Թբիլիսիում կայացավ ցուցահանդես՝ նվիրված Հայ գրատպության 500-ամյակին


Թբիլիսիում կայացավ ցուցահանդես՝ նվիրված Հայ գրատպության 500-ամյակին

  • 13-04-2012 11:37:25   | Վրաստան  |  Մշակույթ
Թբիլիսիի «Հայարտուն» մշակույթի կենտրոնը Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանի հետ համատեղ, ՀՀ մշակույթի եւ Սփյուռքի նախարարությունների, Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի եւ Վրաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ, Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանում ապրիլի 11-ին կազմակերպել է հայկական հնատիպ գրքերի ցուցահանդես՝ նվիրված Հայ գրատպության 500-ամյակին: Ցուցահանդեսում ներկայացված էին հինգ տասնյակից ավելի գրքեր, որոնցից էին, մասնավորապես, 1675թ. Հռոմում հրատարակված Յակոբեան Հովհաննեսի պատմությունը, 1760թ. Վենետիկում հրատարակված «Հայկական լեզվի Բառգիրքը» եւ 1760թ. Էջմիածնում տպագրված «Բուն տօմար հայոցը»: Ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը նշել է. «Այս ցուցահանդեսն անց է կացվում հայ տպագիր գրքի 500-ամյակին նվիրված տոնակատարությունների համատեքստում, որոնք այս տարի տեղի են ունենալու աշխարհի, թերեւս, բոլոր երկրներում, որտեղ կա հայկական համայնք: Սակայն Թբիլիսիի ցուցահանդեսը, անշուշտ, առանձնահատուկ տեղ է զբաղեցնում այդ շարքում, որովհետեւ մեծաթիվ չեն այն վայրերը, որտեղ կա հին հայ տպագիր գրքի նման հարուստ գրադարան»: Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպս. Միրզախանյանը, իր խոսքում արժեւորելով գրքի անգնահատելի դերը մարդու բանական մտքի զարգացման գործում, նշել է, որ Վրաստանը դարեր շարունակ եղել է հայ մշակույթի զարգացման կենտրոն, եւ այսօր էլ հայկական մշակութային քարտեզի վրա Վրաստանը երկիր է, որտեղ ոչ միայն զարգանում է հայ մշակույթը, այլեւ պահպանվում են այն պատմական կոթողները, որոնք հայ ինքնության հպարտությունն են: Ազգային գրադարանի գրապահոցում պահպանվում են 50 հազարից ավելի հայերեն գրքեր եւ փաստաթղթեր, որոնցից շուրջ հազարը հնատիպ հոգեւոր գրքեր են: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, հայ գրատպության 500-ամյակին նվիրված ցուցահանդեսը լուսաբանվել է տեղական մամուլի եւ հեռուստատեսության կողմից:
Նոյյան տապան  -   Մշակույթ