Պարգևատրման արարարողություն ԱԻ նախարարությունում


Պարգևատրման արարարողություն ԱԻ նախարարությունում

  • 10-04-2012 13:32:22   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հանրապետության ճանապարհներին ստեղծված բարդ իրավիճակներում, երբ ձյունն ու քամիները գերության մեջ էին պահում հարյուրավոր ավտոմեքենաներ` կին ու երեխաներով, հղիներով ու հիվանդներով, իրենց գերազանց դրսեւորեցին ԱԻՆ հրշեջ-փրկարարները, ովքեր գիշեր ու ցերեկ, առանց շաբաթ-կիրակիի, անձնվիրաբար ծառայեցին ժողովրդին։ Ամենաապահով եվրոպաներում տասնյակ մարդիկ զոհ գնացին ցրտին ու բքին։ Իսկ մեզ մոտ հրշեջ-փրկարարների, ճանապարհային ոստիկանների, ճանշինի աշխատակիցների, պարզապես պատահական վարորդների շնորհիվ ոչ մի զոհ չունեցանք։ ԱԻ նախարար Արմեն Երիցյանն արդեն պարգեւատրել էր Արագածոտնի, Գեղարքունիքի եւ Շիրակի մարզի հրշեջ-փրկարարներին, եւ հանձնարարել էր գտնել «Համեր» մակնիշի 2 ավտոմեքենաների վարորդներին, ովքեր քաղաքացիական դիրքորոշում էին դրսեւորել եւ իրենց անձնական Համերներով 35 ավտոմեքենա դուրս բերել ձնաբքի գերությունից։ Ապրիլի 10-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցավ բազմաթիվ մարդկանց ավտոմեքենաներ ձնաբքից հանած երկու քաղաքացիների պարգեւատրման արարարողությունը։ Փրկարարական աշխատանքներում արդյունավետ օգնություն ցուցաբերելու, դժվար իրավիճակում հայտնված մարդկանց օգնելու ընթացքում դրսեւորած մարդասիրական վերաբերմունքի համար ԱԻ նախարար Արմեն Երիցյանը ԱԻՆ պատվոգրով պարգեւատրեց ՀՀ քաղաքացիներ Աղաբեկ Հակոբյանին եւ Կարապետ Մելքոնյանին։ - Ուրախ եմ, որ ձեզ նման տղաներ կանգնած են մեր կողքին, փրկարարների կողքին։ Ինձ հաճախ հարցնում են` քանի փրկարար ունենք մենք։ Մենք ունենք այնքան փրկարար, որքան Հայաստանում բնակիչ կա, քանի որ յուրաքանչյուրը կարող է օգնության հասնել դժվարության մեջ հայտնվածին։ Կարծում եմ, հասարակությունը պետք է գնահատի նման մարդկանց անձնվեր աշխատանքը, - վստահեցրեց ԱԻ նախարարը։ Կամավոր փրկարարներ, գործարարներ, պարզապես Հայաստանի քաղաքացիներ Աղաբեկ Հակոբյանն ու Կարապետ Մելքոնյանն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարին` դրսեւորած վերաբերմունքի եւ իրենց կատարած աշխատանքի նման բարձր գնահատականի համար։ Ով չի սիրում… լավ արարքը, լավ մարդին Փետրվարի 10-ին արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Երեւան-Սեւան ավտոմայրուղու 25-րդ կիլոմետրում։ Ձնաբքի հետեւանքով խցանման մեջ էին հայտնվել տասնյակ ավտոմեքենաներ։ Դեպքի վայրում իրականացված փրկարարական աշխատանքներում Կոտայքի մարզային փրկարարական վարչության փրկարարների եւ ճանապարհային ոստիկանների հետ կամավոր կերպով «Համեր» մակնիշի սեփական ավտոմեքենաներով արդյունավետ աշխատել են երկու քաղաքացիներ, ինչի արդյունքում հաջողվել է խուսափել զոհերից եւ վիրավորներից` ձնաբքից դուրս բերելով 35 տրանսպորտային միջոց։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն