Էդվարդ Նալբանդյան. Հայ ժողովուրդը յուրահատուկ պատմական առնչություններ ունի Վենետիկի հետ


Էդվարդ Նալբանդյան. Հայ ժողովուրդը յուրահատուկ պատմական առնչություններ ունի Վենետիկի հետ

  • 23-04-2012 20:57:05   | Հայաստան  |  Քաղաքական

Ապրիլի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Վենետիկի քաղաքապետ Ջորջո Օրսոնիին, ով Երեւանում է գտնվում «Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» խորագրի միջոցառումներին մասնակցելու նպատակով: Ինչպես «Նոյյան Տապան»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ հայ ժողովուրդը յուրահատուկ պատմական առնչություններ ունի Վենետիկի հետ, ինչը պայմանավորված է Վենետիկում հարուստ հայկական մշակութային ժառանգության առկայությամբ եւ Մխիթարյան միաբանության հարյուրամյակների գործունեությամբ: Հայաստանի ԱԳ նախարարի բնորոշմամբ, անցյալ տարի տեղի ունեցած ՀՀ Նախագահի այցելությունը Վենետիկ նոր էջ բացեց Երեւանի եւ Վենետիկի հարաբերություններում, որոնք այսօր արդեն գործնական իրականացում են ստանում: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ քաղաքապետ Օրսոնին ընդգծեց, որ Վենետիկի իշխանությունները ցանկանում են ընդլայնել Երեւանի հետ համագործակցությունը եւ իր այցը միտված է նաեւ փոխգործակցության զարգացմանը: Զրուցակիցները քննարկեցին մշակութային եւ զբոսաշրջության բնագավառում փոխգործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաեւ անդրադարձան փոքր եւ միջին ձեռնարկատիրության Վենետիկի փորձը Հայաստանում կիրառելու հեռանկարին: Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց քաղաքապետ Օրսոնիին 1998 թ. Վենետիկի քաղաքային խորհրդի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման համար:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play