Տարոն Մարգարյան. «Երևանը կփորձի համախմբել ամբողջ աշխարհի գրասեր մարդկանց և մասնագետներին»


Տարոն Մարգարյան. «Երևանը կփորձի համախմբել ամբողջ աշխարհի գրասեր մարդկանց և մասնագետներին»

  • 23-04-2012 17:46:23   | Հայաստան  |  Մշակույթ

<<Երեւան 2012 գրքի համաշխարհային մայրաքաղաք>> ծրագրի բացման առիթով Երեւանի քաղաքապետարանում կազմակերպվել է ընդունելություն <<Երեւան 2012 գրքի համաշխարհային մայրաքաղաք>> ծրագրի բացման առիթով քաղաքապետարանում կազմակերպված ընդունելությանը մասնակցել են Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի տեղակալ Կատալին Բոյարդը, 30 երկրների պատվիրակությունների ներկայացուցիչներ, 50 պատվո հյուրեր եւ պաշտոնատար այլ անձինք: Ողջույնի խոսքում Տարոն Մարգարյանը մասնավորապես նշել է. <<Արվեստասեր հայ ժողովուրդը` ի թիվս մշակութային մի շարք արժեքների, աշխարհում հայտնի է նաեւ իր հնագույն մատյաններով ու գրքերով: Երեւանին էլ այսօր տրվում է Գրքի համաշխարհային մայրաքաղաք տիտղոսը: Շնորհակալություն հայտնելով ՅՈՒՆԵՍԿՕ-ին ընտրության եւ վստահության համար՝ ուզում եմ նշել, որ Երեւանը հստակ գիտակցում է ստանձնածի կարեւորությունը ոչ միայն մեր երկրի, այլեւ ողջ տարածաշրջանային եւ միջազգային նշանակության համատեքստում։ Վստահ եմ, որ 2794-ամյա Երեւանն ունի այն ներուժը, որով կփորձի համախմբել ամբողջ աշխարհի գրասեր մարդկանց եւ մասնագետներին: Իմ կարծիքով սա բացառիկ առիթ է գրքի, գրականության միջոցով խթանելու գիտական, մշակութային, ինչու չէ նաեւ քաղաքական, սոցիալնտնտեսական կյանքի զարգացումը: Սա նաեւ հրաշալի առիթ է մշակութային երկխոսության, հետեւաբար միմիանց ճանաչելու եւ մեկմեկու գնահատելու տեսանկյունից: Միջոցառումների այն ծրագիրը, որ նախատեսել ենք կյանքի կոչել առաջիկա մեկ տարվա ընթացքում բազմաբնույթ են. փառատոններ, կոնֆերանսներ, ցուցահանդեսներ եւ այլն: Համոզված եմ, որ միջոցառումների բազմազանությունը էապես նպաստելու է տպագրական եւ հրատարակչական գործի զարգացմանը>>: Ինչպես հայտնում են Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նաեւ հույս է հայտնել, որ Երեւան ժամանած հյուրերը այս օրերին կհասցնեն վայելել մայրաքաղաքի հիասքանչ գեղեցկությունն ու հմայքը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play