ՀՀ ԱԺ խմբակցությունները նամակ են հղել միջազգային կառույցների ղեկավարներին


ՀՀ ԱԺ խմբակցությունները նամակ են հղել միջազգային կառույցների ղեկավարներին

  • 08-10-2010 16:35:06   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՄԱԿ-ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ ՊԱՐՈՆ ԲԱՆ ԿԻ ՄՈՒՆԻՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ՊԱՐՈՆ ԵԺԻ ԲՈՒԶԵԿԻՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՊԱՐՈՆ ՄԵՎԼՈՒԹ ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒԻՆ ԵԱՀԿ - Ի ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՊԱՐՈՆ ՊԵՏՐՈՍ ԷՖԹԻՄԻՈՒԻՆ Հոկտեմբերի 5-ին` գիշերվա ժամը 3-ին, Ադրբեջանում մահացել է Հայաստանի սահմանամերձ գոտուց առեւանգված քաղաքացիական անձ, հովիվ Մանվել Մամիկոնի Սարիբեկյանը: Հղում անելով Ադրբեջանի Պաշտպանության նախարարության եւ ռազմական դատախազության համատեղ հայտարարությանը` այդ երկրի լրատվամիջոցները նշում են, թե տեղի ունեցածը «ինքնասպանություն» է: Մինչ այդ ադրբեջանական ԶԼՄ-ներով տարածվել էր մի տեսահոլովակ, որում պարզ երեւում են Մ.Սարիբեկյանի վրա առկա խոշտանգումների հետքերը: Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորական խմբակցությունները խստորեն դատապարտում են Ադրբեջանի Հանրապետության իշխանությանը Մանվել Սարիբեկյանի մահվան կապակցությամբ եւ պահանջում են Ադրբեջանից` իր կողմից վավերացված Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ եւ 3-րդ հոդվածի դրույթներին, Ժնեւյան կոնվենցիաների եւ ՄԱԿ-ի 1984թ. դեկտեմբերի 10-ին ընդունված` «Խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ» Կոնվենցիային համապատասխան պատասխանատվության ենթարկել Մանվել Սարիբեկյանի մահվանը մեղսակից բոլոր պաշտոնատար անձանց: Միեւնույն ժամանակ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Միջազգային Կարմիր Խաչի Կոմիտեն հանդիսանում է Ժնեւյան կոնվենցիայի եւ կից արձանագրությունների դրույթների պահպանության երաշխավորը, Ազգային Ժողովի պատգամավորական խմբակցությունները դատապարտում են Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեի Երեւանի եւ Բաքվի գրասենյակների անգործությունն ու պասիվությունը: Ադրբեջանի կողմից բարձրաձայնվող ինքնասպանության պաշտոնական վարկածը, մեր կողմից գնահատվում է որպես պատասխանատվությունից խուսափելու եւ անպատժելիության կիրառման փորձ, քանի որ քաղաքացու մոտ նախքան մահն առկա են եղել բռնության հետքեր: Ինքնասպանության վարկածի դեպքում անգամ ծագում է քաղաքացուն ինքնասպանության հակելու կամ հասցնելու վարկածը, ինչը պետք է մանրամասն քննության առնվի Ադրբեջանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից` անպայմանորեն գործընթացին մասնակից դարձնելով Հայաստանի Հանրապետության եւ միջազգային փորձագետներին: Մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք միջազգային փաստաթղթեր վավերացրած Ադրբեջանի Հանրապետությունը պատասխանատու է իր երկրի վարչական սահմաններում գտնվող յուրաքանչյուր անձի անվտանգության համար: Օտարերկրյա քաղաքացու կյանքի դեմ ուղղված յուրաքանչյուր ոտնձգության բացահայտմանը պետք է մասնակից դարձվեն այն երկրի ներկայացուցիչները, որի հովանավորության ներքո գտնվում է տվայլ անձը: Ուստի պահանջում ենք Հայասատանի Հանրապետության հովանավորությունը կրող Մանվել Սարիբեկյանի մահվան գործի քննությանը ներգրավել ՀՀ Իրավապահ մարմինների ներկայացուցիչներին եւ պատասխանատվության ենթարկել մեղավորներին: Նաեւ կոչ ենք անում ԵԽԽՎ-ին, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովին, ՄԱԿ-ի եւ Եվրոպական Միության համապատասխան մարմիններին նպաստել այս դեպքի կապակցությամբ հետաքննությանը ներգրավելու Հայաստանի եւ միջազգային անկախ փորձագետներին: ՀՀ Ազգային ժողովի խորհրդարանական խմբակցություններ` Հայաստանի Հանրապետական կուսակցություն ` Գալուստ Սահակյան «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն ` Գագիկ Ծառուկյան «Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցություն` Վահան Հովհաննիսյան «Օրինած Երկիր» կուսակցություն ` Հեղինե Բիշարյան «Ժառանգություն» կուսակցություն ` Ստեփան Սաֆարյան
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play