. «Սա այն ոլորտն է, որտեղ մենք ակնհայտ հաջողություն ունենք: Դա պայմանավորված է նրանով, որ մասնավոր հատվածն ապագա հինգ տարիների ընթացքում պետության առջեւ դնում է հստակ խնդիր. մենք պարտավոր ենք տարեկան առնվազն 20 տոկոսով ավելացնել համապատասխան տեղերը բուհերում, որոնք պատրաստում են տեղեկատվական տեխնոլոգիաների կադրեր։ Սա այսօրվա դրությամբ թիվ մեկ խնդիրն է, որը մեր առջեւ դնում է մասնավորը։ Նրանց տարեկան արտադրանքի եւ աշխատատեղերի աճը կազմում է 20-30 տոկոս, եւ այսօր խիստ բարձր է մրցակցությունը այդ կադրերի նկատմամբ։ Դրա արդյունքում աշխատավարձն էլ աճում է շատ բարձր տեմպերով։ Նոր աշխատատեղում ծրագրավորողի աշխատավարձն սկսվում է 500 հազար դրամից։ Ընդ որում, այսպիսի աշխատատեղերն այսօր առկա են, եւ ոլորտը չի կարողանում իր համար գտնել համապատասխան կադրեր։ Դրա համար մենք կրթության եւ գիտության նախարարության հետ արդեն մշակում ենք ծրագիր, որպեսզի էապես ավելացնենք այդ ոլորտում կադրերի պատրաստման հզորությունները։ Այսպիսի երկրորդ ճյուղը դառնալու է ճշգրիտ ճարտարագիտությունը, որտեղ եւս աճի բավական մեծ տեմպեր կան, երրորդը լինելու է դեղագործությունը։ Սրանք այն ճյուղերն են, որոնք ներառված են մեր նոր արդյունաբերական քաղաքականության մեջ։ Կոնկրետ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում փորձը ցույց է տալիս, որ պետություն-մասնավոր համագործակցության այն հարթակը, որն ստեղծել ենք, առարկայական պտուղներ է տալիս։ Աշխատում ենք մասնավորի հետ, բացահայտում նրանց խնդիրները եւ լուծում դրանք։ Մարդիկ տեսնում են, որ ներդրումների նոր դաշտ է բացվում։ Այս դրական փորձն էլ ստիպեց մեզ, որպեսզի մշակենք եւ ներդնենք նոր արդյունաբերական ծրագիրը»։ ՀՀ կառավարությունը հաստատել է «Մ-6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի 82-րդ կիլոմետրի սողանքի հետեւանքով փլուզված հատվածի վերականգնման աշխատանքներ» գնման արդյունքը` ընտրված մասնակից ճանաչելով համատեղ գործունեության պայմանագրի հիման վրա գործող «Ճանապարհ» եւ «Արարատ-Ճանշին» ՍՊԸ-ներից կազմված կոնսորցիումը 549 մլն 999 հազար 983 դրամ պայմանագրային գումարով։ Որոշման ընդունումը թելադրված է հորդառատ անձրեւների եւ այլ բնածին անկանխատեսելի երեւույթների հետեւանքով հրատապ հիմնանորոգում պահանջող ճանապարհահատվածների եւ տրանսպորտային օբյեկտների նորոգման եւ դրանց գնման գործընթացի կազմակերպման անհրաժեշտությամբ։ Այս առնչությամբ վարչապետը կառավարության անդամների ուշադրությունը հրավիրել է առաջնահերթ նորոգման կարիք ունեցող ճանապարհների ցանկի վրա, որտեղ ստեղծվել է վտանգավոր իրավիճակ։ «Անհրաժեշտություն կա հնարավորինս շուտ սկսել նորոգման աշխատանքները, հակառակ դեպքում գործ կունենանք լուրջ ռիսկերի՝ ճանապարհների փլուզման, երթեւեկության դադարեցման հետ», - հավելել է Տիգրան Սարգսյանը։ -Այժմ տրանսպորտի եւ կապի նախարարությունը ֆինանսների նախարարության հետ ներկայացրել են առաջարկություններ ըստ առաջնահերթությունների, թե ինչպես պետք է վերաբաշխենք 2012 թվականի պետական բյուջեի միջոցները, որոնք նախատեսել էինք ճանապարհաշինության համար։ Ընդհանրապես, պետք է արձանագրենք, որ այս տարի ճանապարհաշինությունը մեզ համար դառնալու է առաջնահերթություն, որովհետեւ մենք տեսնում ենք, որ ճանապարհների վիճակը կտրուկ վատթարացել է՝ պայմանավորված ձմեռային առանձնահատկություններով եւ ճանապարհների մաքրման գործողություններով, որոնց արդյունքում ճանապարհները քայքայվել են ավելի շատ, քան նախորդ տարի։ Այս խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է բյուջեում վերաբաշխում կատարել եւ չորրորդ եռամսյակի համար նախատեսված գումարները տեղափոխել երրորդ եռամսյակ եւ օր առաջ սկսել այդ աշխատանքները»։
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play