Նոր դպրոց՝ Տավուշի մարզի Դիտավան գյուղում


Նոր դպրոց՝ Տավուշի մարզի Դիտավան գյուղում

  • 04-04-2012 13:12:57   | Տավուշի մարզ  |  Տնտեսություն

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Արգենտինայի տեղական մարմնի հովանավորությամբ Դիտավան համայնքը նոր դպրոց կունենա Արգենտինաբնակ բարերարներ Արմեն եւ Նատիա Էքսերճիէաններն այս անգամ ձեռնամուխ են եղել Տավուշի մարզի Դիտավան գյուղի դպրոցի կառուցմանը: Սա նրանց հովանավորությամբ «Հայաստան» հիմնադրամի կողմից իրականացվող չորրորդ ծրագիրն է համայնքում: Գործող դպրոցը 1950-ականների փայտե շինություն է: Աշակերտների թվի ավելացմանը զուգընթաց, ժամանակի ընթացքում շինությանը կից տեղադրվել են մետաղական տնակներ, որոնք ընդամենը տարածքի խնդիր են լուծել: «Ձմռանը ցուրտ, ամռանը շոգ, այս պայմաններում դժվար է երեխաների ուշադրությունը դասերին ուղղել,- ասում է դպրոցի տնօրեն Արմեն Հախվերդյանը: «Նոր դպրոցը մեծ ձեռքբերում է համայնքի համար. բազմաթիվ խնդիրներ կմնան հետեւում»,- ավելացնում է նա: «Հայաստան» համահայկական հիմնադրամից հայտնում են, որ երկհարկանի նորակառույցն իր հարկի տակ կարող է ընդունել շուրջ 60 աշակերտի: Դպրոցը կունենա ամբողջական կահավորում` ներառյալ համակարգչային դասասենյակ: Տեղադրվել են ջեռուցման եւ օդափոխության համակարգերը: Ներքին հարդարման աշխատանքների ավարտից հետո` սեպտեմբերին, գյուղի ավելի քան 40 աշակերտները նոր ուսումնական տարին կսկսեն նորակառույց դպրոցում: «Էքսերճիէան ամուսինները մեծ ներդրում ունեն սահմանամերձ մարզի այս գյուղում: Ուրախ ենք, որ նրանք ժամանակ են հատկացնում եւ անձամբ ներկա են գտնվում Դիտավանում մեկը մյուսին հաջորդող ծրագրերի բացմանը եւ ականատես լինում, թե ինչպես է կյանքը փոխվում համայնքում: Նրանց շնորհիվ է, որ գյուղն այսօր ունի խմելու ջուր, գազ, համայնքային կենտրոն»,- ասում է Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը: Էքսերճիէան ամուսիններին Դիտավանի «Պատվավոր գյուղացի» կոչման շնորհումը եւ Դիտավանի հրապարակի վերանվանումը բարերար ընտանիքի անունով համայնքի գնահատանքի դրսեւորումն է:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play