Հայոց ցեղասպանության փաստի միջազգային ճանաչման դեմ պայքարը կարեւոր տեղ է զբաղեցնում Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ


Հայոց ցեղասպանության փաստի միջազգային ճանաչման դեմ պայքարը կարեւոր տեղ է զբաղեցնում Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ

  • 14-05-2012 16:36:36   | Թուրքիա  |  Վերլուծություն

Ինչպես հայտնի է, Հայոց ցեղասպանության փաստի միջազգային ճանաչման դեմ պայքարը կարեւոր տեղ է զբաղեցնում Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ: 2015-ին ընդառաջ Թուրքիան մոբիլիզացնում է իր հին մեթոդները եւ դրանց հավելում նորերն ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքականության ասպարեզում: Մասնավորապես, ահռելի ֆինանսական ռեսուրսներ են ներդրվում Հայոց ցեղասպանության փաստը ժխտող հակագիտական գրականության տպագրության, թարգմանության եւ տարածման գործում: Թուրքական «գիտական միտքը» փորձում է նոր «անվիճարկելի» փաստեր գցել շրջանառության մեջ: Օրինակ, վերջերս հայտարարվեց, թե Հայոց ցեղասպանության փաստը հերքելու համար հայտնաբերվել են լուրջ տվյալներ` կապված Մալթայի դատավարության հետ: Ըստ անգլո-ամերիկյան մի փաստաթղթի, Մալթայում պահվող եւ Հայոց ցեղասպանության համար պատասխանատու օսմանյան պաշտոնյաներն ազատ են արձակվել, քանի որ «նրանց դեմ ոչ մի ապացույց հնարավոր չի եղել գտնել»: Այն, որ թուրք գիտնականների կողմից այս «հայտնագործությունը» թուրքական իշխանություններին ներկայացվել է որպես լուրջ փաստարկ, ապացուցում է նաեւ այն հանգամանքը, որ Թուրքիայի` Եվրամիության հետ գլխավոր բանակցող եւ նախարար Էգեմեն Բաղըշը վերջերս այցելել է Մալթա եւ հայտարարել. «1915-ի դեպքերի հետ կապված Թուրքիան հենց Մալթայի դատավարությունների ժամանակ է արդարացվել: Դատարանը 1915-ին տեղի ունեցած դեպքերի համար ձերբակալված օսմանյան պաշտոնյաներին արդարացրել է: Եվ այդ որոշումն ընդունողը անգլիացի դատավոր է»: Նաեւ հայտարարվում է, որ այս «լուրջ հայտնագործությունը» Թուրքիան օգտագործելու է միջազգային հարթակներում` որպես փաստարկ առ այն, որ «հայերի ցեղասպանություն իրականում տեղի չի ունեցել»: Նկատենք, որ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո ձերբակալվել էին Հայոց ցեղասպանությունը կազմակերպած, իրականացրած եւ մեղսակցություն ունեցած օսմանյան բազմաթիվ պաշտոնյաներ, որոնց մի մասին հետագայում տեղափոխել են Մալթա: Ավելի ուշ, քեմալական շարժման ծավալման հետեւանքով փոխվում է իրավիճակը, եւ Մալթայի աքսորյալ հանցագործները դառնում են Անգլիայի ու քեմալական իշխանությունների միջեւ ընթացող քաղաքական առեւտրի առարկա. առավել կոնկրետ` տեղի է ունենում անգլիացի եւ թուրք գերիների փոխանակում: Այդ հանցագործներից շատերը, վերադառնալով Թուրքիա, բարձր պաշտոններ են ստանում` դառնալով պատգամավոր, նախարար, մարզպետ եւ այլն: Բազմաթիվ են փաստերը, որոնք ապացուցում են, որ նրանք ազատ են արձակվել ոչ թե իրավական, այլ քաղաքական իրավիճակի փոփոխության հետեւանքով, իսկ անգլիական դիվանագիտությանը բնորոշ ձեռագիրը եւ մտածելակերպը արտացոլված են անգլիացի բարձրաստիճան մի դիվանագետի զեկույցում, որտեղ խոսելով ազատ արձակված թուրքերի մասին` նա նշում է. «Այդ մարդկանց մասին ինչքան քիչ բան խոսենք, այնքան լավ, բայց ես հնարավորինս փորձեցի հստակ պարզաբանում ներկայացնել այս նուրբ թեմայի շուրջ, թե արդյոք ինչու Մալթայում գտնվող թուրք աքսորյալներին բաց թողեցինք: Կարծում եմ, որ բոլորն էլ ինձ նման կվարվեին: Խորհրդարանի անդամները համոզված էին, որ մեկ անգլիացի գերին թուրքերով լի մի նավի արժեք ունի: Փոխանակումն էլ այս պատճառով իրականացվեց»: Թուրքական վերլուծական շրջանակները եւս ակտիվորեն ներգրավված են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ պայքարում, եւ նրանց գործունեությունն ու վերլուծությունները, բնականաբար, համահունչ են պետական քաղաքականությանը: Օրինակ` Եվրասիական անվտանգության եւ ստրատեգիական հետազոտությունների կենտրոնի նախագահ Հաթեմ Ջաբարլըն մտահոգություն է հայտնում, որ թուրքական մամուլում աստիճանաբար ավելի շատ է խոսվում Հայոց ցեղասպանության մասին, եւ լրագրողների մեջ հայտնվում են անձինք, ովքեր պաշտպանում են հայկական տեսակետները եւ Թուրքիայից պահանջում ներողություն խնդրել: Որպես թարմ օրինակ հիշատակվում է թուրքական «Ռադիկալ» թերթի հոդվածագիր Օրհան Ջենգիզը: Ջաբարլըն իր վերլուծությունն ավարտում է Թուրքիայի համար հոռետեսական եզրահանգումներով եւ նշում. «Թուրքական մամուլում նմանատիպ տեսակետների տեղ գտնելու փաստը պետք է համարել հայկական քարոզչության լուրջ հաջողություն»: 2015-ին պատրաստվելու համատեքստում Թուրքիան հայտարարում է, որ իրենց թիվ մեկ թշնամին հայկական սփյուռքն է, որի դեմ պայքարում ներգրավված է նաեւ ադրբեջանական պետությունը: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ հայկական սփյուռքի դեմ պայքարում փորձ է կատարվում ձեւավորել մի նոր ուժ` ի դեմս թուրք-ադրբեջանական լոբբիի, որը հատկապես ակտիվ գործում է Եվրոպայում եւ ԱՄՆ-ում: Օրինակ` ԱՄՆ-ում կա «Երիտթուրքեր» շատ խորհրդանշական անունը կրող մի կառույց, որը միջոցառումներ է կազմակերպում «ընդդեմ հայկական ստերի», «ԱՍԱԼԱ-ի կողմից սպանված թուրք դիվանագետների հիշատակման», «Խոջալուի դեպքերի» թեմաներով: Սակայն այս հարցում ակնհայտ են նաեւ պանթյուրքիստական շեշտադրումները. «Երիտթուրքերը» նշում են, որ իրենց պայքարին են միանում ոչ միայն ամերիկաբնակ ադրբեջանցիները, այլեւ` ուզբեկները, թուրքմենները, ույղուրները եւ այլ թյուրքական ժողովուրդներ: Այս ամենին զուգահեռ, Թուրքիան կիրառում է նաեւ որոշ քողարկված մեթոդներ: Դեռեւս մի քանի տարի առաջ արտաքին գործերի նախարար Դավութօղլուն թուրք դիվանագետներին հանձնարարել էր հայկական համայնքներում գտնել «երկխոսության» կողմնակից հատվածներ եւ ակտիվորեն աշխատել նրանց ուղղությամբ: Պետք է ասել, որ Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման դեմ պայքարում թուրքական քաղաքական համակարգում ներկայացված գրեթե բոլոր ազդեցիկ կուսակցությունները, անկախ իրենց գաղափարախոսական կողմնորոշումներից, միասնական են: Իհարկե, ժխտողական քաղաքականության եւ կեղծիքի մեծ մասն իրականացնում է իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցությունը, սակայն ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական եւ Ազգայնական շարժում կուսակցությունները փորձում են հետ չմնալ: Այսպես, Ժողովրդա-հանրապետական կուսակցության կառավարման խորհրդի վերջին նիստում, կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի նախագահությամբ, որոշում է ընդունվել թուրք պաշտոնաթող դիվանագետ եւ պատգամավոր Շուքրու Էլեքդաղից, որը հայտնի կեղծարարներից մեկն է, պահանջել «հայկական պնդումների» հետ կապված մի զեկույց եւ առաջարկներ, թե ինչ պետք է արվի դրանց դեմ: Կուսակցությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որ նախաձեռնում է լայնածավալ աշխատանքներ Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ: Ազգայնական շարժում կուսակցության նախագահ Դեւլեթ Բահչելին էլ, օրերս ելույթ ունենալով Ֆրանսիայում, խիստ քննադատության է ենթարկել Սենատի հայտնի որոշումը եւ սպառնալիքներ տեղացել հայկական սփյուռքի հասցեին: Միեւնույն ժամանակ, նա կոչ է արել թուրքերին միասնական պայքար մղել «հայկական պնդումների դեմ»: Այս ամենին զուգահեռ, թուրքական իշխանությունն իր ազգայնամոլական կեցվածքը փորձում է նաեւ համատեղել, իբրեւ թե, ժողովրդավար քայլերի ու հայտարարությունների հետ, ինչը, միանշանակ, պետք է բնորոշել որպես իմիտացիա: Թուրք բարձրաստճան պաշտոնյաներն իրենց քայլերը տեղավորում են «ընդհանուր ցավի», «երկուստեք կորուստների» սնանկ թեզի համատեքստում: Այսպես, վարչապետ Էրդողանը վերջերս այցելելով գրքի տոնավաճառ` լրագրողների ներկայությամբ գնել է թուրք լրագրող Թահա Աքյոլի հեղինակած «Հայեր եւ թուրքեր. ընդհանուր ցավ» վերնագրով գիրքը` ցույց տալով, իբրեւ թե, իր հետաքրքրվածությունը թեմայով: Առավել ուշագրավ է այն, որ Թուրքիայի Ազգային ժողովի նախագահ Ջեմիլ Չիչեքը օրերս մասնակցել է Թուրքիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կազմակերպած սիմպոզիումին, որը կրել է «Ցավերը կիսելու եւ վերքերը դարմանելու համար առաջին քայլ» խորագիրը: Ավելին, ելույթ ունենալով այդ սիմպոզիումում` Չիչեքը հայտարարել է. «Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Անատոլիայում տեղի է ունեցել աքսոր, ինչի հետեւանքով հայերին, որոնց հետ դարերով կողք կողքի ապրել ենք, պարտադրվել է լքել իրենց հայրենիքը: Մենք ունենք ընդհանուր ցավեր, նախ եւ առաջ պետք է դրանք ընդունենք»: Փաստորեն` ապրիլի 24-ի նախօրյակին «301-րդ Ջեմիլը» փորձում է հանդուրժող եվրոպական պաշտոնյայի դիմակ կրել: Նկատենք, որ Թուրքիայում թեեւ հասարակական շարժումների զգալի մասն ուղղորդվում է պետության կողմից, սակայն, այնուամենայնիվ, կան նաեւ համարձակ նախաձեռնություններ: Դրանց շարքում կարելի է առանձնացնել Մարդու իրավունքների կազմակերպությունը եւ «Ռասիզմին ու ազգայնամոլությանը ասա կանգնիր» նախաձեռնությունը, որոնք հերթական անգամ ապրիլի 24-ին կազմակերպեցին Ցեղասպանության զոհերի հիշատակությանը նվիրված միջոցառումներ: Ստամբուլի Թաքսիմ հրապարակում անցկացված միջոցառման ժամանակ որպես ազգայնամոլության զոհ է հիշատակվել անցյալ տարի ապրիլի 24-ին զորամասում սպանված հայազգի զինծառայող Սեւակ Բալըքչըն: Կազմակերպիչներն իրենց գնահատականները եւ դիրքորոշումը ներկայացնող երկու նամակ են հղել Ամենայն Հայոց եւ Կիլիկիո կաթողիկոսներին: Հետաքրքիր է, որ զոհերի հիշատակի միջոցառման համար Մարդու իրավունքների կազմակերպությունը խորհրդանշական վայր է ընտրել` Ստամբուլի Թուրք իսլամական ստեղծագործությունների թանգարանի շենքը, որը 1915-ին ծառայել է որպես հայ աքսորյալների բանտ: Այս միջոցառումների կարեւոր առանձնահատկությունն այն է, որ ի տարբերություն, օրինակ` թուրք մտավորականների կազմակերպած «Ներողություն ենք խնդրում հայերից» ստորագրահավաքի, կիրառվում է Հայոց ցեղասպանություն եզրը: Պետք է արձանագրենք, որ թուրքական հասարակության մեջ հետզհետե ավելի են շատանում մարդիկ, ովքեր կարծում են, թե ավելի ճիշտ կլինի, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ներողություն խնդրի եւ դրանով ձերբազատվի իր իսկ քաղաքականության պատանդը լինելուց: Հարկ է դիտարկել նաեւ, որ այդ մարդիկ իրենց կարծիքն առավելապես բխեցնում են ոչ այնքան հայանպաստ դիրքերից, որքան Թուրքիայի շահերից ելնելով: Միեւնույն ժամանակ, կարեւոր է նկատել, որ իրենց պատմության հետ առերեսվելու պատրաստ թուրքերի եւ քրդերի թիվը չափազանց փոքր է Թուրքիայում. վերը նշված «Ռասիզմին ու ազգայնամոլությանը ասա կանգնիր» նախաձեռնության կազմակերպիչներն անգամ կարծում են, որ իրենց նման փոքրաթիվ ձախակողմյա ուժերով միայն հասարակական կարծիքը Թուրքիայում չի կարող փոխվել: Ամփոփելով` նշենք, որ Հայոց ցեղասպանության ժխտման թուրքական քաղաքականությունը, մի կողմից, հանդիպում է որոշակի բարդությունների, իսկ մյուս կողմից` մշակում է ավելի քողարկված մեթոդներ, իր պայքարում ներառում է այլ ուժերի, ինչը պատմական ճշմարտության միջազգային ճանաչման ճանապարհին լրացուցիչ բարդություններ է ստեղծում Հայաստանի եւ հայության համար: Ռուբեն Մելքոնյան «Նորավանք» ՀԿ
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play