ՄԱԿ-ի ներկայացուցիչներին մտահոգող հիմնական հարցերից մէկը Հայաստանի դատական համակարգի ներքին անկախութեան բացակայութիւնն է<br />


ՄԱԿ-ի ներկայացուցիչներին մտահոգող հիմնական հարցերից մէկը Հայաստանի դատական համակարգի ներքին անկախութեան բացակայութիւնն է

  • 16-09-2010 13:48:00   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ
ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 6-15-ին Հայաստանում էր գտնւում ՄԱԿ-ի Մարդու իրաւունքների խորհրդի Կամայական ազատազրկման հարցերով աշխատանքային խումբը: Այցելութեան աւարտին խումբը հրապարակել է իր նախնական դիտարկումները, ուրում ասուած է. «ՀՀ կառավարութեան հրաւէրով 2010թ. սեպտեմբերի 6-15-ին Հայաստանի Հանրապետութիւնում առաքելութիւն է իրականացրել ՄԱԿ-ի Մարդու իրաւունքների խորհրդի Կամայական ազատազրկման հարցերով աշխատանքային խումբը: Պատուիրակութիւնը ղեկավարում էր Էլ Հաջի Մալիկ Սոուն` աշխատանքային խմբի նախագահ-զեկուցողը, իսկ խմբի կազմում էին Մադս Անդենասը եւ աշխատանքային խմբի քարտուղարության երկու աշխատակից Ժնեւի ՄԱԿ-ի գրասենեակից: Նախ եւ առաջ կցանկանայինք յայտնել մեր երախտագիտությունը ՀՀ կառավարութեանը` հրաւէրի եւ առաքելութեան իրականացման հարցում աշխատանքային խմբի հետ լիարժէք համագործակցութեան համար: Այցի ամբողջ ընթացքում աշխատանքային խումբը վայելեց կառավարութեան համագործակցութիւնը, ներառեալ իշխանութեան բոլոր այն ներկայացուցիչների աջակցութիւնը, ում հետ խումբը հանդիպեց, եւ ովքեր տրամադրեցին անհրաժեշտ բոլոր տեղեկությունները, ինչպէս նաեւ խմբի խնդրանքով կազմակերպեցին բոլոր հանդիպումները: Պատուիրակութիւնն այցելեց ազատազրկման վայրեր եւ առանձնազրոյցներ ունեցաւ153 ազատազրկվածի հետ: Աշխատանքային խումբը ցանկանում է նաեւ իր երախտագիտությունը յայտնել Հայաստանի քաղաքացիական հասարակութեան եւ միջազգային կազմակերպութիւնների ներկայացուցիչներին, մասնաւորապէս` Միաւորուած Ազգերի կազմակերպութեան զարգցման ծրագրի (ՄԱԿ ԶԾ) աշխատակիցներին` առաքելութեան ընթացքում ցուցաբերած աջակցութեան համար: Փաստահավաք առաքելութեան ընթացքում աշխատանքային խումբը հանդիպումներ ունեցաւ գործադիր, օրէնսդիր եւ դատական իշխանութիւնների բարձրաստիճան պաշտօնեաների հետ, այդ թւում ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի, ՀՀ Վճռաբեկ դատարանի քրէական գործերով պալատի նախագահի, ՀՀ Ազգային Ժողովի Մարդու իրաւունքների պաշտպանութեան եւ հանրային կապերի մշտական յանձնաժողովի նախագահի, ՀՀ Արտաքին գործերի, Արդարադատութեան եւ Պաշտպանութեան փոխնախարարների, ՀՀ գլխաւոր դատախազի տեղակալի, ՀՀ Առողջապահութեան առաջին փոխնախարարի, ՀՀ կառավարութեանն առընթեր ՀՀ Ոստիկանութեան շտաբի պետի: Խումբը հանդիպեց նաեւ Մարդու իրաւունքների պաշտպանին (օմբուդսմենին), Հայաստանի փաստաբանների միութեան նախագահին եւ անդամներին, ոստիկանութեան ՁՊՎ-ների հանրային մոնիթորինգի խմբի անդամներին, ՀՀ Արդարադատութեան նախարարութեան Քրէակատարողական հիմնարկների մոնիթորինգի խմբի անդամներին, Առաջին ատեանի եւ Վերաքննիչ դատարանների դատաւորների եւ նախկին կալանաւորուածների: Աշխատանքային խումբը հանդիպեց նաեւ ՄԱԿ-ի Հայաստանի գրասենեակի ներկայացուցիչներին: Պաշտօնական առաքելութեան ընթացքում աշխատանքային խումբն այցելեց Նուբարաշէնի, Արթիկի, Գորիսի, Վարդաշէնի, «Երեւան-Կենտրոն» քրէակատարողական հիմնարկներ, Երեւանի ՁՊՎ, ՀՀ Ռազմական ոստիկանութեան Երեւանի ՁՊՎ, Աբովեանի կանանց եւ անչափահասների քրէակատարողական հիմնարկներ, Երեւանի միգրանտների ընդունման կենտրոն, Սեւանի եւ Վանաձորի հոգեբուժական հաստատութիւններ: Աշխատանքային խումբն անակնկալ այցեր կատարեց Ապարանի եւ Գորիսի ոստիկանական բաժանմունքներ ու Սեւանի քրէակատարողական հիմնարկ: Այս բոլոր հաստատութիւններում խումբն առանձնազրոյցներ է ունեցել դատապարտեալների եւ կալանաւորուածների հետ: Աշխատանքային խումբը փորձել է անակնկալ այց կատարել Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի նախնական պահման սենեակ, որը նախատասեված է Երեւանի միջազգային օդանավակայան արտասովոր պայմաններում ժամանողների համար: Աշխատանքային խումբը ցանկանում է ընդգծել քրէական օրենսդրութիւնը բարեփոխելու ուղղութեամբ գործադրուած ջանքերը, մասնաւորապէս` Քրէական դատաւարութեան օրէնսգրքում կատարուված փոփոխութիւնները, որոնց նպատակն է համապատասխանեցնել ՀՀ քրէական օրենսդրությունն արդար դատաւարութեան եւ պատշաճ իրաւական ընթացակարգի միջազգային չափանիշերին: Վերջին տարիներին Ազգային Ժողովն ընդունել է աւելի քան 200 փոփոխութիւն եւ լրացում: Այժմ քննարկւում են նոր փոփոխութիւններ: Աշխատանքային խումբը ցանկանում է ընդգծել նաեւ իր այցելած քրէակատարողական հիմնարկներում եւ ՁՊՎ-ներում ֆիզիկական պայմանները բարելաւելու ուղղութեամբ գործադրուող ջանքերը, ինչպէս նաեւ դատապարտեալների ու կալանաւորուածների լաւ փոխհարաբերությունները քրէակատարողական հիմնարկների աշխատակիցների հետ: Առանձնազրոյցների ընթացքում աշխատանքային խմբին չներկայացվեց քրէակատարողական հիմնարկների աշխատակիցների կողմից խոշտանգման, վատ կամ անմարդկային վերաբերմունքի, ուժի կիրառման մասին որեւէ բողոք: Քառասուն ՁՊՎ-ներից երեսուներեքը վերանորոգուել են: Բացի այդ, աշխատանքային խումբը գոհունակութեամբ տեղեկացաւ այն մասին, որ հասարակական կազմակերպութիւնների ներկայացուցիչներից կազմուած երկու տարբեր խմբեր` Ոստիկանութեան ՁՊՎ-ների հանրային մոնիթորինգի խումբը եւ ՀՀ Արդարադատութեան նախարարութեան Քրէակատարողական հիմնարկների մոնիթորինգի խումբը, մշտական հիմունքներով այցելում են քրէակատարողական հիմնարկներ եւ ՁՊՎ-ներ եւ կատարում դրանց մշտադիտարկում (մոնիթորինգ): Աւելին, աշխատանքային խումբը ողջունում է Սահմանադրական դատարանի կատարած աշխատանքը եւ Սահմանադրական դատարան ուղղակիօրէն դիմելու իւրաքանչիւր քաղաքացուն տրուած հնարաւորութիւնը: 2010թ. անցած ամիսներին Սահմանադրական դատարանը ստացել է 354 սահմանադրական բողոք: Աշխատանքային խումբը գնահատում է Մարդու իրաւունքների պաշտպանի (օմբուդսմենի) կատարած աշխատանքը, ով 2009 թուականին ստացել եւ ուսումնասիրել է 5200 դիմում բողոք եւ ում գրասենեակն իրականացնում է քրէակատարողական հիմնարկների եւ ՁՊՎ-ների կանոնաւոր եւ յատուկ մոնիթորինգ: Աշխատանքային խումբը նշել է Սահմանադրական դատարանի եւ Վճռաբեկ դատարանի իրաւազօրութիւնը, որը ձեւաւորում է մարդու իրաւունքների միջազգային օրէնքի եւ ներպետական սահմանադրական իրաւունքի ու սկզբունքների վրայ հիմնուած պատշաճ դատաւարութեան պահանջներ: Առաքելութեան ընթացքում աշխատանքային խումբը տեղեկութիւններ է ստացել այն մասին, որ երկու անձինք մահացել են Ոստիկանութեան ՁՊՎ-ում: Ստացուած տեղեկութիւնների համաձայն` նրանք ինքնասպանութիւն են գործել: Այդուհանդերձ, աշխատանքային խումբը համարում է, որ հետաքննութիւնները պէտք է կատարեն արտաքին, անկախ մարմիններ եւ մահուան իւրաքանչիւր դէպքից անմիջապէս յետոյ պէտք է կատարուի նախաքննություն: Որոշ քրէակատարողական հիմնարկներում աշխատանքային խումբը հայտնաբերեց գերբնակեցվածություն, սանիտարահիգիենիկ վատ պայմաններ, բուժսպասարկման նուազագոյն մակարդակ եւ բաւարար օդափոխության բացակայութիւն: ՀՀ կառավարութիւնը պէտք է երաշխավորի բոլոր ազատազրկուածների անվտանգութեան իրաւունքը: Գերբնակեցվածությունը, կարծես, մի շարք եղանակներով նպաստում է կոռուպցիային քրէակատարողական հիմնարկներում, օրինակ` կաշառք քիչ գերբնակեցուած խցեր տեղափոխելու համար: Աշխատանքային խմբին մտահոգող հիմնական հարցերից մէկը դատական համակարգի ներքին անկախութեան բացակայութիւնն է: Դա առաջին հերթին ոչ թէ այն անկախութեան բացակայութիւնն է, որը պայմանաւորուած է պետական տարբեր ատեանների միջամտությամբ, այլ դատապարտողներին եւ դատաւորներին գործողութիւններ ծաւալելու համար տրուած անհրաժեշտ անկախութեան բացակայութիւնը: Նրանց վրայ դրուած է արդարադատութիւն իրականացնելու մեծ պատասխանատւութիւն: Այդ ազնիւ նպատակին հասնելու համար նրանք պէտք է կարողանան ցուցադրել իրենց անկախ եւ անկողմնակալ լինելը` դատաւարութեան ընթացքում նոյն իրաւունքներով եւ պարտականութիւններով օժտելով կողմերին եւ երաշխավորելով արդար դատավարութիւն, օրէնքի պատշաճ կատարում եւ մեղադրւող անձանց իրաւունքների պաշտպանութիւն: Մեղադրող եւ պաշտպանող կողմերի միջեւ լծակների հավասարակշռվածության սկզբունքը արդար դատաւարութեան հիմնական նախապայմաններից է: Դատարաններն ու դատաւորները, որպէս կանոն, բաւարարում են դատախազի միջնորդութիւնները եւ միայն հազուադէպ դէպքերում են բաւարարում պաշտպանութեան կողմի փաստարկները: Հարցուած իրավաբանների մեծ մասը այն տեսակետին են, որ մեղադրական եզրակացութիւնները եւ դատավճիռները մեծապէս հետեւում են այն չափանիշներին, որոնք պարտադրուած են դատախազների կողմից: Նաեւ, որոշ դատապարտուած եւ կալանքի վայրերում գտնուող անձիք այն տեսակետին էին, որ դատաւորը չի գործել որպէս անկախ եւ անկողմնակալ մարմին, այլ որպէս նոյն մակարդակում կամ նոյնիսկ դատախազից աւելի ստորադաս մակարդակում գտնուող իրաւական պաշտօնեայ: Սա դժուարացնում է ներկայումս կառավարութեան կողմից կաշառակերութեան դէմ մղւող պայքարի աշխատանքները: Դատարաններն ու դատաւորները կարծես թէ ինքնասահմանափակված են արդարադատութիւն կիրառելու առումով, աւելի խիստ վճիռներ են կայացնում, քան պէտք է` վախենալով, որ նրանք կարող են ընկալվել ոչ այդքան տոկուն կոռուպցիայի դէմ իրենց մղած պայքարում կամ էլ որպէս դրանում մասնակցութիւն ունեցող: Դատաւարութեան ձեւերի հարցն այլ խնդիր է, երբ մեղադրական եզրակացութիւնները եւ դատավճիռները բաւարար հիմնավորվածություն չունեն: Մենք տեղեակ ենք, որ վճռաբեկ դատարանը իր մի շարք որոշումներում պահանջել է ներկայացնել առաջադրուած դատավճիռների հիմնավորումները եւ օրէնքի այս ոլորտը զարգանում է` բաւարարելու համար մարդու իրաւունքների պաշտպանութեան միջազգային չափանիշներին եւ պատշաճ ընթացակարգերի պահանջներին: Պատճառաբանւում է, որ դատախազներն աւելի շատ պետութեան շահերի, քան հասարակութեան եւ օրէնքի պաշտպաններն են եւ անմեղութեան կանխավարկածի փոխարէն հետեւում են մեղավորության կանխավարկածի սկզբունքին: Դատարաններն աւելի շատ դիտւում են որպէս դատախազի կնիք, քան քաղաքացիների իրաւունքների պաշտպաններ կամ պատշաճ դատաւարութեան գործընթացի երաշխավորներ: Դատավարութիւնների ժամանակ դատախազները մեծ մասամբ անտեսում են փաստաբաններին: Սա նաեւ լրջօրէն ազդում է իրաւաբանի մասնագիտութեան վրայ: Հարցուած ձերբակալվածներից շատերը նշեցին, որ իրենք փաստաբանի ծառայութիւնների կարիք չեն զգում, որովհետեւ ի վերջոյ այդ ծառայութիւններն անօգուտ են: Այս ձերբակալուածները համոզուած են, որ աւելի լաւ է լաւ յարաբերութիւններ ունենալ քննիչների եւ դատախազների հետ: Ձերբակալվածներից շատերը կարեւորեցին այն կոնկրետ օգուտները, որոնք կարելի է ստանալ պաշտպան ունենալու դէպքում: Վստահութեան պակասն աւելի սուր է հանրային պաշտպանի դէպքում: Չնայած այն հանգամանքին, որ կառավարութիւնը լուրջ ջանքեր է գործադրել պետական բիւջէի հաշուին ֆինանսական միջոցներ չունեցող մեղադրեալներին իրաւախորհրդատու ապահովելու համար, շատ կալանաւորուածներ նշեցին, որ հանրային պաշտպաններին նրանք դիտարկում են որպէս դատախազների գործընկերներ եւ ընկերներ եւ որ նրանք նոյնիսկ կարող են գաղտնի համաձայնութեան գալ միմեանց հետ: Սա է շատ պաշտպանվողների կողմից նշուած պատճառներից մէկը, թէ ինչու են նրանք նախընտրում անձամբ պաշտպանել սեփական շահերը դատարանում: Աշխատանքային խումբը կարեւոր է համարում շեշտել այն հանգամանքը, որ դատաւորի կողմից մեղադրող եւ պաշտպանող կողմերի միջեւ հաւասարութեան սկզբունքը լիարժէք չապահովելու եւ չերաշխավորելու դէպքում արդարադատութիւնը չի կարող իրականացուել: Դատապարտեալներն աշխատանքային խմբի ներկայացուցիչներին տեղեկացրեցին, որ իրենց կողմից ներկայացրած վկայութիւնները չեն ընդունուել կամ դատաւարութեան ընթացքում հաշուի չեն առնուել եւ որ դատաւորները չեն էլ կանչել պաշտպանի կողմից հրաւիրուած վկաներին` ցուցմունքներ տալու: Բացի այդ, պաշտպանները դժուարութիւններ են ունեցել ստանալու դատական գործի նիւթերը եւ ծանօթանալու դրանց հետ: Աշխատանքային խումբը յիշեցնում է, որ ձերբակալուածներն ունեն անկախ եւ անկողմնակալ դատական մարմնի կողմից իրականացyող արդար դատի եւ հանրային լսումների իրաւունք` ինչպէս սահմանուած է Մարդու իրաւունքների պաշտպանութեան համընդհանուր հռչակագրով, Քաղաքացիական եւ քաղաքական իրաւունքների համաձայնագրով եւ միջազգային օրէնքի սկզբունքներով: Աշխատանքային խումբը նաեւ նշում է, որ այն չափազանց լայն լիազորութիւնները, որով օժտուած են ՀՀ ԿԱՅ ոստիկանութիւնը, ՀՀ ԿԱՅ ազգային անվտանգութեան ծառայութիւնը, ՀՀ ԿԱՅ ԱԱԾ սահմանապահ զորքերը, նպաստում են շատ անհատների ձերբակալմանն ու կալանավորմանը` առանց դատական մարմնի կողմից տուած ձերբակալման սանկցիայի: Ձերբակալութիւնները յաճախ չեն հանդիսանում դրանց նախորդող ոստիկանական հետաքննութեան արդիւնք, այլ մարդկանց ձերբակալում են, հետաքննութիւնն իրականացնելու նպատակով: Սա ազդում է ոչ միայն անձի ազատութեան, արդար դատաւարութեան եւ անմեղութեան կանխավարկածի, այլեւ նրա անվտանգութեան իրաւունքի վրայ: Աշխատանքային խումբը տեղեկացվեց, որ անձի ձերբակալումն ու կալանավորումը կատարւում է վերջինիս փախուստը, իրեղէն ապացոյցների ոչնչացումը եւ նրա կողմից յետագայ հանցագործությունների կատարումը կանխելու նպատակով: Աշխատանքային խումբը նկատեց, որ մարդիկ ոստիկանութեան բաժանմունքներում պահւում են օրէնքով սահմանուած առաւելագոյնը 3 ժամով: Այն դրույթը, համաձայն որի, կասկածեալն առանց նրա նկատմամբ մեղադրանք յարուցելու, ոստիկանութեան կալանքի համար յատկացուած վայրում կարող է պահուել մինչեւ 72 ժամ, հիմնականում պահպանւում եւ գործնականում կիրառւում է: 72 ժամ անց, կամ անձի նկատմամբ մեղադրանք է յարուցւում կամ նրան բաց են թողնում: Մարդկանց` որպէս վկայ ոստիկանական բաժանմունք հրաւիրելու պրակտիկան քննադատվեց: Վկաներն իրաւունք չունեն շտապ դատական որոշման կամ դատապաշտպանի: Յաճախ ոստիկանները պահում են այս մարդկանց 72 ժամից աւելի եւ փոխում են նրանց կարգավիճակը` վկայից կասկածեալի վերածելով: Նորմը, որը հաստատում է, որ ոչ ոք չի կարող պահուել նախնական կալանքի տակ մինչեւ դատավարութիւնը աւելի քան 12 ամիս, նունպես յաճախ պահպանւում է: Խնդիր է առաջանում դատաւարութեան մեկնարկից յետոյ, երբ չկան հաստատուած ժամկէտներ դրա աւարտի վերաբերեալ: Վկայակոչւում էր, որ դատախազները կանոնաւոր կերպով պահանջում եւ ստանում են դատաւորներից դատաւարութեան հետաձգումներ պատճառաբանելով, որ նրանց հաւելեալ ժամանակ է պէտք նախապատրաստուելու դատավարութեանը: Հետաձգումները պատրուակ են հանդիսանում յետաձգելու հետաքննութիւնը: Միւս կողմից դատախազները պնդում էին, որ դատավարութիւնների յետաձգման պատասխանատւութիւնն ընկնում է դատապաշտպանների վրայ, որովհետեւ նրանք յաճախ պնդում են, որ կարիք ունեն հաւելեալ ժամանակի նախապատրաստուելու պաշտպանութեանը: Աշխատանքային խումբը նկատեց, որ ՔԿՀ-երում յարաբերակցութիւնը նախնական կալանքի տակ գտնուողների եւ ազատազրկուածների միջեւ կարծես թէ համամասնական է եւ համապատասխան` մօտաւորապէես ազատազրկուածների մէկ քառորդը կալանաւորներ են, որոնց հանդէպ դատական գործերը դեռեւս սկսուած չեն: Շատ կալանաւորներ եւ ազատազրկուածներ, որոնց հետ զրուցել է աշխատանքային խումբը, յայտնել են, որ ծեծի եւ բռնութեան են ենթարկուել ոստիկանական բաժանմունքներում: Որպէս հետաքննութեան կարեւոր մաս, ոստիկանութեան եւ ԱԱԾ քննիչները ճնշում են գործադրում, ներառեալ բռնութիւնը, խոստովանություն ստանալու համար: Նրանք նաեւ յայտնեցին, որ դատախազներն ու դատաւորները հրաժարվում են ներգրաւել բռնութեան ապացոյցները դատաւարութեան գործընթացում: Ձերբակալութեան եւ վարոյթի ընթացքում տեղի ունեցած ծեծի շատ դէպքեր չնշուեցին` վրեժխնդրութեան վախից ելնելով: Հարցրազրույցներն ու հանդիպումները ՀԿ-երի եւ իրավաբանների հետ հաստատեցին այս գնահատականները: Չնայած այն փաստին, որ օրէնքը թոյլ է տալիս գրաւով ազատ արձակել, աշխատանքային խումբը հայտնաբերեց, որ այն գոծնականում չի կիրառւում: Բանտարկեալներն այսպիսով, պարտադրուած են ամբողջյությամբ կրել իրենց պատիժը, անգամ եթէ օրէնքը տալիս է պայմանական ազատման հնարաւորութիւն: Այս փաստը արտայայտւում է ոչ միայն ՔԿՀ-ների գերծանրաբեռնվածությամբ, այլեւ ազդում է դատապարտլյալների պահման ռեժիմի վրայ, քանի որ ազատազրկվածները զրկուած են ՔԿՀ-ում գտնուելու ժամանակ լաւ վարքագիծ դրսեւորելու դէպքում խրախուսական միջոցներից, ինչպէս նաեւ խոչընդոտւում է հասարակութեան մէջ վերաինտեգրուելու նրանց հնարաւորութեանը: Աշխատանքային խումբը նաեւ դիտարկեց քաղաքական ցույցերի առնչութեամբ ձեռբակալված 13 բանտարկեալների վիճակը, յատկապէս 2008թ. մարտին տեղի ունեցած ցույցերի առնչութեամբ. Խումբը հարցազրույցներ ունեցաւ նրանցից 4-ի հետ տարբեր ՔԿՀ-ներում: Խումբը դիտարկեց, որ ՀՀ կառավարութիւնն ապաստան եւ փախստականների կարգավիճակ է տրամադրում` համաձայն Փախստականների կարգավիճակին վերաբերող 1951թ. ՄԱԿ-ի կոնվենցիայի եւ համապատասխան 1967 արձանագրութեան: Կառավարութիւնը նաեւ տրամադրում է ժամանակաւոր ապաստարան այն անձանց, ովքեր չեն համապատասխանում փախստականի կաչգավիճակին: Աշխատանքային խումբն այցելեց մի բաց կենրոն Երեւանում, որտեղ ապաստարան փնտրողները եւ փախստականի կարգավիճակ հայցող անձինք ապրում են պատշաճ պայմաններում եւ միեւնոյն ժամանակ ազատ են դուրս գալ կենտրոնից ցերեկվա ժամերին: Նշուած մարդիկ մնում են այդ կենտրոններում ընդհուպ մինչեւ իրենց դիմումի վերաբերեալ որոշում կայացնելը: Սահմանն ապօրինի հատելը համարւում է քրէական հանցագործութիւն: Աննախադէպ ժամանման իրավիճակում, օրինակ, երբ մարդիկ մուտք են գործում Հայաստան առանց անհրաժեշտ մուտքի վիզայի, կամ երբ անձինք խախտում են երկրում գտնուելու ժամկէտները, մնալով երկրում վիզայի սպառումից յետոյ, սովորաբար պարտադրւում են վճարել տուգանք եւ արտաքսւում են երկրից, որոշակի ժամկէտով երկիր մուտք գործելու արգելքով: Աշխատանքային խումբը մտահոգութիվւն է յայտնել փախստականի կարգավիճակ հայցելու հնարաւորութեյան կապակցութեամբ այն իրավիճակում, երբ փախստականները հետ են ուղարկւում հենց սահմանից: Կան նաեւ այլ մտահոգութիւններ սահմանը հատելու փաստը քրէական հանցագործութիւն համարելու առնչութեամբ: Աշխատանքային խումբը ցանկանում է կատարել հետեւեալ յանձնարարականները. Կալանաւորման կիրառումը որպէս կանոն, այլ ոչ բացառութիւն եւ խափանման այլ միջոցների չկիրառելը չափից դուրս մեծացրել է կալանաւորման դէպքերի քանակը: Անհրաժեշտ են օրէնքի եւ դատարանների բարեփոխումներ, ինչպէս նաեւ փոփոխութիւններ վարչական գործառոյթներում: Գրաւով ազատելու կամ կասկածյալներին կալանաւորելու չափորոշիչները պէտք է յստակեցուեն` դրանցից բխող պրակտիկայի համապատասխան փոփոխություններով: Յատուկ ուշադրութիւն պէտք է դարձնել ձերբակալութեան եւ հարցաքննութեան ընթացքում կատարւող բռնութիւններին: Քրէական ընթացակարգի բարեփոխումը կարող է սահմանապակել ոստիկանութիւն հարցազրոյցի հրաւիրելու պրակտիկան` կասկածեալի իրաւունքների խախտմամբ, եւ պրակտիկան լավացնելու համար կարիք կայ յատուկ դասընթացներ կազպմակերպել ոստիկանութեան աշխատակիցների համար: Փախստականների եւ այլ միգրանտների իրաւունքները պէտք է աւելի լաւ պաշտպանվեն, մասնաւորապէս` թոյլատրելով դիմումի ընթացակարգը, մինչեւ անձին սահմանից հետ ուղարկելը»: Խմբի վերջնական զեկոյցը կներկայացուի Մարդու իրաւունքների խորհրդին 2011թ.-ի մարտ ամսին:
  -   Մարդու իրաւունքներ