Ցուցահանդես Հալլեում՝ նվիրված հայ գրքի տպագրության 500-ամյակին


Ցուցահանդես Հալլեում՝ նվիրված հայ գրքի տպագրության 500-ամյակին

  • 18-04-2012 15:03:27   | Գերմանիա  |  Մշակույթ

Հալլե քաղաքի Kunstforum պատմական շենքում տեղի ունեցավ հայ գրքի տպագրության 500-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացումը: Այն կազմակերպվել էր Սաքսոոնիա Անհալտի մշակույթի նախարարության, Բեռլինի հանրային գրադարանի, Հալլեի Մարտին Լյութեր համալսարանի «Մեսրոբ» հայագիտական կենտրոնի աջակցությամբ: Ցուցահանդեսի ֆինանսական հովանավորն է Հալլեի խնայդրամարկղը (Saalesparkasse): Ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակցեցին Երեւանից ժամանած պատվիրակությունը` ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանի գլխավորությամբ: Բացման արարողությանը մասնակցեց ԳԴՀ արտաքին գործերի պետական նախարար տիկին Կորնելիա Պիպերը: Ներկա էին նաեւ Սաքսոնիա Անհալտի քաղաքական, տնտեսական, գիտա-կրթական եւ մշակութային ճանաչված գործիչներ, ինչպես նաեւ հայ համայնքի ներկայացուցիչներ: Ողջույնի խոսքով հանդես եկավ Հալլեի խնայդրամարկղի ղեկավար պր-ն Ֆր. Շտումպֆը, որից հետո ցուցահանդեսի բացման արարողության մասնակիցներին դիմեց Սաքսոնիա Անհալտ երկրամասի մշակույթի նախարար պր-ն Ս. Գորգեռլոհն: Այնուհետեւ ելույթով հանդես եկավ ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանը: Ներկաներին ողջույնի խոսքով դիմեցին նաեւ Բեռլինի հանրային գրադարանի գլխավոր տնօրեն տիկին Բ. Շնայդեր-Կեմպֆը եւ Հալլեի Մարտին Լյութեր համալսարանի ռեկտոր պրոֆեսոր Ու. Շտրյոտերը: Ցուցահանդեսի մի քանի տասնյակ ունիկալ ցուցանմուշների մասին տեղեկատվությունը ներկայացրեցին Բեռլինի հանրային գրադարանի բաժնի վարիչ տիկին Մելինե Փեհլեվանյանը եւ Հալլեի Մարտին Լյութեր համալսարանի «Մեսրոբ» հայագիտական կենտրոնի ղեկավար պրոֆեսոր տիկին Ա. Դրոստ-Աբգարյանը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, բացման արարողությունից հետո մասնակիցները ծանոթացան բազմադարյա պատմություն ունեցող ձեռագիր եւ տպագիր գրքերին: Ցուցահանդեսի դիտումից հետո մասնակիցները այցելեցին Հենդելի տուն-թանգարան, որտեղ տեղի ունեցավ համերգ հայ եւ գերմանացի երաժիշտների մասնակցությամբ:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play