Հայերը միլիարդավոր դոլարների հայց են ներկայացնում ընդդեմ Թուրքիայի


Հայերը միլիարդավոր դոլարների հայց են ներկայացնում ընդդեմ Թուրքիայի

  • 08-08-2010 23:00:00   | ԱՄՆ  |  Վերլուծություն
Տասնամյակներ շարունակ Հայոց ցեղասպանության ճանաչման համար մղված պայքարից եւ արեւմտյան բանկերի ու ապահովագրական ընկերությունների դեմ դատական գործեր հարուցելուց հետո, ամերիկահայերն անցյալ շաբաթ իրենց առաջին դատական հայցը ներկայացրին ընդդեմ Թուրքիայի Հանրապետության` միլիարդավոր դոլարների փոխհատուցում պահանջելով 1915-23 թթ. Հայոց ցեղասպանության հետեւանքով բռնագրավված սեփականության, գույքի եւ կրած վնասների դիմաց: Հայցն ուղղված է նաեւ Թուրքիայի Կենտրոնական բանկի եւ Ziraat բանկի դեմ՝ որպես թուրքական կառավարության ֆինանսական լծակների: Այս բանկերը, ինչպես նաեւ կառավարության սեփականություն հանդիսացող Թուրքական ավիաուղիների (Turkish Airlines) եւ զբոսաշրջության գրասենյակը մասնաճյուղեր ունեն Միացյալ Նահանգներում, որը սույն հայցով նրանց ամերիկյան արդարադատության սուբյեկտ է դարձնում: Այս դատական գործում հաջողություն ունենալու դեպքում, հայցվորների փաստաբանները կարող են Միացյալ Նահանգներում գտնվող թուրքական կառավարության ակտիվների վրա կալանք դնելու պահանջ ներկայացնել: Փաստաբաններ Պերճ Բոյաջյանը, Մարկ Կիրակոսը, Արա Ջաբակչուրյանը եւ Բրայան Կաբատեկը, միլիարդավոր դոլարների խմբային հայցով ԱՄՆ Դաշնային դատարան են դիմել Կարպիս Դավոյանի (Լոս Անջելես), Հրայր Թուրաբյանի (Նյու Յորք) եւ բազմաթիվ հայերի անունից, որոնց նախնիները սեփականություն են ունեցել Թուրքիայում: Դավոյանի եւ Թուրաբյանի պապերը սեփական հողատարածքներ են ունեցել Այնթափի եւ Ադանայի մոտակայքում: Հայցով մեղադրանք է ներկայացվում Թուրքիայի Հանրապետությանն ու նրա նախորդին` Ցեղասպանության ժամանակ արտաքսված ու բնաջնջված հարյուր հազարավոր հայերին պատկանող անշարժ եւ շարժական գույքը` ձեռնարկություններ, շենքեր, հողատարածքներ, բանկային ավանդներ եւ թուրքական թանգարաններում պահվող կրոնական թանկարժեք արվեստի գործեր բռնագրավելու, վաճառելու եւ դրանցից եկամուտ ստանալու համար: Մասնավորապես, այս հայցով պահանջվում է վերադարձնել այն գումարները, որոնք ապօրինի յուրացվել եւ ի պահ են տրվել թուրքական Գանձարանին, պետական կառավարման մարմիններին եւ Թուրքիայի պետությանն առընթեր այլ կազմակերպություններին: Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում եւ դրանից հետո, Թուրքիան մի շարք օրենքներ ընդունեց` հայերի կողմից իբրեւ թե «լքված» գույքի կառավարումը կանոնակարգելու համար: Թուրքական կառավարությունը վարձավճարներ եւ եկամուտներ է ստացել այդ գույքից եւ իսկական տերերի անունով այն ի պահ հանձնել իր Գանձարան` հետագայում հայերին վերադարձնելու համար: Սակայն դրա փոխարեն, կառավարությունը յուրացրել եւ եկամուտ է ստացել այդ գույքից: Հայցվորները Թուրքիայի Հանրապետությանը մեղադրում են «բռնի տեղահանության, բռնագրավման ու բնաջնջման, ռազմական հանցագործության, մարդկության դեմ հանցագործության, խաղաղության դեմ հանցագործության, խոշտանգումների, բռնության, սովի, ֆիզիկական եւ մտավոր բռնության, առանց դատավարության մահապատժի եւ ցեղասպանության կանխամտածված ծրագրին աջակցելու» օժանդակության եւ մասնակցության համար: Անցյալ շաբաթ, այս դատական հայցի մասին ցնցող լուրը հայտնվեց թուրքական թերթերի առաջին էջերում՝ մեծ հուզումներ առաջացնելով երկրում: Անկախ դատական գործի արդյունքներից, թուրքական իշխանությունները քաջ գիտակցում են, որ այս դատը պիտի նպաստի ցեղասպանությունից բխող հայկական պահանջների աշխարհով մեկ բացահայտմանը: Հաշվի առնելով բոլոր հայկական հարցերի նկատմամբ թուրքական ավանդական հակազդեցությունը, չի բացառվում, որ Թուրքիայի ղեկավարները` զայրույթով բռնված հետ կանչեն իրենց ստորագրությունն արդեն իսկ սառեցված հայ-թուրքական արձանագրություններից: Միաժամանակ, Անկարան կարող է հրաժարվել հայկական սփյուռքի որոշ տարրերի սիրաշահելու անհաջող փորձերից: Պատկերացրեք, թե ինչպիսի ցասման մեջ են ընկնելու թուրքական իշխանությունները, երբ հայերը պահանջեն վերադարձնել Թուրքիայի նախագահական պալատն Անկարայում, որը գտնվում է Ղասաբյանների ընտանիքից բռնագրավված հողերի վրա: Ավելին, «Ինջիրլիկ» ավիաբազան, Ադանայի մոտ գտնվող թուրք-ամերիկյան համատեղ ռազմական օբյեկտը կառուցվել է նախկին հայկական գյուղի տարածքում: Հայերը կարող են դատի տալ ինչպես Թուրքիայի, այնպես էլ Միացյալ Նահանգների կառավարություններին` հայ գյուղացիներից բռնագրավված գույքի շահագործումից օգուտ ստանալու համար: Անցյալ շաբաթվա դատական հայցը վաղուց սպասված քայլ էր՝ Թուրքիայից հայոց պահանջատիրությանը հետամուտ լինելու եւ Հայոց ցեղասպանության զոհերի համար արդարության հասնելու ճանապարհին: Այժմ հայերը պետք է իրենց բոլոր ջանքերը կենտրոնացնեն Ցեղասպանության ընթացքում կրած վնասների արդար փոխհատուցման կամ վերադարձնելու վրա: Նման հայցերով պետք է դիմել նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, քանի որ Թուրքիան որպես Եվրոպայի խորհրդի անդամ, պարտավոր է հաշվի առնել այդ դատարանի դատավճիռը: Շատ ցանկալի կլիներ, որ Հայ փաստաբանների միությունը կամ համանման մի կառույց համակարգեր այսպիսի դատական հայցերը եւ անհրաժեշտ խորհրդատվություն ու միջոցներ տրամադրեր հետագա հայցերի ներկայացման համար: Շատ կարեւոր է նման գործողությունների համակարգումը Հայաստանի կառավարության հետ` անկախ այն հանգամանքից, նա պաշտոնապես կմիանա այս հայցին, թե ոչ: Սփյուռքի միասնական կառույցը, որն առաջարկել էի իմ նախորդ հոդվածներից մեկում, լիովին կարող էր որպես համակարգող մարմին ծառայել համահայկական հարցերին վերաբերող դատական հայցերի համար: Այսպիսի հայցերը պետք է ներկայացնել առանձնահուկ հոգածությամբ, նախապատրաստությամբ եւ արհեստավարժությամբ, քանզի դրանք մեծ հետեւանքներ կունենան ամբողջ հայ ժողովրդի համար: Եթե այս դատական հայցերից որեւէ մեկը, ընթացակարգային խնդիրների պատճառով հաջողության չհասնի, թուրքական կառավարությունն արագորեն կհայտարարի հաղթանակի մասին` խեղաթյուրելով դատարանի որոշումը: Ավելորդ է նշել, որ օտարերկրյա կառավարություններին առնչվող նման քաղաքական նուրբ դատական գործեր վարելիս, պետք է ակնկալել, որ դատավորները կհայտնվեն թե Անկարայի, եւ թե Վաշինգտոնի հզոր ճնշման տակ: Գրեթե մեկ դար Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարող հայ ժողովուրդը հիմա ոչ մի ջանք չպետք է խնայի իր վիթխարի կորուստները փոխհատուցելու եւ պատմական իրավունքները վերականգնելու համար, օգտագործելով իրավական բոլոր միջոցները՝ Միացյալ Նահանգների դաշնային դատարաններում, տարբեր երկրների, այդ թվում` Թուրքիայի դատարաններում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում եւ Միջազգային դատարանում: Արդարության ուշացումը, արդարության վիժումն է:   Հարութ Սասունյան «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր 5.08.2010 Թարգմ.՝ Ռ.Ավագյանի
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play