ՄԱԿ-ի ներկայացուցիչներին մտահոգող հիմնական հարցերից մեկը Հայաստանի դատական համակարգի ներքին անկախության բացակայությունն է<br />


ՄԱԿ-ի ներկայացուցիչներին մտահոգող հիմնական հարցերից մեկը Հայաստանի դատական համակարգի ներքին անկախության բացակայությունն է

  • 16-09-2010 13:48:00   | Հայաստան  |  Իրավունք
ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 6-15-ին Հայաստանում էր գտնվում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի Կամայական ազատազրկման հարցերով աշխատանքային խումբը: Այցելության ավարտին խումբը հրապարակել է իր նախնական դիտարկումները, ուրում ասված է. «ՀՀ կառավարության հրավերով 2010թ. սեպտեմբերի 6-15-ին Հայաստանի Հանրապետությունում առաքելություն է իրականացրել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի Կամայական ազատազրկման հարցերով աշխատանքային խումբը: Պատվիրակությունը ղեկավարում էր Էլ Հաջի Մալիկ Սոուն` աշխատանքային խմբի նախագահ-զեկուցողը, իսկ խմբի կազմում էին Մադս Անդենասը եւ աշխատանքային խմբի քարտուղարության երկու աշխատակից Ժնեւի ՄԱԿ-ի գրասենյակից: Նախ եւ առաջ կցանկանայինք հայտնել մեր երախտագիտությունը ՀՀ կառավարությանը` հրավերի եւ առաքելության իրականացման հարցում աշխատանքային խմբի հետ լիարժեք համագործակցության համար: Այցի ամբողջ ընթացքում աշխատանքային խումբը վայելեց կառավարության համագործակցությունը, ներառյալ իշխանության բոլոր այն ներկայացուցիչների աջակցությունը, ում հետ խումբը հանդիպեց, եւ ովքեր տրամադրեցին անհրաժեշտ բոլոր տեղեկությունները, ինչպես նաեւ խմբի խնդրանքով կազմակերպեցին բոլոր հանդիպումները: Պատվիրակությունն այցելեց ազատազրկման վայրեր եւ առանձնազրույցներ ունեցավ153 ազատազրկվածի հետ: Աշխատանքային խումբը ցանկանում է նաեւ իր երախտագիտությունը հայտնել Հայաստանի քաղաքացիական հասարակության եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին, մասնավորապես` Միավորված Ազգերի կազմակերպության զարգցման ծրագրի (ՄԱԿ ԶԾ) աշխատակիցներին` առաքելության ընթացքում ցուցաբերած աջակցության համար: Փաստահավաք առաքելության ընթացքում աշխատանքային խումբը հանդիպումներ ունեցավ գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ, այդ թվում ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի, ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական գործերով պալատի նախագահի, ՀՀ Ազգային Ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային կապերի մշտական հանձնաժողովի նախագահի, ՀՀ Արտաքին գործերի, Արդարադատության եւ Պաշտպանության փոխնախարարների, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի, ՀՀ Առողջապահության առաջին փոխնախարարի, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ Ոստիկանության շտաբի պետի: Խումբը հանդիպեց նաեւ Մարդու իրավունքների պաշտպանին (օմբուդսմենին), Հայաստանի փաստաբանների միության նախագահին եւ անդամներին, ոստիկանության ՁՊՎ-ների հանրային մոնիթորինգի խմբի անդամներին, ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական հիմնարկների մոնիթորինգի խմբի անդամներին, Առաջին ատյանի եւ Վերաքննիչ դատարանների դատավորների եւ նախկին կալանավորվածների: Աշխատանքային խումբը հանդիպեց նաեւ ՄԱԿ-ի Հայաստանի գրասենյակի ներկայացուցիչներին: Պաշտոնական առաքելության ընթացքում աշխատանքային խումբն այցելեց Նուբարաշենի, Արթիկի, Գորիսի, Վարդաշենի, «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկներ, Երեւանի ՁՊՎ, ՀՀ Ռազմական ոստիկանության Երեւանի ՁՊՎ, Աբովյանի կանանց եւ անչափահասների քրեակատարողական հիմնարկներ, Երեւանի միգրանտների ընդունման կենտրոն, Սեւանի եւ Վանաձորի հոգեբուժական հաստատություններ: Աշխատանքային խումբն անակնկալ այցեր կատարեց Ապարանի եւ Գորիսի ոստիկանական բաժանմունքներ ու Սեւանի քրեակատարողական հիմնարկ: Այս բոլոր հաստատություններում խումբն առանձնազրույցներ է ունեցել դատապարտյալների եւ կալանավորվածների հետ: Աշխատանքային խումբը փորձել է անակնկալ այց կատարել Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի նախնական պահման սենյակ, որը նախատասեված է Երեւանի միջազգային օդանավակայան արտասովոր պայմաններում ժամանողների համար: Աշխատանքային խումբը ցանկանում է ընդգծել քրեական օրենսդրությունը բարեփոխելու ուղղությամբ գործադրված ջանքերը, մասնավորապես` Քրեական դատավարության օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնց նպատակն է համապատասխանեցնել ՀՀ քրեական օրենսդրությունն արդար դատավարության եւ պատշաճ իրավական ընթացակարգի միջազգային չափանիշերին: Վերջին տարիներին Ազգային Ժողովն ընդունել է ավելի քան 200 փոփոխություն եւ լրացում: Այժմ քննարկվում են նոր փոփոխություններ: Աշխատանքային խումբը ցանկանում է ընդգծել նաեւ իր այցելած քրեակատարողական հիմնարկներում եւ ՁՊՎ-ներում ֆիզիկական պայմանները բարելավելու ուղղությամբ գործադրվող ջանքերը, ինչպես նաեւ դատապարտյալների ու կալանավորվածների լավ փոխհարաբերությունները քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների հետ: Առանձնազրույցների ընթացքում աշխատանքային խմբին չներկայացվեց քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների կողմից խոշտանգման, վատ կամ անմարդկային վերաբերմունքի, ուժի կիրառման մասին որեւէ բողոք: Քառասուն ՁՊՎ-ներից երեսուներեքը վերանորոգվել են: Բացի այդ, աշխատանքային խումբը գոհունակությամբ տեղեկացավ այն մասին, որ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից կազմված երկու տարբեր խմբեր` Ոստիկանության ՁՊՎ-ների հանրային մոնիթորինգի խումբը եւ ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական հիմնարկների մոնիթորինգի խումբը, մշտական հիմունքներով այցելում են քրեակատարողական հիմնարկներ եւ ՁՊՎ-ներ եւ կատարում դրանց մշտադիտարկում (մոնիթորինգ): Ավելին, աշխատանքային խումբը ողջունում է Սահմանադրական դատարանի կատարած աշխատանքը եւ Սահմանադրական դատարան ուղղակիորեն դիմելու յուրաքանչյուր քաղաքացուն տրված հնարավորությունը: 2010թ. անցած ամիսներին Սահմանադրական դատարանը ստացել է 354 սահմանադրական բողոք: Աշխատանքային խումբը գնահատում է Մարդու իրավունքների պաշտպանի (օմբուդսմենի) կատարած աշխատանքը, ով 2009 թվականին ստացել եւ ուսումնասիրել է 5200 դիմում բողոք եւ ում գրասենյակն իրականացնում է քրեակատարողական հիմնարկների եւ ՁՊՎ-ների կանոնավոր եւ հատուկ մոնիթորինգ: Աշխատանքային խումբը նշել է Սահմանադրական դատարանի եւ Վճռաբեկ դատարանի իրավազորությունը, որը ձեւավորում է մարդու իրավունքների միջազգային օրենքի եւ ներպետական սահմանադրական իրավունքի ու սկզբունքների վրա հիմնված պատշաճ դատավարության պահանջներ: Առաքելության ընթացքում աշխատանքային խումբը տեղեկություններ է ստացել այն մասին, որ երկու անձինք մահացել են Ոստիկանության ՁՊՎ-ում: Ստացված տեղեկությունների համաձայն` նրանք ինքնասպանություն են գործել: Այդուհանդերձ, աշխատանքային խումբը համարում է, որ հետաքննությունները պետք է կատարեն արտաքին, անկախ մարմիններ եւ մահվան յուրաքանչյուր դեպքից անմիջապես հետո պետք է կատարվի նախաքննություն: Որոշ քրեակատարողական հիմնարկներում աշխատանքային խումբը հայտնաբերեց գերբնակեցվածություն, սանիտարահիգիենիկ վատ պայմաններ, բուժսպասարկման նվազագույն մակարդակ եւ բավարար օդափոխության բացակայություն: ՀՀ կառավարությունը պետք է երաշխավորի բոլոր ազատազրկվածների անվտանգության իրավունքը: Գերբնակեցվածությունը, կարծես, մի շարք եղանակներով նպաստում է կոռուպցիային քրեակատարողական հիմնարկներում, օրինակ` կաշառք քիչ գերբնակեցված խցեր տեղափոխելու համար: Աշխատանքային խմբին մտահոգող հիմնական հարցերից մեկը դատական համակարգի ներքին անկախության բացակայությունն է: Դա առաջին հերթին ոչ թե այն անկախության բացակայությունն է, որը պայմանավորված է պետական տարբեր ատյանների միջամտությամբ, այլ դատապարտողներին եւ դատավորներին գործողություններ ծավալելու համար տրված անհրաժեշտ անկախության բացակայությունը: Նրանց վրա դրված է արդարադատություն իրականացնելու մեծ պատասխանատվություն: Այդ ազնիվ նպատակին հասնելու համար նրանք պետք է կարողանան ցուցադրել իրենց անկախ եւ անկողմնակալ լինելը` դատավարության ընթացքում նույն իրավունքներով եւ պարտականություններով օժտելով կողմերին եւ երաշխավորելով արդար դատավարություն, օրենքի պատշաճ կատարում եւ մեղադրվող անձանց իրավունքների պաշտպանություն: Մեղադրող եւ պաշտպանող կողմերի միջեւ լծակների հավասարակշռվածության սկզբունքը արդար դատավարության հիմնական նախապայմաններից է: Դատարաններն ու դատավորները, որպես կանոն, բավարարում են դատախազի միջնորդությունները եւ միայն հազվադեպ դեպքերում են բավարարում պաշտպանության կողմի փաստարկները: Հարցված իրավաբանների մեծ մասը այն տեսակետին են, որ մեղադրական եզրակացությունները եւ դատավճիռները մեծապես հետեւում են այն չափանիշներին, որոնք պարտադրված են դատախազների կողմից: Նաեւ, որոշ դատապարտված եւ կալանքի վայրերում գտնվող անձիք այն տեսակետին էին, որ դատավորը չի գործել որպես անկախ եւ անկողմնակալ մարմին, այլ որպես նույն մակարդակում կամ նույնիսկ դատախազից ավելի ստորադաս մակարդակում գտնվող իրավական պաշտոնյա: Սա դժվարացնում է ներկայումս կառավարության կողմից կաշառակերության դեմ մղվող պայքարի աշխատանքները: Դատարաններն ու դատավորները կարծես թե ինքնասահմանափակված են արդարադատություն կիրառելու առումով, ավելի խիստ վճիռներ են կայացնում, քան պետք է` վախենալով, որ նրանք կարող են ընկալվել ոչ այդքան տոկուն կոռուպցիայի դեմ իրենց մղած պայքարում կամ էլ որպես դրանում մասնակցություն ունեցող: Դատավարության ձեւերի հարցն այլ խնդիր է, երբ մեղադրական եզրակացությունները եւ դատավճիռները բավարար հիմնավորվածություն չունեն: Մենք տեղյակ ենք, որ վճռաբեկ դատարանը իր մի շարք որոշումներում պահանջել է ներկայացնել առաջադրված դատավճիռների հիմնավորումները եւ օրենքի այս ոլորտը զարգանում է` բավարարելու համար մարդու իրավունքների պաշտպանության միջազգային չափանիշներին եւ պատշաճ ընթացակարգերի պահանջներին: Պատճառաբանվում է, որ դատախազներն ավելի շատ պետության շահերի, քան հասարակության եւ օրենքի պաշտպաններն են եւ անմեղության կանխավարկածի փոխարեն հետեւում են մեղավորության կանխավարկածի սկզբունքին: Դատարաններն ավելի շատ դիտվում են որպես դատախազի կնիք, քան քաղաքացիների իրավունքների պաշտպաններ կամ պատշաճ դատավարության գործընթացի երաշխավորներ: Դատավարությունների ժամանակ դատախազները մեծ մասամբ անտեսում են փաստաբաններին: Սա նաեւ լրջորեն ազդում է իրավաբանի մասնագիտության վրա: Հարցված ձերբակալվածներից շատերը նշեցին, որ իրենք փաստաբանի ծառայությունների կարիք չեն զգում, որովհետեւ ի վերջո այդ ծառայություններն անօգուտ են: Այս ձերբակալվածները համոզված են, որ ավելի լավ է լավ հարաբերություններ ունենալ քննիչների եւ դատախազների հետ: Ձերբակալվածներից շատերը կարեւորեցին այն կոնկրետ օգուտները, որոնք կարելի է ստանալ պաշտպան ունենալու դեպքում: Վստահության պակասն ավելի սուր է հանրային պաշտպանի դեպքում: Չնայած այն հանգամանքին, որ կառավարությունը լուրջ ջանքեր է գործադրել պետական բյուջեի հաշվին ֆինանսական միջոցներ չունեցող մեղադրյալներին իրավախորհրդատու ապահովելու համար, շատ կալանավորվածներ նշեցին, որ հանրային պաշտպաններին նրանք դիտարկում են որպես դատախազների գործընկերներ եւ ընկերներ եւ որ նրանք նույնիսկ կարող են գաղտնի համաձայնության գալ միմյանց հետ: Սա է շատ պաշտպանվողների կողմից նշված պատճառներից մեկը, թե ինչու են նրանք նախընտրում անձամբ պաշտպանել սեփական շահերը դատարանում: Աշխատանքային խումբը կարեւոր է համարում շեշտել այն հանգամանքը, որ դատավորի կողմից մեղադրող եւ պաշտպանող կողմերի միջեւ հավասարության սկզբունքը լիարժեք չապահովելու եւ չերաշխավորելու դեպքում արդարադատությունը չի կարող իրականացվել: Դատապարտյալներն աշխատանքային խմբի ներկայացուցիչներին տեղեկացրեցին, որ իրենց կողմից ներկայացրած վկայությունները չեն ընդունվել կամ դատավարության ընթացքում հաշվի չեն առնվել եւ որ դատավորները չեն էլ կանչել պաշտպանի կողմից հրավիրված վկաներին` ցուցմունքներ տալու: Բացի այդ, պաշտպանները դժվարություններ են ունեցել ստանալու դատական գործի նյութերը եւ ծանոթանալու դրանց հետ: Աշխատանքային խումբը հիշեցնում է, որ ձերբակալվածներն ունեն անկախ եւ անկողմնակալ դատական մարմնի կողմից իրականացվող արդար դատի եւ հանրային լսումների իրավունք` ինչպես սահմանված է Մարդու իրավունքների պաշտպանության համընդհանուր հռչակագրով, Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների համաձայնագրով եւ միջազգային օրենքի սկզբունքներով: Աշխատանքային խումբը նաեւ նշում է, որ այն չափազանց լայն լիազորությունները, որով օժտված են ՀՀ ԿԱ ոստիկանությունը, ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայությունը, ՀՀ ԿԱ ԱԱԾ սահմանապահ զորքերը, նպաստում են շատ անհատների ձերբակալմանն ու կալանավորմանը` առանց դատական մարմնի կողմից տված ձերբակալման սանկցիայի: Ձերբակալությունները հաճախ չեն հանդիսանում դրանց նախորդող ոստիկանական հետաքննության արդյունք, այլ մարդկանց ձերբակալում են, հետաքննությունն իրականացնելու նպատակով: Սա ազդում է ոչ միայն անձի ազատության, արդար դատավարության եւ անմեղության կանխավարկածի, այլեւ նրա անվտանգության իրավունքի վրա: Աշխատանքային խումբը տեղեկացվեց, որ անձի ձերբակալումն ու կալանավորումը կատարվում է վերջինիս փախուստը, իրեղեն ապացույցների ոչնչացումը եւ նրա կողմից հետագա հանցագործությունների կատարումը կանխելու նպատակով: Աշխատանքային խումբը նկատեց, որ մարդիկ ոստիկանության բաժանմունքներում պահվում են օրենքով սահմանված առավելագույնը 3 ժամով: Այն դրույթը, համաձայն որի, կասկածյալն առանց նրա նկատմամբ մեղադրանք հարուցելու, ոստիկանության կալանքի համար հատկացված վայրում կարող է պահվել մինչեւ 72 ժամ, հիմնականում պահպանվում եւ գործնականում կիրառվում է: 72 ժամ անց, կամ անձի նկատմամբ մեղադրանք է հարուցվում կամ նրան բաց են թողնում: Մարդկանց` որպես վկա ոստիկանական բաժանմունք հրավիրելու պրակտիկան քննադատվեց: Վկաներն իրավունք չունեն շտապ դատական որոշման կամ դատապաշտպանի: Հաճախ ոստիկանները պահում են այս մարդկանց 72 ժամից ավելի եւ փոխում են նրանց կարգավիճակը` վկայից կասկածյալի վերածելով: Նորմը, որը հաստատում է, որ ոչ ոք չի կարող պահվել նախնական կալանքի տակ մինչեւ դատավարությունը ավելի քան 12 ամիս, նունպես հաճախ պահպանվում է: Խնդիր է առաջանում դատավարության մեկնարկից հետո, երբ չկան հաստատված ժամկետներ դրա ավարտի վերաբերյալ: Վկայակոչվում էր, որ դատախազները կանոնավոր կերպով պահանջում եւ ստանում են դատավորներից դատավարության հետաձգումներ պատճառաբանելով, որ նրանց հավելյալ ժամանակ է պետք նախապատրաստվելու դատավարությանը: Հետաձգումները պատրվակ են հանդիսանում հետաձգելու հետաքննությունը: Մյուս կողմից դատախազները պնդում էին, որ դատավարությունների հետաձգման պատասխանատվությունն ընկնում է դատապաշտպանների վրա, որովհետեւ նրանք հաճախ պնդում են, որ կարիք ունեն հավելյալ ժամանակի նախապատրաստվելու պաշտպանությանը: Աշխատանքային խումբը նկատեց, որ ՔԿՀ-երում հարաբերակցությունը նախնական կալանքի տակ գտնվողների եւ ազատազրկվածների միջեւ կարծես թե համամասնական է եւ համապատասխան` մոտավորապես ազատազրկվածների մեկ քառորդը կալանավորներ են, որոնց հանդեպ դատական գործերը դեռեւս սկսված չեն: Շատ կալանավորներ եւ ազատազրկվածներ, որոնց հետ զրուցել է աշխատանքային խումբը, հայտնել են, որ ծեծի եւ բռնության են ենթարկվել ոստիկանական բաժանմունքներում: Որպես հետաքննության կարեւոր մաս, ոստիկանության եւ ԱԱԾ քննիչները ճնշում են գործադրում, ներառյալ բռնությունը, խոստովանություն ստանալու համար: Նրանք նաեւ հայտնեցին, որ դատախազներն ու դատավորները հրաժարվում են ներգրավել բռնության ապացույցները դատավարության գործընթացում: Ձերբակալության եւ վարույթի ընթացքում տեղի ունեցած ծեծի շատ դեպքեր չնշվեցին` վրեժխնդրության վախից ելնելով: Հարցրազրույցներն ու հանդիպումները ՀԿ-երի եւ իրավաբանների հետ հաստատեցին այս գնահատականները: Չնայած այն փաստին, որ օրենքը թույլ է տալիս գրավով ազատ արձակել, աշխատանքային խումբը հայտնաբերեց, որ այն գոծնականում չի կիրառվում: Բանտարկյալներն այսպիսով, պարտադրված են ամբողջյությամբ կրել իրենց պատիժը, անգամ եթե օրենքը տալիս է պայմանական ազատման հնարավորություն: Այս փաստը արտահայտվում է ոչ միայն ՔԿՀ-ների գերծանրաբեռնվածությամբ, այլեւ ազդում է դատապարտլյալների պահման ռեժիմի վրա, քանի որ ազատազրկվածները զրկված են ՔԿՀ-ում գտնվելու ժամանակ լավ վարքագիծ դրսեւորելու դեպքում խրախուսական միջոցներից, ինչպես նաեւ խոչընդոտվում է հասարակության մեջ վերաինտեգրվելու նրանց հնարավորությանը: Աշխատանքային խումբը նաեւ դիտարկեց քաղաքական ցույցերի առնչությամբ ձեռբակալված 13 բանտարկյալների վիճակը, հատկապես 2008թ. մարտին տեղի ունեցած ցույցերի առնչությամբ. Խումբը հարցազրույցներ ունեցավ նրանցից 4-ի հետ տարբեր ՔԿՀ-ներում: Խումբը դիտարկեց, որ ՀՀ կառավարությունն ապաստան եւ փախստականների կարգավիճակ է տրամադրում` համաձայն Փախստականների կարգավիճակին վերաբերող 1951թ. ՄԱԿ-ի կոնվենցիայի եւ համապատասխան 1967 արձանագրության: Կառավարությունը նաեւ տրամադրում է ժամանակավոր ապաստարան այն անձանց, ովքեր չեն համապատասխանում փախստականի կաչգավիճակին: Աշխատանքային խումբն այցելեց մի բաց կենրոն Երեւանում, որտեղ ապաստարան փնտրողները եւ փախստականի կարգավիճակ հայցող անձինք ապրում են պատշաճ պայմաններում եւ միեւնույն ժամանակ ազատ են դուրս գալ կենտրոնից ցերեկվա ժամերին: Նշված մարդիկ մնում են այդ կենտրոններում ընդհուպ մինչեւ իրենց դիմումի վերաբերյալ որոշում կայացնելը: Սահմանն ապօրինի հատելը համարվում է քրեական հանցագործություն: Աննախադեպ ժամանման իրավիճակում, օրինակ, երբ մարդիկ մուտք են գործում Հայաստան առանց անհրաժեշտ մուտքի վիզայի, կամ երբ անձինք խախտում են երկրում գտնվելու ժամկետները, մնալով երկրում վիզայի սպառումից հետո, սովորաբար պարտադրվում են վճարել տուգանք եւ արտաքսվում են երկրից, որոշակի ժամկետով երկիր մուտք գործելու արգելքով: Աշխատանքային խումբը մտահոգություն է հայտնել փախստականի կարգավիճակ հայցելու հնարավորության կապակցությամբ այն իրավիճակում, երբ փախստականները հետ են ուղարկվում հենց սահմանից: Կան նաեւ այլ մտահոգություններ սահմանը հատելու փաստը քրեական հանցագործություն համարելու առնչությամբ: Աշխատանքային խումբը ցանկանում է կատարել հետեւյալ հանձնարարականները. Կալանավորման կիրառումը որպես կանոն, այլ ոչ բացառություն եւ խափանման այլ միջոցների չկիրառելը չափից դուրս մեծացրել է կալանավորման դեպքերի քանակը: Անհրաժեշտ են օրենքի եւ դատարանների բարեփոխումներ, ինչպես նաեւ փոփոխություններ վարչական գործառույթներում: Գրավով ազատելու կամ կասկածյալներին կալանավորելու չափորոշիչները պետք է հստակեցվեն` դրանցից բխող պրակտիկայի համապատասխան փոփոխություններով: Հատուկ ուշադրություն պետք է դարձնել ձերբակալության եւ հարցաքննության ընթացքում կատարվող բռնություններին: Քրեական ընթացակարգի բարեփոխումը կարող է սահմանապակել ոստիկանություն հարցազրույցի հրավիրելու պրակտիկան` կասկածյալի իրավունքների խախտմամբ, եւ պրակտիկան լավացնելու համար կարիք կա հատուկ դասընթացներ կազպմակերպել ոստիկանության աշխատակիցների համար: Փախստականների եւ այլ միգրանտների իրավունքները պետք է ավելի լավ պաշտպանվեն, մասնավորապես` թույլատրելով դիմումի ընթացակարգը, մինչեւ անձին սահմանից հետ ուղարկելը»: Խմբի վերջնական զեկույցը կներկայացվի Մարդու իրավունքների խորհրդին 2011թ.-ի մարտ ամսին:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play