«Ավտոմատիկա» ՓԲԸ-ն կդառնա 100 տոկոս պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերություն


«Ավտոմատիկա» ՓԲԸ-ն կդառնա 100 տոկոս պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերություն

  • 19-04-2012 17:11:35   | Հայաստան  |  Տնտեսություն
Ապրիլի 19-ի նիստում կառավարությունն իր երկու որոշմամբ փոփոխել եւ լրացրել է նախկինում ընդունած երկու որոշումը, պարզեցրել փոքր եւ միջին գործարարների ձեռնարկատիրական գործունեության ընթացքում որպես գրասենյակ ձեռք բերվող կամ վարձակալվող տարածքների գործընթացը, ինչպես նաեւ վերացրել խնդրո առարկայի վերաբերյալ կառավարության երկու որոշումների մեջ եղած հակասությունը։ Մեկ այլ որոշմամբ նույնպես կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ եւ լրացում, որոնք պայմանավորված են բեռների տարանցման համար նախատեսված ընթացակարգերի պարզեցմամբ, որը կնպաստի բիզնես միջավայրի բարելավմանը եւ Հայաստանի տարանցիկ բեռնափոխադրման ծավալի ավելացմանը։ Ըստ ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, գործադիրն ընդունել է վճարման պետական էլեկտրոնային համակարգի ներդրման եւ գործարկման որոշում, որի համաձայն ՀՀ օրենսդրությամբ պետական տուրքի կամ տեղական տուրքի կամ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից մատուցվող ծառայության համար գանձվող վճարի կամ վարչական տուգանքի ֆիզիկական կամ իրավաբանական անձի վճարման պարտավորությունը համարվում է կատարված նաեւ այն դեպքում, երբ դրա վճարումն իրականացվել է վճարման պետական էլեկտրոնային համակարգի միջոցով։ Վարչապետն անհրաժեշտ է համարել նոր ծառայության առավելությունների մասին քաղաքացիներին տեղեկացնել լրատվամիջոցներով, որպեսզի նրանք կարողանան օգտվել դրանից։ ՀՀ կառավարությունը նոր խմբագրությամբ է շարադրել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկը, որով մինչեւ երեք տարի ժամկետով հետաձգվել էր «Ասկե գրուպ» ԲԲԸ կողմից 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների հաշվարկած ԱԱՀ գումարի վճարման ժամկետը։ Փոփոխությունը թելադրված էր ներմուծվող ապրանքների ցանկի հստակեցման անհրաժեշտությամբ։ Ընկերությունը ներդրումային ծրագրով Չարենցավանում վերապրոֆիլավորում է ձուլման արտադրամասը` ամրանների արտադրություն կազմակերպելու նպատակով։ Յոթ մլրդ դրամի չափով ներդրում կատարելու եւ վերազինումը 2013 թ. ավարտին հասցնելու արդյունքում ձեռնարկությունում կբացվի մոտ 300 նոր աշխատատեղ։ Կառավարությունն իր նիստում ՀՀ պաշտպանության նախարարությանը թույլատրել է «Ավտոմատիկա» ՓԲԸ սեփականատիրոջից ՀՀ անունից գնել ընկերության կանոնադրական կապիտալում նրան պատկանող 20 տոկոս բաժնետոմսերը` 200 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամով, որը վճարվելու է նախարարության արտաբյուջետային միջոցների հաշվին։ Այսպիսով, ընկերությունը դառնում է 100 տոկոս պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերություն եւ կարող է ներգրավվել ռազմարդյունաբերական զարգացման պետական ծրագրերում։ Փոփոխելով եւ լրացնելով իր նախկին որոշումներից մեկը, գործադիրը հստակորեն սահմանել է ՀՀ ոստիկանության կադրերի ռեզերվում գրանցման հիմքերը եւ որոշման առանձին դրույթներ համապատասխանեցրել «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքին։ Մեկ այլ որոշման փոփոխությամբ կլուծվեն ինչպես 2013 թվականի, այնպես էլ հետագա տարիների տարեսկզբին հանրակրթական ծառայությունների մատուցման բնագավառի խնդիրները եւ կբացառվի ուսուցիչների աշխատավարձի վճարման ուշացումը, ՀՀ պետական հանրակրթական հաստատությունների ֆինանսավորումը կիրականացվի սահմանված ժամկետում։
Նոյյան տապան  -   Տնտեսություն